HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

աղքատներին ծեծելու մասին

բոլոր նրանց, ովքեր թաղվեցին նոր կոշիկներով


ես մեծացել եմ աղքատության մեջ․
ինձ թվացել է՝ սեղանը, որի վրա կարտոֆիլ կա
ու աղ,
արդեն ընթրիքի է։
պատերազմի տարիներին մանկությանս ընկերոջ հետ կոշիկ գողացանք․
մտածեցի՝ հեշտ է, որ ոչինչ չենք վճարել
ու հիմա կարող ենք փող աշխատել․
հասանք «լաչինի» միջանցք
(էդպես նաեւ շուկայի միջանցքի անվանումն էր),
պանիրի հետ փոխանակեցինք,
մի քանի մետր վերեւ ծախեցինք պանիրը,
ու տուն գնալ չստացվեց։
պահեցինք էդ փողը գազի հին խողովակի մեջ։
սա եղել է, որովհետեւ չգիտեինք՝ փողը ինչ անել,
ու նաեւ սիրում էինք իրար։

հիմա մտածում եմ, եթե այս պատումը հանկարծ թարգմանվի,
ես ո՞նց իմ լեզվով պիտի ուրիշին ասեմ,
որ գողանալն այստեղ ուղղակի ստացվեց,
որ այդ կոշիկների մեջ տեղավորվում է պատերազմը,
աղքատությունը, պանիրի մի բարակ կտորը,
հիշողությունը, կրկնությունն արդեն «նոր» աղքատության մեջ,
ծավալները, որոնք նաեւ կյանք արժեցան,
մտածված նահանջները, որոնք չհաղորդվեցին․․․
ես ո՞նց թարգմանեմ՝ լաչինն ինչ է, ինչու է միջանցք,
ինչու ոչ մի նշան չկա այս հիշողության մասին,
ինչպես մենք սիրելու հաշվին
աղքատության հետ զարմանալի հաշտ էինք,
եւ ինչից է, որ ես նամակ գրել չեմ կարող,
որովհետեւ բանավորությունը սպառել է իրեն,
ինչպե՞ս թարգմանեմ,
որ մենք չգիտեինք գողանալն ինչ է,
բայց գողացանք,
որ մենք նոր կոշիկ չէինք հագնում,
բայց ծախեցինք,
որովհետեւ անթարգմանելի է այն, ինչ մինչեւ հիմա բացատրություն չունի,
որովհետեւ նոր կոշիկով մեռածին թաղելն այստեղ միշտ է եղել,
որովհետեւ ես չգիտեմ՝ ինչ-որ մեկը,
ով դուրս է այս պատումից,
կհասկանա, թե առանց կոշիկ մեռնելն ու
նոր կոշիկով թաղվելն ինչ է։

Անուշ Քոչարյան
23 մարտի, 2018թ․

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter