HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պուտինը ռեկորդային ցուցանիշով վերընտրվել է ՌԴ նախագահ. ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Տարածքային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99,84%-ի ամփոփումից հետո պարզ է դարձել, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ռեկորդային ցուցանիշով վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների 76,66%-ը: Նրա օգտին քվեարկել է 56 միլիոն 206 հազար 514 ընտրող: Պուտինը նախկին ռեկորդը գրանցել էր 2004 թվականին: Երկրորդ անգամ ընտրվելով ՌԴ նախագահի պաշտոնում՝ այն ժամանակ նա ստացել էր ձայների 71,31%-ը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Պավել Գրուդինինը՝ ստանալով ձայների 11,8%-ը: Կոմունիստ թեկնածուի օգտին քվեարկել է ավելի քան 8,5 միլիոն քաղաքացի: 

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է ձայների 5,66%-ը, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից ներկայացված թեկնածու, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի օգտին քվեարկել է ընտրողների 1,67, իսկ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկու օգտին՝ 1,04%-ը:


ՌԴ ԿԸՀ կայքից

Բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը և «Ռուսաստանյան համաժողովրդական միության» առաջնորդ Սերգեյ Բաբուրինը ստացել են ընտրողների 1%-ից պակաս ձայներ:

Նախագահական ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է 67,54%: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները վավեր է ճանաչել, չնայած դիտորդական կազմակերպությունները ահազանգել են բազմաթիվ խախտումների մասին:

Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2024 թվականը: ՌԴ գործող սահմանադրությունը երկու անընդմեջ ժամկետ է սահմանում նախագահի համար: 65-ամյա Պուտինին ուղղված այն հարցին, թե կառաջադրվի՞ արդյոք 2030-ին, նա կատակել է.

«Կարծում եմ՝ ինչ որ ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի է: Ինչ է՝ ես պետք է մինչև 100 տարեկան նստե՞մ այստեղ: Ո՛չ»,- ասել էր Պուտինը:

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը առաջին անգամ զբաղեցրել է 2000 թվականին, այնուհետև՝ վերընտրվել 2004-ին: 2008-2012 թվականներին եղել է վարչապետ, հետո կրկին ընտրվել ՌԴ նախագահ:

Լուսանկարը՝  Sergei Chirkov / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter