HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Թող պաշտպանը դատն անի, պրծնենք». Շամիրամի սգո սրահում կատարված սպանության գործով տուժող կողմը դժգոհեց նիստերի ձգձգումից

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Շամիրամի սգո սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը: Պատճառն ամբաստանյալների շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բացակայությունն էր: Վերջինս գրությամբ դատարանին հայտնել էր, որ այսօրվանից մինչև մարտի 25-ը Հայաստանից բացակայելու է, եւ դրա վերաբերյալ հաջորդ դատական նիստին համապատասխան ապացույց կներկայացնի:

Գրիգորյանը խնդրել էր նաև, որ դատարանը նիստ չնշանակի հաջորդ ուրբաթ՝ մարտի 30-ին՝ տեղեկացնելով, որ այդ օրը նախօրոք նշանակված մեկ այլ նիստ ունի: Միաժամանակ նկատել էր, որ դատարանը յուրաքանչյուր ուրբաթ նիստ անցկացնելու վերաբերյալ դատավարության կողմերի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերել:

Նշենք, որ դատարանը ցանկանում է նիստերն անցկացնել յուրաքանչյուր ուրբաթ օր: Նախորդ դատական նիստին դատավորը հայտարարեց, որ առաջին նիստի օրը կողմերի հետ նման պայմանավորվածություն է ձեռք բերել, իսկ Կրոմվել Գրիգորյանը հակադարձեց՝ նշելով, թե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը Գրիգորյանի գրության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ իր կարծիքով՝ պաշտպանն իր դատավարական իրավունքներից անբարեխղճորեն է օգտվում:

Մեղադրողն ասաց, որ յուրաքանչյուր դատական նիստի տուժող կողմը բարեխղճորեն ներկայանում է, իսկ պաշտպանական կողմը, քաջ գիտակցելով, որ նրանց մեծ մասը գալիս է Ռուսաստանից, չի ներկայանում կամ արհեստականորեն  ձգձգում է դրանք: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կողմերի միջև ուրբաթ օրը նիստեր անցկացնելու պայմանավորվածություն չի եղել, դատախազը հայտարարեց, որ պաշտպանի դիմումում ասվածը չի համապատասխանում իրականությանը:

«Մենք որոշել ենք յուրաքանչյուր ուրբաթ դատական նիստ անցկացնել, և եթե հաջորդ նիստին պաշտպանը չներկայացնի իր բացակայությունը հարգելի համարող պատճառներ, ապա խնդրում եմ քննարկել համապատասխան սանկցիա կիրառելու հարցը և դիմել Փաստաբանների պալատ՝ պաշտպանի նկատմամբ համապատասխան սանկցիա կիրառելու պահանջով»,- դատարանին դիմելով՝ ասաց Տիգրան Ենոքյանը:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Բաբկեն Մարտոյանը նշեց, որ Ռուսաստանում բնակվող տուժողները չեն կարող շարունակ մնալ Հայաստանում կամ գնալ-գալ յուրաքանչյուր դատական նիստի:

Տուժողի իրավահաջորդ Միշա Օզմանյանը ևս Կրոմվել Գրիգորյանի պահվածքում նիստերը ձգձգելու միտում տեսավ:

«Ֆինանսապես հնարավոր չի լինի այսպես շարունակել: Ֆինանսի հետ կապված հարց է` բոլորն էլ ընտանիք, երեխաներ ունեն: Իր ցանկությունն է, որ մենք չգանք: Եթե այդպես հնարավոր է, թող պաշտպանը դատն անի, պրծնենք, մենք էլ թողնենք, գնանք էստեղից: Խնդրանքս է, որ դատապաշտպանի վարքը ճիշտ գնահատվի»,- դատարանին դիմելով՝ ասաց Միշա Օզմանյան:

Ամբաստանյալները նշեցին, որ իրենք դեմ են առանց պաշտպանի մասնակցել դատական նիստին, որից հետո դատավորը հետաձգեց այն մինչև ապրիլի 6-ը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանում լարված իրավիճակ էր ստեղծվել, և դատավորն ամբաստանյալներից Թելման Քալաշյանին և տուժողներից ոմանց ստիպված էր եղել հեռացնել նիստերի դահլիճից: Սանկցիաներից հետո կողմերն այսօր ավելի հանդարտ էին, և նիստի ընթացքում դատավարական կարգի խախտման դեպք չեղավ:

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործության դեպք: Սգո սրահում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով 4 անձ մահացել, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ազգությամբ եզդի Թելման Քալաշյանին: Քննչական կոմիտեի կողմից տրված տեղեկության համաձայն՝ 2012-2013 թվականներին Քալաշյանը տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին, որոնք նույնպես ազգությամբ եզդի են: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեության ձախողման պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:

Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանն, ըստ նախաքննական մարմնի, պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը և տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: Հերթական անգամ՝ 2017թ. օգոստոսի 1-ի առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քյարամյանն, ըստ քննություն իրականացնող մարմնի, իր մեքենայով գնացել է Շամիրամ համայնք և հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:

Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վնասվածք ստացած և մահացած անձանց մեջ Գերման Քյարամյանը չկա:

Գործի քննության արդյունքում, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, պարզվել է, որ դեպքի ժամանակ Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է հորեղբայրը: Վերջինս ևս այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել՝ հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:

Ըստ քննություն իրականացնող մարմնի՝ Թելման Քալաշյանը քննության ընթացքում նաև սուտ մատնություն է կատարել՝ հայտնելով, թե իրեն դեպքի նախորդ օրը ծեծել են:

Վերը նշված հանգամանքների շրջանակներում Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ համապատասխանաբար շատերի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու և ավելի անձանց սպանությունը, վաշխառությունը, ապօրինի զենք կրելը և սուտ մատնություն կատարելը:

Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի պնդմամբ՝ դեպքի օրն իր պաշտպանյալը հոգեկան խիստ հուզված վիճակում է գտնվել: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քալաշյանը Խուդոյան եղբայրներին պարտքով 100 000 դոլար գումար է տվել, սակայն վերջիններս 25 000 դոլարը վճարելուց հետո հրաժարվել են գումարի մնացած մասը վերադարձնելուց: Քալաշյանի դուստրը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և Խուդոյան եղբայրների հարազատների միջոցով նա պարբերաբար պահանջել է գումարը, որպեսզի կարողանա հոգալ դստեր բուժման ծախսերը: Ըստ պաշտպանական կողմի՝ դեպքի նախորդ օրը Խուդոյանների ազգական Գերման Քյարամյանը ծեծել է Թելման Քալաշյանին, ստորացրել, իսկ դեպքի օրը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրել Թելման Քալաշյանի կնոջ և մոր հասցեին: Թելման Քալաշանն, ըստ պաշտպանական կողմի, բացի Գերման Քյարամյանից սգո սրահում գտնվող որևէ այլ անձի դեմ որևէ բան չի ունեցել:

Ինչ վերաբերում է Թելման Քալաշյանի հորեղբորն առաջադրված մեղադրանքին, ապա վերջինս ևս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտնում է, որ դեպքից հետո երեք մեքենայով Թելմանին հետապնդել են, որ սպանեն, և ինքը պարզապես նրան այնտեղից փախցրել է:

Նշենք, որ դեպքի ժամանակ սպանված և վիրավորված անձինք բոլորն ազգությամբ եզդի են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter