Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կառավարության նիստերը կլինեն դռնփակ, Երևանի ավագանու նիստերին լրագրողները չեն մասնակցի․ օրենսդրական փաթեթն ընդունվեց



Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրենքների փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո պատգամավորները մի շարք առաջարկություններ են արել, որոնց զգալի մասն ընդունվել է և արտացոլվել փաթեթում։

Կառավարության առաջարկած փոփոխություններից է այն, որ Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար կգործի նույն ընթացակարգը, որը գործում է խորհրդարանում։

«Յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել կատարել իր աշխատանքը, լրագրողներն այստեղ հնարավորություն ունեն ձայնագրել նիստի ընթացքը, դա շատ ավելի լայն հնարավորություն է տալիս իրենց պարտականությունները կատարել, մենք իրենց չենք խանգարում,  իրենք՝ մեզ։ Ամենևին նկատի չունեմ, որ իրենց աշխատանքը խոչընդոտում է օրինաստեղծ աշխատանքը, կից սրահում ուղիղ հեռարձակում է կատարվում, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տրվում պատշաճ կատարել իրենց աշխատանքը»,- ասաց Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ եթե նախկինում նախատեսվում էր իր նախաձեռնությամբ վարչապետին իրավասություն վերապահել նախարարների, կառավարության և վարչապետին ենթակա ղեկավարներ մարմինների որոշումներում փոփոխություն կատարել, այժմ նախատեսվել է, որ վարչպետը դա կարող է իրականացնել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

«Մենք համարել ենք ոչ նպատակահարմար, որ վարչապետը կարողանա վերանայել Կառավարության  ենթակա մարմինների որոշումները, դրանք կարող է վերանայել ընդամենը Կառավարությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Ըստ օրենսդրական փաթեթի՝ Պետական պահպանության ծառայությունը լինելու է Ազգային անվտանգության ծառայության կազմում։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դատապարտելի որակեց այն գործելաոճը, երբ իրար հետ կապ չունեցող նախագծեր են ներկայացվում մի փաթեթում, որպեսզի պատգամավորները չհասցնեն կարդալ։

Կառավարությունը մերժել է «Ելք» խմբակցության առաջարկը՝ հրապարակել ոստիկանության զորքերի թվաքանակը: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ընդդիմադիր խմբակցության առաջարկը վտանգավոր է«Ոստիկանության զորքերը մեր ընդհանուր զորքերի կազմում են, կարող են երկրի պաշտպանության գործում ներգրավվել, ստիպել օրենքով տրամադրել տեղեկատվություն, որը հակառակորդը սիրով կընդունի, կարծում եմ՝ լավագույն ծառայությունը չեք մատուցում Հայաստանին այդ առումով»։

Մարուքյանը հակադարձեց՝ իրենք պարզապես առաջարկում էին ոստիկանությունը որպես նախարարություն կազմավորել, իսկ թվաքանակը պահանջում էին` հստակեցնելու համար, թե բնակչության մեկ շնչի հաշվով քանի ոստիկան կա, որպեսզի Հայաստանը «ոստիկանական երկիր չդառնա»։

«Կարող եք մերժել մեր առաջարկությունը, բայց ակնկալել, որ ծառայություն  ենք մատուցում, կոռեկտ չէ ձեր կողմից»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորին մտահոգում էր նաև այն, որ Կառավարության կառուցվածքում ընդգրկվել է նաև Երևանի ավագանու նիստերին առնչվող հարցը, որն առաջին ընթերցմամբ չի եղել։ Մարուքյանի համոզմամբ՝ փոփոխություններով սահմանափակվելու են լրագրողների իրավունքները։ Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ պատգամավորը չի կարող որևէ փաստարկ ներկայացնել, ըստ որի` խորհրդարանական լրագրողների աշխատանքը խոչընդոտվում է։

«Այն, ինչ առաջարկվում է փաթեթով, ամբողջությամբ ԱԺ-ի մոդելն է, որևէ միլիմետր նահանջ չկա ԱԺ-ից»,- ասաց Հարությունյանը։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իր ելույթում անդրադարձավ հասարակության մեջ քննարկվող այն հարցին, ըստ որի` այս մոդելով «սուպերվարչապետական երկիր» է ստեղծվում։

«Ցավոք սրտի, ոչ բոլորն են համաձայնում այն դիրքորոշման հետ, երբ մարդու վրա դնում ենք պարտավորություններ, դրանցով ոչ թե իր իրավունքներ ենք ավելացնում, այլ պատասխանատվությունը։ Մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ՝  իր ժողովրդի, խորհրդարանի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,- ասաց Կոստանյանը։

ՀՀԿ-ական պատգամավորի համար նաև անընդունելի է ընդդիմության առաջադրած այն դրույթը, որի համաձայն` ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինեն նախարարություններ: Վերջինիս համոզմամբ՝ դրանք հատուկ ծառայություններ իրականացող սուբյեկտներ են, որոնք պետք է ապաքաղաքական լինեն։

Կոստանյանն անդրադարձավ նաև «Երևանի մասին» օրենքի փոփոխությանը՝ նշելով, որ ըստ օրենքի` խորհրդարանի աշխատանքը հրապարակային է, և լրագրողներն իրենց համար նախատեսված վայրից ապահովում են այդ հրապարակայնությունը, այլ ոչ թե նիստերի դահլիճից, նույնը լինելու է նաև Երևանի ավագանու պարագայում։

«Երևանի ավագանին էլ Երևան քաղաքի օրենսդիր մարմինն է, Երևան քաղաքի խորհրդարանը, նույն մոդելն էլ առաջարկում ենք Երևանի խորհրդարանում»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ փոփոխությունը կատարվել է նրա համար, որպեսզի Երևանի ավագանու անդամները չկարողանան հայտով որևէ մեկին հրավիրել ավագանու նիստին, օրենքի փոփոխությամբ Երևանի ավագանու անդամները չեն կարող որևէ մեկին հրավիրել ավագանու նիստին։

Այս դիտարկմանն էլ Արդարադատության նախարարն արձագանքեց «Ժողովրդավարություն չի նշանակում ամենաթողություն, Երևանի ավագանու օրինակով բերեմ՝ ցանկացած մարդու ավագանու նիստի հրավիրելը ժողովրդավարության մասին չի խոսում, եթե մեկը հետաքրքրված է նիստով,  ուղիղ հեռարձակում է ապահովված այդ նիստին, կարող է հետևել»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 63 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ այս փաթեթով Կառավարության նիստերը լինելու են դռնփակ, և միայն վարչապետի ցանկությամբ նիստի ինչ-որ մաս կարող է հրապարակային լինել։ Կառավարության օրակարգը, սակայն, ըստ օրենքի` պետք է հրապարակվի նիստից առնվազն մեկ օր առաջ։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Տիգրան09:19 - 24 մարտի, 2018
Այսինքը դռները փակեն ու աղջիկներին արխային տփեն, գաղութի կարգով? Էս մեկը թող գնա հայելու դեմը կանգնի ու մեջը լավ նայի, մի օր թքելու են վրեն .... կնանիքը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ