HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ուղևորն ահազանգում է՝ «Մուլտի» տաքսի ծառայության աշխատակիցներն իրենց արգելում են Աբովյան հասնելու համար այլ տաքսիներից օգտվել

Մարիա Մարտիրոսյանն արդեն 4 տարի բնակվում է Աբովյան քաղաքում: Շաբաթը մի քանի անգամ Աբովյանից Երևան աշխատանքի է գալիս: Աշխատում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ որպես ուսման որակի գնահատման մասնագետ։

Մարիան Աբովյան հասնելու համար հաճախ ստիպված է լինում Բաղրամյան փողոցից բարձրանալ Ռայկոմ: Ասում է՝ Աբովյան գնացող ավտոբուսները գերբեռնված են, այդ պատճառով ուղևորները հաճախ Աբովյան հասնելու համար Ռայկոմից տաքսի են նստում՝ ուղևորավարձը բաժանելով երեք-չորս հոգու միջև: «Բայց արի ու տես, դա էլ է այսօրվա օրով խնդիր: Մարդկանց ազատ տեղաշարժը բավականին սահմանափակված է այս հատվածում: Թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ ազատ վերցնեն այն տաքսին, որը ուզում են և գնան քաղաք Աբովյան»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց նա:

Մարիայի խոսքով` Աբովյան-Երևան ուղղությունը սպասարկող «Մուլտի» տաքսի ծառայության աշխատակիցները կանգնում են Ռայկոմի կանգառում, որտեղ Աբովյան գնալու համար սովորաբար շատ մարդ է կուտակվում, և ուղևորներին թույլ չեն տալիս «Մուլտի» տաքսի ծառայությունից բացի` այլ տաքսիներից օգտվել:

Մարիայի հետ նման դեպք մի քանի անգամ է եղել, վերջինը՝ մոտ երեք շաբաթ առաջ: Ասում է՝ այլ ուղևորների հետ արդեն տաքսի էր նստել, շարժվելիս են եղել, սակայն այդ աշխատակիցները վարորդին հանել են մեքենայից, ասել, որ իրավունք չունի այդտեղից ուղևոր վերցնել և տանել Աբովյան: Մարիային և մյուս ուղևորներին էլ իջեցրել են մեքենայից: «Հարցուփորձ անելով` հասկացա, որ դրանք «Մուլտի» գրուպ ընկերության աշխատողներն են: Կոնկրետ «Մուլտի» տաքսիի և 259 ավտոբուսի գիծը սպասարկող ընկերության աշխատակիցներն են: Այսինքն՝ իրենք այնտեղ կանգնում են ու թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ ազատ օգտվեն տեղաշարժվելու իրենց իրավունքից»,-ասում է Մարիան:

Նրա խոսքով՝ «Մուլտի» ընկերության տաքսիներն այդքան հաճախ չեն գալիս, աշխատելու պարբերականություն չունեն, այդ իսկ պատճառով ուղևորները պարտադրված են լինում անհատական տաքսիներից օգտվել, սակայն այնտեղ կանգնած աշխատակիցներն ուղևորներին արգելում են՝ ասելով, որ քիչ հետո «Մուլտի» ընկերության տաքսիները կմոտենան: 

Մարիան բազմիցս ընդհարվել է այդ տղամարդկանց հետ, բացատրել, որ նրանք իրավունք չունեն արգելել իրենց ազատ տեղաշարժվել և ընտրել, թե որ տաքսիից պետք է օգտվեն, սակայն «նրանք որևէ բան չեն ասում, ծիծաղում են»:

Նելլի Մալյանը ևս օգտվում է Երևան-Աբովյան տրանսպորտից: Աբովյան հասնում է կա՛մ երթուղայինով, կա՛մ տաքսիով: Առավել հաճախ տաքսիներից է օտվում, քանի որ ավտոբուսներում տեղ չի լինում: Նելլին ևս լսել է, որ Ռայկոմի կանգառում տղամարդիկ են կանգնում և ուղևորներին չեն թողնում, բացի «Մուլտի»-ի տաքսիներից, այլ տաքսիներից օգտվել, բայց անձամբ նման խնդիր չի ունեցել:

«Հետք»-ը ամիսներ առաջ ընթերցողներից մեկից կրկին նման ահազանգ էր ստացել: Մեր ֆեյսբուքյան էջին Աբովյան քաղաքի բնակիչներից մեկն էր գրել՝ հայտնելով, որ «Մուլտի» տաքսի ծառայության դիսպետչերները, կանգնելով Ռայկոմի կանգառում, իրենց արգելում են օգտվել այլ տաքսիներից և տեղում աշխատող տաքսու վարորդների հետ հաճախ վիճում:

«Մուլտի» տաքսի ծառայության պատասխանատու ներկայացած Կարեն անունով աշխատակիցը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  իրենք նման աշխատակիցներ չունեն, և այդ կանգառում կանգնող մարդիկ կարող են տաքսի ծառայության հետ որևէ կապ չունենալ: Կարենը նշեց, որ նման տեղեկատվություն չունի, սակայն խոստացավ դրա իսկությունն ընկերության տնօրենից ճշտել և մեզ փոխանցել: Հաջորդ օրը, մեր հեռախոսազանգին ի պատասխան, տաքսի ծառայության պատասխանատուն նշեց, որ զբաղված է եղել և տեղեկատվությունը ճշտել չի կարողացել: Կրկին պնդեց, որ իրենք նման աշխատակիցներ չունեն:

Տրանսպորտի և կապի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Երևանից Աբովյան ուղղությամբ գործում է միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացվում է 259, 261, 269 համարների ավտոբուսներով: Այս համարները սպասարկում են երեք ընկերություններ, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն 36 տրանսպորտային միջոց: Երևան-Աբովյան ուղղությունը սպասարկող ամենահին գիծը 261 ավտոբուսինն է: Ընկերությունն այս ուղղությամբ աշխատում է դեռևս 2012 թվականից: Իսկ 2016 թվականից այս ուղղությամբ ուղևորափոխադրում է իրականացնում նաև ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիավտոտրանս» ընկերությունը: 

Նախարարությունից նաև հայտնել են, որ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաները տրամադրվում են Հայաստանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Առանձին ուղղություններ սպասարկելու համար տաքսի ծառայություններին լիցենզիա չի տրամադրվում: Այսինքն՝  որևէ տաքսի ծառայություն ուղևորներին կամ այլ տաքսի ծառայության աշխատակիցներին չի կարող վստահեցնել, որ այդ ուղղությամբ միայն ինքը պետք է ուղևորափոխադրում իրականացնի, քանի որ որևէ տնտեսվարողին նման լիցենզիա չի տրամադրվում:

Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, տաքսիների նկարը` «Մուլտիավտոտրանս» ընկերության ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ (1)

Vahan
Ասենք որքանով է ձեր գրածը իրականությանը մոտ..տեսեք, ան տարածքներ, որտեղ տաքսիստները կանգնում են ու մյուս տաքսիստները գիտեն դրա մասին ու իրենց տարածքում են կանգնում, այսպես ասած ներքին կոդեկսա էտ, դա չի նշանակում որ հաճախորդների իրավունքներն են ոտնահարում, դա իրենց մեջ պայմանավորված բան է, թե ով որ տարածքն է սպասարկելու, էտքան բան թե չէ ինչ սահամանապակում, ինչ բռնություն, էս որ դարն ա.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter