HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արագիլ»

«Եսիմ»՝  կավիճով գրած էր «Արագիլի» պատին: «Եսիմ, է»՝ կարելի էր ավելացնել «Արագիլը» ներսից տեսնելուց հետո:

«Արագիլ» ռեստորանը մանկությունից քաղաքային համայնապատկերի կարևոր դրվագն է եղել, չնայած մենք այնտեղ չէինք էլ լինում տարիքի պատճառով, իսկ երբ տարիքը հնարավորություն տվեց՝ «Արագիլի» պատին արդեն գեշ բառեր էին գրած, ներսում աղտոտություն էր, ու քաղաքն ուրիշներինն էր:

Բայց «Արագիլը» մեզ ուղեկցել է «Կարապի լճի» մշտական հաճախորդ եղած տարիքից, երբ լճի շրջակայքի փոքրիկ թմբերը բարձր բլուրներ են թվացել: 1960-ին է կառուցվել «Արագիլը»: Վերևից ինքն էր քաղաքը տեսնում, ներքևից՝ քաղաքը իրեն: Այդ թվականից մի տասնհինգ տարի հետո, «Արագիլը» նաև իմ ամենասիրելի կամարն էր ու մեծատառ «Ա»-ն, որ ներքևից փառահեղ երևում էր՝ մեր այբուբենի առաջին սիրուն տառը:

Կարապի լճի տարածքից «Արագիլի» սպիտակ կամարներն ու հայերեն մեծատառ սիրուն «Ա»-ն բլրի վրայից ասում էր. «Սիրուն ե՞մ, չէ՞» ու ասում էր «դուք էլ եք սիրուն երևում վերևից»: Մենք էլ էինք սիրուն վերևից՝ գծած փողոցներով ու կարմիր տանիքներով, կանաչի մեջ ու օպերայի թմբուկը կենտրոնում:

Հիմա, վերևից պատկերը շինարարական հրապարակ է հիշեցնում, ու տպավորություն կա, թե գծագիրը կորցրել են, իսկ աշխղեկը գժվել է:

Երբ վերջերս` մի ամիս ամեն օր, «Արագիլը» «Կարապի լճից» սկսեցի նկատել՝ վախեցա, որ դա էլ կքանդեն, ու չեմ հասցնի տեսնել ու սիրել մոտիկից մեծատառ «Ա»-ն ու սպիտակ կամարները: Այդտեղ լուսանկարներ ունեն ծնողներս՝ ջահել ու ուրախ ժամանակ: «Արագիլը» բոլոր նկարներում շատ կոկիկ է ու կիրթ: Ոնց որ ոչ թե սնվելու տեղ լինի, այլ՝ շփվելու, գեղեցիկ ու տակառի փայտահոտ կոնյակներով շփվելու տեղ: Բոլոր սեղաններին հին կոնյակի շշեր են, բոլոր լուսանկարներում սիրուն շորեր, փոքրիկ բարակ կրունկներ, հետո հաստ ու բարձր կրունկներ, կարճ փեշեր, կիրթ մարդիկ:

Երբ մենք մոտենում էինք շենքին՝ արդեն փոշմանել էի մոտիկից տեսնելու նախաձեռնության համար: Կեղտն էլ է լինում քաղաքային կամ վայրի: Այստեղ վայրի ու բարբարոս կեղտ էր: Այլանդակ գարշահոտ ու կեղտ: Պատերին, ինչպես ընդունված է ասել հիմա՝ սեռական բնույթի հայհոյանքներ, որոնք ավելի քան երբևէ համապատասխանում էին իրականությանը: Ու քաղաքային նախկին մշակույթից հեռացած մի անհասկանալի բան ևս՝ համբուրվելու համար մատղաշ զույգերը գալիս են այս գարշահոտ, գողտրիկ անկյուններում գուրգուրվելու: Երևի ամեն ինչն է փոխվել:

Իսկ «Արագիլը» կարելի է պահել հենց այս վիճակով, մի հնարքով պահել այս գարշահոտ, քանդվող, կեղտակորույս վիճակով, որ մի օր, Երևանի պատմության թանգարանի մի մասում ցուցադրվի ու վրան լինի այսպիսի վահանակ. «Թե ինչ եղավ հետո, երբ քաղաքը սկսեցին ղեկավարել մարդիկ, որոնք դաստիարակության բերումով չգիտեին` ինչ է քաղաքը»:

«Արագիլը» մի քանի հայկական ֆիլմերում էլ կա, օրինակ` «Ճանապարհ դեպի կրկեսում»: Նայեցի նորից «Օտար խաղերի» հատվածը, ինձ թվաց «Արագիլն է»: Ու մի լուսանկար, թե ֆիլմ էր՝ չեմ հիշում, որտեղ Ռաֆայել Քոթանջյանն ու ընկերները սեղանի շուրջ են:

«Արագիլ»-ի պատերը երկու տեղ ճաք են տվել: Անձրևաջրերը պատը թացացրել են, քարերը թեքվել են ու հեռացել իրարից: Երկու տեղից պատը քանդվելու վտանգ ունի: Ապակիները ջարդված են: Փայտե նախշազարդ դռները խունացած ու կիսաջարդված: Ներսում պահարանների, սեղանների մնացորդներ են, հասկանալի է, որ մնացած մասը տարել են: Ռեստորանի բացօթյա հատվածը ծածկերի տակ է՝ առանց նստատեղերի, առանց սեղանների: «Արագիլը» մի կիսակլոր բացօթյա հատված ունի, օդում կախված, մնացած մասից առանձին, հատակը կարմրավուն քարով, թե սալիկով պատված: Այս հատվածը հատկապես գարշահոտ ու կեղտոտ էր:

Հիշեցի, որ հասարակական զուգարան ունենալու համար էլ նախ հասարակություն է պետք ունենալ:

Որ ժապավենը հետ ես պտտում, պատկերացնում ես, թե ինչ դժվար պիտի լիներ յոթանասունականներին ու ութսունականներին «Արագիլ»-ի հատկապես այդ մասում ազատ սեղան գտնելը:

«Արագիլ»-ի նկուղային հարկում պեղումներ էինք անում հին իրերի ու փաստերի: Հազար ու մի կիսաջարդված իրերի հետ գետնին ռուսերեն «Дело» թղթապանակի վրա ձեռագրով գրված էր «горячие напитки»: Սովետական Հայաստանը մի վայրկյանով հետ եկավ, հիմա գրած կլիներ «hot drinks»: Երևի թեյ, սուրճ՝ էլ ուրիշ տաք խմիչք չեմ հիշում սովետական ժամանակներում: Գլինթվեյն տալի՞ս էին, ումից հարցրի՝ չհիշեցին: Մի քանի տասնամյակ է անցել:

Նկուղի ապրանքների միջից քաշելով հանեցինք վերջին աթոռը՝ մետաղական ճաղազարդ մեջքով: Կուզեի դիմել քաղաքապետարանին այդ աթոռը ինձ նվիրելու խնդրանքով, որովհետև «Արագիլի» պայծառ տարիների հիշողություն կա աթոռի մեջ: Բայց ինձ թվաց, թե ես ավելի շատ իրավունք ունեմ այդ աթոռը որևէ մեկին նվիրելու, քան այն պաշտոնյան, որ պիտի ինձ թույլ տա, կամ՝ մերժի:

Թե ում է պատկանում «Արագիլը»՝ պարզել չհաջողվեց, պաշտոնական տվյալներ չկան: Բայց քանի որ «Արագիլը» պատկանել է քաղաքին ու հաշվի առնելով այն՝ այսօրվա մեջ երկրորդական հանգամանքը, որ շենքի ճարտարապետը Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում, Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում ու Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում սովորած, Շուշիում ծնված հայտնի բանահավաք հոր ու Նախիջևանում ծնված մոր  հանրահայտ զավակ Ռաֆայել Իսրայելյանն է՝ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետը, որի նախագծած Սարդարապատի հուշահամալիրի մոտ, քաղաքի համար պատասխանատու պաշտոնյաները մայիսի վերջին չզսպվող հայրենասիրության համախտանիշ են դրսևորում՝ խոնավությունից թեքված քարերն ու կեղտի մեջ թաղված շենքի խնդիրը բոլորին վերաբերում է՝ անկախ նրանից` ում ձեռքում է այն հայտնվել: Ռ. Իսրայելյանի կայքում գրած էր, թե Իսրայելյանն անձամբ պայքարել է, որ Երևանի գլխին սարքվող ռեստորանի վրա ոչ թե «Մոսկվա» այլ «Արագիլ» գրած լինի:

Նկուղում, ռեստորանների հին սառնարաններ կան դեռ, չեն տարել: Ավերակ զուգարանների տեսքը հուշում է, որ ժամանակին խորհրդային հասարակական վայրերին ոչ բնորոշ, բարձրորակ տեսք ու որակ է ունեցել: Այստեղ ընդունված էր դրսի հյուրեր բերել, այստեղ ու այստեղից  քաղաքի կոլորիտը զգացվել է: «Արագիլ»-ի մասին նրա ժամանակակիցներից մեկը, ով սիրում էր ժամանակին լինել ընկերների հետ «Արագիլ»-ում՝ ասաց․ «Երբեք անհաջող մարդ չէր լինում «Արագիլ»-ում»:

Չգիտեմ` ինչ միստիկ ռեալիզմով Ռաֆայել Իսրայելյանի անունը պարբերաբար հայտնվում է իմ կյանքի մեջ: Ես յոթ տարեկանից ապրել եմ Ռաֆայել Իսրայելյան փողոցի վրա: Իմ հայրական տան հասցեն է: Զարմանալի չէ, որ այդ հասցեն ձեզ ոչինչ չի ասում: Պարոնյան փողոցի հետևի մասում մի նեղ նույնիսկ ոչ թե փողոց, այլ բակի անուն է՝ կենտրոն ոստիկանության նախկին շենքն ու մի երկու շենք ևս: Սովետի ժամանակ ոչ մի  տաքսու վարորդ չգիտեր փողոցի տեղը: Իսկ նախկին կենտրոն ոստիկանության պատին ուղղագրական սխալով մի ամբողջ կյանք փակցված էր հասցեն՝ «Ռ. Իսրաելյանի փողոց»: Տարածքում քչերը գիտեին` ով է Ռ. Իսրայելյանը, փողոցն էլ փողոց չէր, վարորդներն էլ չգիտեին, մինչև կառուցվեց Փարաջանովի թանգարանի շենքն ու Իսրայելյան փողոցը սկսեց իմացվել: Այս մարդու անունը միշտ սիրել եմ, որովհետև շատ բան գիտեի իր մասին, դեմքն էլ ինձ շատ էր դուր գալիս, անունն էլ տառասխալով էր, Սարդարապատն էլ սիրել էի, բայց իր անունը դպրոցում չգիտեին, դասագրքերում չկար: Ու երբ մի քանի տարի առաջ սկսեցին քանդել Սարյան փողոցի վրա իր նախագծած իր իսկ սեփական տունը, որ մի մետլախապատ հյուրանոց կառուցեն, ինձ թվաց` այս մարդու անվան հետ կապված միայն տխուր բաներ են լինում: Բայց երբ կարդում ես կենսագրությունը ու զգում, որ ժամանակին գնահատված մարդ էր ու երևի գնահատված ու գոհ է ապրել Թիֆլիսում, Լենինգրադում, Երևանում՝ ուզում ես մտածել, թե թող մի անհասկանալի ժամանակում էլ չգնահատված լինի, ինքն արդեն չգիտի այդ մասին: Բայց «Արագիլն» ափսոս է, շատ է սիրուն ու շատ է երևանյան ու «Արագիլի» մեծատառ «Ա»-ն շատ հարազատ է քաղաքի գլխին: «Եսիմ»՝ գրած էր «Արագիլի» պատին: Եթե մի օր «Արագիլ» բառը հանվի շենքի վրայից, ճիշտ կլինի գրել «ԵՍԻՄ», որ քաղաքի բոլոր կողմերից երևա անհասկանալի ժամանակների մասին պատմող հայերեն հանճարեղ ու չթարգմանվող բառը:

Մեկնաբանություններ (3)

H.A. DerHova
Give it to me, I'll do something spectacular with it ;-)
Օլեգ Գասպարյան
Երևան մայրաքաղաքը դարձավ Եսիմի քաղաք։
Հրանտ
եթե մինչև հիմա Արագիլը չեն վերակառուցել,ուրեմՆ այդտեղ նախատեսված է ԱՌԱՆՁՆԱՏՒՆ կառւցել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter