Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Իշխան Բարսեղյանը` նախագահող դատավորին. «Ես ձեր կոլեգան եմ, անմարդկային վերաբերմունք մի՛ դրսևորեք»



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը շարունակվեց լարված մթնոլորտում: Հիշեցնենք, որ այսօր նիստի մեկնարկին Բարսեղյանի և նախագահող դատավորի միջև վիճաբանությունից հետո Բարսեղյանը հայտնել էր, որ իրեն լավ չի զգում ու պահանջել շտապօգնություն հրավիրել: Քիչ անց շտապօգնություն էր եկել դատարան:

Դրանից հետո դատական նիստը վերսկսվեց, Իշխան Բարսեղյանը հայտնեց, որ թեև իրեն այնքան էլ լավ չի զգում, բայց նիստին կմասնակցի:

Բարսեղյանն այսօր երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն էր ցանկանում ներկայացնել դատավոր Վաչե Մարգարյանին, վերջինս թույլ չտվեց:

Դատավորը նշում էր, որ գործը գտնվում է դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ներկայացնելու փուլում, և առաջարկում էր նման բովանդակությամբ միջնորդություններ ներկայացնել, իսկ Իշխան Բարսեղյանն ու վերջինիս պաշտպանները պնդում էին, որ իրենք ցանկացած փուլում ինքնաբացարկ հայտնելու իրավունք ունեն:

«Պարո՛ն Մարգարյան, ես հորդորում եմ Ձեզ, խնդրում եմ Ձեզ ապօրինություն թույլ մի՛ տվեք, թո՛ւյլ տվեք աշխատել, մարդ Աստծո»,- դատավորին դիմելով` ասում էր Բարսեղյանն ու երբեմն տեղից առաջ շարժվում, իսկ դատավոր Վաչե Մարգարյանը նրան հորդորում էր նստել տեղում:

Դատական նիստերի դահլիճում երկու դատավորները՝ նախագահողն ու ամբաստանյալը, առանց միմյանց լսելու, հայտնում էին իրենց դիրքորոշումներն ու միմյանց հորդորում օրենք ու կարգ չխախտել, ապա Իշխան Բարսեղյանը փորձեց նախագահողին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն հայտնել այն հիմքով, որ վերջինս իրեն զրկում է միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:

«Մի՛ արեք ապօրինություն, հարգելի՛ Մարգարյան, այս ի՞նչ ես անում, դու հասկանո՞ւմ ես, որ իմ, իմ երեխաների ճակատագրի հարցն ես լուծում, մի՛ արա այդ բանը»,- շարունակում էր բղավել Բարսեղյանը, որից հետո Մարգարյանը Բարսեղյանի նկատմամբ նկատողության տեսքով դատական սանկցիա կիրառեց:

«Բարսեղյան, լսե՛ք»,- ամբաստանյալ դատավորին դիմելով` ասաց նախագահողը:

«Չեմ լսում, օրենքով աշխատե՛ք. դա Ձեզ խնդրում է մի մարդ, ով 20 տարի այդ աթոռին է նստել: Ես Ձեր կոլեգան եմ, անմարդկային վերաբերմունք մի՛ դրսևորեք, կանխակալ վերաբերմունք մի՛ դրսևորեք»,-դատավորին պատասխանեց Իշխան Բարսեղյանը:

Դատարանում իրավիճակը ոչ մի կերպ չէր հանդարտվում. Վաչե Մարգարյանը նորից նկատողության տեսքով սանկցիա կիրառեց նրա նկատմամբ և հինգ րոպե ընդմիջում հայտարարեց` կարգադրելով, որ Բարսեղյանին խուց տեղափոխեն:

Բարսեղյանն անդրդվելի էր. վերսկսված նիստին դարձյալ ցանկանում էր ինքնամիջնորդություն ներկայացնել, և դատավորը դարձյալ թույլ չտվեց:

Բարսեղյանը Մարգարյանին խնդրեց պարզաբանել, թե ե՞րբ կարող է ներկայացնել միջնորդությունը, սակայն Մարգարյանը նշեց, որ հարցերին պատասխանելու պարտավորություն չունի: Այս անգամ դատավորների միջև վիճաբանությունն ավարտվեց Բարսեղյանին դահլիճից հեռացնելով:

Այն բանից հետո, երբ դատավոր Վաչե Մարգարյանը որոշում կայացրեց հեռացնել Բարսեղյանին, վերջինս պաշտպաններից պահանջեց, որպեսզի նրանք ևս հեռանան:

Ընդմիջումից հետո պաշտպանները հայտնեցին, որ թեև Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ առանց իր ներկայության պաշտպանները դահլիճում չմնան, վերջինս չի հայտնել նրանցից հրաժարվելու մասին, ուստի ժամանակ խնդրեցին Բարսեղյանի հետ խորհրդակցելու համար` խնդրելով հետաձգել այսօրվա նիստը:

Դատավորն արձանագրեց, որ Բարեղյանը չի հրաժարվել իր պաշտպաններից, բայց չի էլ լիազորել նրանց` իրականացնել իր պաշտպանությունը, ստեղծված իրավիճակը գնահատեց որպես Բարսեղյանի կողմից  դատական նիստերն անհարկի ձգձգելու միտում ու որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին` այս գործով հանրային պաշտպան ներգրավելու համար:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Նա ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ