HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Լրագրողների աշխատանքի սահմանափակումներ՝ Վանաձորում լրագրողի աշխատանքի խոչընդոտման գործով դատական նիստին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր  «Լոռի TV» ՍՊԸ տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու գործով առաջին դատական նիստը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել «Շին պլուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Ռոբերտի Նազարյանին այն բանի համար, որ նա 2017թ.- ի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ներկա գտնվելով Վանաձոր քաղաքում իր ընկերության աշխատակիցների կողմից կատարվող ասֆալտապատման աշխատանքներին, «Լոռի TV» ՍՊԸ տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի կողմից որպես լրագրող ներկայանալուց և կատարվող աշխատանքները նկարահանելուց հետո թույլ չի տվել, որ վերջինս իրականացնի իր մասնագիտական աշխատանքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տ. Նազարյանը բռնել է Նարինե Ավետիսյանի ձեռքերից, վերցրել տեսանկարահանող սարքը, արգելել նրան տեսանկարահանումներ կատարել, ջնջել կատարած լուսանկարները և բջջային հեռախոսը վերադարձրել Նարինե Ավետիսյանին: Ավելի ուշ «Նարինե Ավետիսյանի կողմից բջջային հեռախոսով կրկին տեսանկարահանումներ կատարելու ընթացքում մոտեցել է նրան և քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով Ն.Ավետիսյանը վայր է ընկել: Նույն ժամանակ Վրեժ Խաչատրյանը մոտեցել է ընկած վիճակում գտնվող Նարինե Ավետիսյանին և նրա կամքին հակառակ վերցրել բջջային հեռախոսը»:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Տիգրան Նազարյանն իր հիշյալ գործողություններով խոչընդոտել է լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը՝ թույլ չտալով լուսաբանել ասֆալտապատման աշխատանքների ընթացքը:

Թե՛ Տիգրան Նազարյանին, թե՛ Վրեժ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Այն է «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:

Այսօր նշանակված դատական նիստին ամբաստանյալներն ու նրանց պաշտպանը՝ Գարիկ Գալիկյանը, ներկայացան ուշացումով:

Գործով դատական նիստը նախագահում էր դատավոր  Լուսինե Աբգարյանը: Տեղեկանալով, որ դատական նիստը լուսաբանելու նպատակով դահլիճում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան, դատավորը հարցով դիմեց կողմերին՝ համաձա՞յն են, որ դատական նիստը տեսանկարահանվի: Ամբաստանյալներն ու նրանց  պաշտպանը դեմ էին, որ լրագրողներն իրենց տեսալուսանկարահանեն:

Դատավորն ի սկզբանե սահմանափակումներ դրեց լրագրողների առաջ՝ արգելելով տեսանկարահանել ամբաստանյալներին ու նրանց պաշտպանին, իսկ դատական նիստից թույլ տվեց տեսանկարահանում իրականացնել միայն առաջին 5 րոպեների ընթացքում:

«Խնդրում եմ՝ հարգե՛ք մարդու իրավունքն ու նկարե՛ք այն անձանց, ովքեր համաձայն են»,- նշեց նա:

«Սա բաց դատական նիստ է, այստեղ հանրային տարածք է, և այստեղ անձնական գաղտնիքի խնդիր չի կարող լինել: Սա հանրային, հրապարակային դատական նիստ է»,-նկատեց մեղադրող կողմի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Դատավորի դիտարկմանը, թե հարցը վերաբերում է անձնական անձեռնմխելիության իրավունքին, Ա. Սաքունցը արձագանքեց դատավորի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter