HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շահումյան թ/ֆ համայնքում նախարարությունը խնայում է գումարները, մյուս համայնքներում՝ ոչ

Արդեն 6 ամիս է` Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ գյուղը հիմնական համայնքապետ չունի: 2017թ. սեպտեմբերի 22-ին համայնքապետ Արթուր Յայլոյանը դիմում է ներկայացրել ավագանուն` համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ի համայնքի ավագանու թիվ 8 արձանագրությունը, որով համայնքի ղեկավարի լիազորությունները համարվել են դադարեցված, ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին Արմավիրի մարզում տեղի է ունենալու համայնքների միավորում, և տեղական ընտրությունները նշանակվում և անցկացվում են տարեկան երկու անգամ, Տարածքային կառավարման նախարարությունը  և Արմավիրի մարզպետարանը նպատակահարմար են գտել նշված համայնքի ղեկավարի ընտություններն իրականացնել միավորված համայնքների ղեկավարների ընտրության օրը: Մինչ այդ համայնքի ընդհանուր կառավարումը կիրականացվի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի միջոցով»,-նշում է Արմավիրի մարզպետը:

Լիլյա Ղասաբյանը եղել է Շահումյան թ/ֆ-ի աշխատակազմի քարտուղարը: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել 2017թ. նոյեմբերի 1-ին: Նա չգիտի, թե ինչու իրենց համայնքում համայնքապետի ընտրություններ չեն նշանակվում, և որքան է ինքն աշխատելու ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Մեր տեղեկություններով` Արթուր Յայլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, Յայլոյանին մեղավոր է ճանաչել համայնքային միջոցներն առանձնապես խոշոր չափերով վատնելու և փաստաթղթեր կեղծելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 325-րդ հոդվածի 1-ին մաս):

«Հետք»-ն արդեն անդրադարձել է համայնքապետին առաջադրված մեղադրանքին: Ըստ այդմ՝ Արթուր Յայլոյանը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, 2008-2016թթ. ընթացքում ինչպես կնոջը` Մարիամ Յայլոյանին, այնպես էլ սոցիալապես վատ պայմաններում բնակվող համայնքի բնակիչներ Էդգար Պետրոսյանին, Կիմա և Կարինե Խաչատրյաններին, Սուսաննա Հարությունյանին և Նվարդ Մկրտչյանին հրամանագրել է իրականում չգործող գրադարանավարուհու, այգեպանի և գործավարի հաստիքների վրա: Յայլոյանը նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել համապատասխան չափի աշխատավարձեր, որոնք վերջիններս ստացել և տնօրինել են իրենց հայեցողությամբ, սակայն փաստացի չեն իրականացրել վերը նշված հաստիքներով սահմանված պարտականությունները։

Մասնավորապես, համայնքի գրադարանի չգործելու պայմաններում կնոջը` Մարիամ Յայլոյանին, 03.01.2008թ. մինչև 05.11.2016թ. ձևակերպել է որպես գրադարանավարուհի և նրա անվամբ դուրս գրել ընդհանուր 5 մլն 279 հազար 200 դրամ գումար` որպես աշխատավարձ: Այգի չունենալու պայմաններում Կիմա և Կարինե Խաչատրյաններին ձևակերպել է որպես այգեպան և նրանց անվամբ դուրս գրել համապատասխանաբար 330 հազար և 478 հազար 690 դրամ աշխատավարձ և այլն:

Դատարանը համայնքապետի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով՝ 5 տարի 6 ամիս ժամանակով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան: Արթուր Յայլոյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 5 մլն 336 հազար 630 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում: Նշենք, որ մինչ դատավճռի կայացումը համայնքապետը վճարել էր իր կողմից հանցագործությամբ պատճառված նյութական վնասից  2 մլն 300 հազար դրամը:

Մեղադրող դատախազ Կորյուն Ներսիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է բեկանել դատավճիռը պատժի մասով և նշանակել նրա արարքի բնույթին, հասարակական վտանգավորությանն ու արարքի կատարման հանգամանքներին համապատասխան պատիժ` ազատազրկման ձևով:

Պետական միջոցների վատնում

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ասելով` Շահումյան թ/ֆ համայնքը մարզում միակն է, որը մարզպետարանի անմիջական հսկողության ներքո ղեկավարվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից: Նոր ընտրություններ այստեղ չեն անցկացվում, որովհետեւ սպասվող խոշորացման արդյունքում այս բնակավայրը միացվելու է մեկ այլ համայնքի:

Թեև մարզպետարանից հաստատում են, որ այս տարի մարզում իրականացվելու է համայնքների խոշորացում, սակայն մինչ այդ այլ համայնքներում կայանում են ավագանու և համայնքապետի ընտրություններ:

Ստացվում է, որ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ընտրություններ կազմակերպելով վատնում է պետական միջոցները, քանի որ անտրամաբանական է մի քանի ամսվա համար նոր ընտրություններ նշանակելը, ինչը ֆինանսական ծախսեր է առաջացնում: Եթե հնարավոր էր Շահումյան թ/ֆ համայնքի դեպքում գտնել միջանկյալ լուծում, ինչու՞ հնարավոր չէր նույնն անել մյուսների դեպքում… Այս հարցին մարզպետարանը պատասխան չունի:

Օրեր առաջ՝ մարտի 11-ին, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղական համայնքում համայնքապետի, իսկ Դաշտ և Ծաղկալանջ համայնքներում ավագանու ընտրություններ էին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին տրամադրել է  նշված 3 համայնքներում կատարված ծախսերի մանրամասն հաշվետվությունները: Դրանցից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 3 մլն դրամ:

Քվեարկության համար չեն տպագրվել միայն անհրաժեշտ նոր ծրարներ: Օգտագործվել են նախորդ ընտրություններից չօգտագործված ծրարները:

Մեծամորի համայնքապետի ընտրությունների կազմակերպման համար ծախսվել է 960,473 դրամ, Դաշտի համայնքի ավագանու անդամների ընտրությունների համար՝ 957,757 դրամ, իսկ Ծաղկալանջում՝ 1,049,995 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter