HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հարավային ավտոստոպ

Ծովինարի հետ որոշել էինք դեպի Հայաստանի հյուսիս ավտոստոպել, ավելի ճիշտ՝ Լոռու մարզ, ավելի կոնկրետ՝ Արամյանցի ամառանոց, բայց առավոտյան արթնացանք թարս՝ հարավ գնացող ոտքով, արդյունքում հայտնվեցինք Վայոց ձորի, հետո Սյունիքի մարզերում։ Քանի որ ոչ թղթե, ոչ էլ մտքում քարտեզ չունեինք, ավտոստոպը երկրորդ օրը վերածվեց արշավի Որոտանի կիրճով, որտեղ սկզբի մի քանի կիլոմետրը մարդ չկար, հետո ամեն հարյուր մետրը մեկ սուրճի հրավերներ էին տեղում. կերանք ամենահամեղ բիսկվիթային գաթան, հետո՝ ամենահամեղ հարյուր դրամանոց քիմիական մակարոնը, ճամփորդական ներքնակով պաշտպանվեցինք խարույկի ծվենների «հարձակումից»։ Երկու անգամ Գորիսի միջով անցանք, մեկ անգամ ես երկու ժամով իսպանախոս հայ դարձա, մեկ անգամ մթության մեջ ընկա փոսը, ճանապարհի վրայի խանութում անվճար տնական օղի ու թթու տվեցին, նստեցինք ամենաբարի իրանցի բեռնատարի վարորդի մեքենան, որի բարձր պատուհաններից ամպերն ափի մեջ էին թվում։

Ոչ ձանձրալի դիզայնով գազալցակայան «հյուսիս-հարավ» ավտոմայրուղու վրա։

Արարատյան դաշտ։

Երասխավան։ Ինֆորմատիվ։

Երասխավանից Ռինդ ճանապարհին մեզ վերցրեց Արտակը, ով պատմում էր, որ Վայոց ձորի ու Զանգեզուրի ամեն քարի տակ մի պատմություն կա, ու հերթով պատմում էր դրանք։

Արտակի տղան՝ Միրոն։ Մի քանի ամիս է՝ Միրոն կարատեի է գնում։

Հաջորդ մեքենայում ծանոթ արշավականներ էին։

Ֆոտոապացույց. ահագին շատ էին այդ արշավականները։

Նրանք դեպի Արցախ էին գնում, համարյա գայթակղեց այդ գաղափարը։ 

Գորիսում դոշակները վիտամինի իրենց չափաբաժինն են ստանում արևի տակ։

Երեխաները մեզ ողջունում էին անգլերենով, ռուսերենով, նույնիսկ երբ նրանց հայերեն էինք պատասխանում։

Նախաճաշին սպասելիս։

Կռահեք՝ ո՞րն է «ուժեղ» սեռի ուսապարկը։

Գորիսից հետո ավտոստոպը վերածվեց քայլարշավի դեպի Որոտանի կիրճ։

Արթուրն ու իր տղան՝ Սարոն. մեզ կրակի վրա պատրաստած սուրճ հյուրասիրեցին։

Ինքնաշեն էլեկտրակայան։

Տատիկն իր գործը թողեց, եկավ հարցնելու՝ ոնց ենք, հո սոված չենք, քնելու տեղ ունե՞նք։

Մողեսը դուրս էր եկել արևային լոգանքի։

Ամենահարմար փոխադրամիջոցը ձորում։

Լիանային անհամար լուսանկարում էինք, պոկ գալ չէր լինում։ Նրանք ընտանիքով տարվա զգալի մասը ձորի տնակում են անցկացնում, 8 քույր ու եղբայր են, այդ պահին փոքր եղբայրն էլ էր տանը, բայց անընդհատ փախչում էր, երբ օբյեկտիվը վրան էր հայտնվում. Ծնողներն ասացին, որ դեռ ոչ ոք չի կարողացել նրան համոզել լուսանկարվել։

Ցակատը բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական գործիք է։

Լիանան մեզ ցույց տվեց դեպի Հին Շինուհայր տանող կարճ ճանապարհը։

Հին Շինուհայրի բնակիչներին Խորհրդային տարիներին տեղափոխել են Նոր Շինուհայր, բայց մինչև հիմա գյուղացիները խնամքով են վերաբերվում իրենց ծննդավայրին, ամենուր մաքուր էր՝ վրան խփելու իսկական տեղ։

Շատ զվարճալի էր ճամփորդական ներքնակով խարույկից թռչող տաքացած քարերից պաշտպանվելը։

Հին Շինուհայրն առավոտյան։

Դեպի Նոր Շինուհայր, դեպի նախաճաշ։

Հորիզոնական ուղիղ գծով մառախուղը Որոտանի կիրճի վրա։

Պետք է գյուղ հասնել՝ նախաճաշելու, բայց ճանապարհից բացվող տեսարանները շտապել չեն թողնում։

Հին Խոտը։

Նոր Շինուհայրում ենք։

Դեպի Գորիս։

Ճամփորդությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար մտքներովս անցավ, որ երբ հաջորդ անգամ մեզ անգլերեն ողջունեն, մեկնումեկս կձևացնի, թե արտասահմանցի է։

Գորիսի բանկոմատները նախատեսված չեն ուսապարկով մարդկանց համար։

Գորիսից դուրս գալուց մի տան բակից մեզ անգլերեն ողջունեցին։ Չհասցրեցինք որոշել, թե ով է արտասահմանցի խաղալու. արդյունքում ես իսպանահայ դարձա, ով հայերեն երկու-երեք բառ գիտի, չնայած որ այդ դերն ավելի լավ Ծովինարին կսազեր. նա գոնե իսպաներեն խոսում է։ Մեր կատակը երկար ձգվեց, քանի որ ողջունելուց հետո կանչեցին տուն՝ սուրճ խմելու, որը վերածվեց ընթրիքի՝ տնական օղիով։ Հուսով եմ՝ ոչ ոք չի նեղանա, երբ մեր փոքրիկ գաղտնիքը բացահայտվի։ Հրաշալի երեկո էր հրաշալի ընտանիքում։

Գորիսից հետո մտածում էինք դեպի Կապան գնալ, բայց արդեն մթնել էր, մեքենաները քիչ էին, որոշեցինք ճանապարհի մոտ վրանը խփել, այս խանութում հարցրինք՝ միգուցե տնական օղի ունենան։ Ունեին, հետն էլ թթու տվեցին, ու փող չվերցրին։

Վերադառնալիս մեծ բեռնատար կանգնեցրինք, Ծովինարն առաջին անգամ էր այդպիսի մեքենա նստում, ասում է՝ սար բարձրանալն ավելի հեշտ է քան բեռնատարի խցիկ։

Բեռնատարում սելֆիի հայելի կա։

Գորիսի ճանապարհին։ Ինձ թվում է՝ շշի մեջ այն նույն տնական օղուց էր։

Գորիս։ Այստեղ գրեթե բոլորը մեզ արտասահմանցի զբոսաշրջիկի տեղ էին դնում։

Հաջորդ մեքենան նույնպես իրանական բեռնատար էր։ Վարորդը՝ Սաիդը, մի քանի բառ գիտեր հայերեն, մի քանի բառ ռուսերեն ու անգլերեն, բայց հիմնականում խոսում էր պարսկերեն, մի երկու ժամից մեզ արդեն թվում էր, որ հասկանում ենք, թե ինչ է ասում։ Սաիդի էներգիան անսպառ էր։

Սաիդն առաջարկում է իր մոտ եղած թթուն ու պարսկերենով ասում, որ շատ համեղ է։

Սյունիքի լեռների ու ճանապարհների մեջ ինչ-որ նմանություն կա։

Ընդմիջում։ Այս լցակայանի շներն էլ են կարծես թե ճանաչում Սաիդին ու սպասում էին իրենց նախաճաշին։

Դեպի Վայք։

Բեռնատարի խցիկից ամեն ինչ կրկնակի գեղեցիկ է երևում։

Վայքում ժամանակակից, հարմարավետ ճաշարան էր բացվել։

Հրաժեշտ ենք տալիս վայքեցի երեխաներին ու նստում Երևան գնացող մեքենա։ Հաջորդ անգամ կարելի է հյուսիս գնացող ոտքով արթնանալ։

Ավտոստոպի մասին այլ պատմություններ՝
Ձմեռային՝ դեպի Վրաստան, մաս 1-ին, մաս 2-րդ։ Երևան-Սևանա լիճ։ Տավուշ։

Թբիլիսի։ Թուրքիա, մաս 1-ին, մաս 2-րդ։

Մեկնաբանություններ (2)

ani
THANK YOU for the wonderfull pictures.. they remind me my trip to Sissian,Goris, Kapan more than 15 years ago, and later to Tatev, Artsack.. I hope to return again...
Raffi
Ի՛նչ սիրուն նկարներ․․․Կեցեե՛ս Նարեկ ջան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter