Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՄԻԵԴ-ը բանկի նախկին աշխատակցի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր է ուղարկել կառավարությանը



Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը անձի կալանքի ժամկետների երկարացման վերաբերյալ, գանգատի հիման վրա, հարցեր է ուղարկել Հայաստանի կառավարությանը:

Խոսքը վերաբերում է 2012թ. հունիսի 20-ին գողության կատարմանն օժանդակելու կասկածանքով ձերբակալված «Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ աշխատակից Աշոտ Առուշանյանին, ով հետագայում դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ դատավճռի՝ մի խումբ անձինք օգտվել են Աշոտ Առուշանյանի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից հիշյալ կազմակերպությունից որոշակի հաճախականությամբ Արարատի մարզից Երևան, հիմնականում առանձնապես խոշոր չափերի, գումարներ տեղափոխելու մասին տրված տեղեկատվությունից: Այսինքն՝ Առուշանյանի օժանդակությամբ, 2011թ.-ի նոյեմբերի 21-ին իրականացրել են ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն, գողանալով Արմեն Մանուկյանի կողմից վարած ավտոմեքենայի մեջ գտնվող, «Մանանա Գրեյն» ՍՊԸ պատկանող, առանձնապես խոշոր չափի կանխիկ գումարը՝ 56.400.000 դրամը:

2012 թ. հունիսի 23-ի դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակվել կալանավորումը` կալանավորման սկիզբը հաշվելով 2012թ. հունիսի 20-ից: Պատճառաբանությունը եղել է հիմնավոր կասկածը: Այն, որ Առուշանյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը, վարույթում ներգրավված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալ և թաքցնել կարևոր նյութեր և այլն:

Դրանից հետո դարձյալ երկարացվել է կալանքի ժամկետը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012թ. սեպտեմբերի 24-ին քրեական գործն ընդունել է վարույթ։ 2012թ. հոկտեմբերի 4-ին որոշում է կայացվել քրեական գործով դատական քննություն նշանակելու մասին, որով անփոփոխ է թողնվել մեղադրյալ Աշոտ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Իսկ կալանքի ժամկետը լրանալու էր 2012թ. հոկտեմբերի 5-ին։

Հայաստանում տարածված պրակտիկա է, երբ դատարանները քրեական գործը վարույթ ընդունելու որոշման մեջ միաժամանակ անդրադառնալով ընտրված խափանման միջոց կալանավորմանը, չեն պատճառաբանում և հիմնավորում, թե ինչու է այդ խափանման միջոցը մնում անփոփոխ, ինչ ժամկետներում է անձը մնալու անազատության մեջ և այլն: Այսինքն, խախտվում է նաև որոշակիության սկզբունքը:

Լիպարիտ Սիմոնյանը

Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Եվրոպական դատարան գանգատ ներկայացրել է հենց այդ հիմքով, նշելով, որ առկա է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում:

Եվրոպական դատարանը ներպետական դատարանների նման մոտեցման մասով է հարցեր ուղարկել Հայաստանի կառավարությանը: Մասնավորապես՝

Արդյոք դատավարության ընթացքում Առուշանյանի կալանավորումը համապատասխանում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Առուշանյանին կալանավորելը թույլատրող որոշումները ապահովե՞լ են համարժեք պաշտպանություն  կամայականությունից և բավարարել օրինականության պահանջը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով:  Կառավարությունը պետք է նշի, թե արդյոք Առուշանյանը, վերջ ի վերջո, դատաքննության ընթացքում ազատ է արձակվել, թե՞  նա մնացել է անազատության մեջ մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատավճի կայացումը, և ներկայացնի համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Եվրոպական դատարանը նաև հարց է ուղղել կառավարությանը Առուշանյանի՝  2013 թ. հուլիսի 23-ից մինչև հոկտեմբերի 28-ը կալանավորման վերաբերյալ: Արդյո՞ք այս կալանքը օրինական է եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում նրա կալանքը թույլ տվող դատական որոշում չի եղել:

Եվ ամենակարևորը, արդյոք տեղական դատարանները տվել են «համապատասխան և բավարար» հիմնավորումներ Առուշանյանի կալանավորման համար, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի նշում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը կարող է շրջադարձային լինել Հայաստանի դատական պրակտիկայում, քանի որ փաստաբանները գրեթե միշտ բարձրաձայնել են այս մասին, իսկ դատարանները շարունակել են նույն գործելաոճը:

Գլխավոր լուսանկարը՝ agent.echr.am -ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ