HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բուլղարիա. հայկական պղնձի խոշոր գնորդներից մեկը

Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա, Գերմանիա և Բուլղարիա. սրանք այն երկրներն են, որոնց հետ Հայաստանն ունի առավել մեծ առևտրաշրջանառություն: 2017 թվականին այս հինգ երկրին միասին բաժին է հասնել Հայաստանի արտաքին առևտրի 52%-ը։

Բուլղարիան այս ցանկում հինգերորդն է։ Հայաստանի արտաքին առևտրի կազմում այս երկրի կշիռը 5.1%  է։ 2017-ին Հայաստան-Բուլղարիա առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 327 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 75.2%-ով։ Աճը գրանցվել է պղնձի արտահանման ծավալների մեծացման հաշվին։

Բուլղարիան Հայաստանի քիչ գործընկերից է, որի հետ առևտրային հաշվեկշիռը դրական է՝ ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում։ Սակայն, ցավոք, արտահանման ցուցանիշը ապահովում է միայն հանքահումքը։ Գրեթե նույն պատկերն է նաև Շվեյցարիայի, Չինաստանի ու Գերմանիայի պարագայում։

Հայաստան-Չինաստան. առևտրային երկրորդ գործընկերոջը միայն հանքահումք ենք վաճառում

Հայկական ոսկին փոխել է արտահանման ուղղությունը դեպի Շվեյցարիա

Նախորդ տարի Հայաստանից Բուլղարիա արտահանման ծավալն ամենաբարձրն է եղել վերջին տասը տարիներին։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` արտահանվել է ավելի քան 286 մլն դոլարի ապրանք։

Վերջին տարիներին հայ-բուլղարական առևտրաշրջանառությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Այն բարձր ցուցանիշներ է գրանցել 2010-2013 թվականներին, որից հետո նվազել է։  2016-2017 թվականներին՝ կրկին աճել։

2017-ին Հայաստանից Բուլղարիա արտահանումն աճել է 87.8%-ով, իսկ ներմուծումը՝ 18.9%-ով։

Հայաստանի արտահանման կազմում Բուլղարիայի կշիռը բավականին մեծ է, զբաղեցնում է 12.8%-ը, իսկ ներմուծման կազմում՝ ընդամենը 1%-ը։

Բուլղարիան ևս հայկական պղնձի խոշոր գնորդներից է

Վերջին տարիներին Հայաստանից պղինձն արտահանվում է հիմնականում Բուլղարիա, Չինաստան, Շվեյցարիա, Վրաստան ու Գերմանիա։

Բուլղարիայի հետ առևտրի պատկերն ավելի պարզ է դառնում, երբ ցուցանիշները դիտարկում ենք ըստ տարիների և ապրանքախմբերի։ Հայաստանից Բուլղարիա արտահանումը թռիչքային աճ է ունեցել 2010 թվականին։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ աճը պայմանավորված էր արտահանվող չզտած պղնձի ու ֆերոմոլիբդենի (երկաթահամահալվածք) ծավալների մեծացմամբ։ Դա էլ պայմանավորված է նրանով, որ 2010-2011 թվականներին պղնձի և մոլիբդենի միջազգային գները զգալի բարձր էին, ինչը բնականաբար ազդել է արտահանման արժեքի վրա։

Հետագա տարիներին Հայաստանը սկսել է Բուլղարիա արտահանել պղնձի խտանյութ։ 2014-ին պղնձի խտանյութի արտահանման ծավալները զգալի պակասել են, ինչի հետևանքով էլ նվազել է Հայաստանից Բուլղարիա արտահանման ցուցանիշը։ 2013-ի վերջերից սկսած պղնձի միջազգային գները կտրուկ ընկել են, ինչից հանքահումք արտահանող Հայաստանի տնտեսությունը շոշափելիորեն տուժել է։

Իսկ վերջին երկու տարիներին՝ 2016-2017 թվականներին, կրկին Հայաստան-Բուլղարիա առևտրի աշխուժացում է գրանցվում։ Ավելի կոնկրետ՝ պղնձի առևտրի։ Թեև 2017-ի տարեկան տվյալները Մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել, սակայն առաջին կիսամյակի և 2016-ի տվյալները ցույց են տալիս, որ աճը կրկին պայմանավորված է պղնձի արտահանմամբ։ Մասնավորապես, 2016-ին Հայաստանից Բուլղարիա արտահանվել է մոտ 152 մլն դոլարի պղնձի խտանյութ, որը գրեթե կրկնակի ավել է 2016-ի ցուցանիշից։

Կարելի է ասել, որ վերջին երկու տարիներին Հայաստանից Բուլղարիա է արտահանվում միայն պղինձ, քանի որ մյուս ապրանքատեսակների ծավալները շատ փոքր են։ Օրինակ՝ 2017-ի առաջին կիսամյակում, ըստ Մաքսային ծառայության վերջին տվյալների, Հայաստանից Բուլղարիա է արտահանվել 133.8 մլն դոլարի ապրանք, որից 133.6 մլն դոլարը պղնձի խտանյութն է, որի արտահանումը 2016-ի առաջին կիսամյակի համեմատ մոտ երկու անգամով աճել է։

 

Ինչ ենք ներմուծում

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Հայաստանը Բուլղարիայից քիչ է ապրանք ներմուծում։ 2017-ի առաջին կիասմյակում ներմուծվել է ընդամենը 15.4 մլն դոլարի ապրանք, որից 5.6 մլն դոլարը նավթ և նավթամթերքն է, 1.5 մլն դոլարը՝ հագուստն է, 1.3 մլն դոլարը՝ լվացող և մաքրող միջոցները, իսկ մնացածը՝ տարբեր ապրանքներ` ցածր մաքսային արժեքներով։

Ստացվում է, որ թեև Բուլղարիան Հայաստանի TOP-5 առևտրային գործընկերներից է, սակայն առևտրի տվյալները չեն կարող գոհացուցիչ լինել, քանի որ առևտուրը սահմանափակ ապրանքների հիման վրա, մասնավորապես՝ հանքահումքի, և միջազգային շուկայում պղնձի գների ցանկացած տատանում ազդում է առևտրի պատկերի վրա։

Այն մասին, որ Հայաստան-Բուլղարիա առևտրի ցուցանիշները բավարար չեն, նշել են նաև Հայաստանի և Բուլղարիայի նախագահները լրագրողների հետ հանդիպմանը։ Այս տարվա փետրվարին պետական այցով Հայաստան էր ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։ Շեշտվել է նաև առևտրաշրջանառությունը։ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Իհարկե, քննարկեցինք տնտեսական ոլորտի հարցերը. գոհունակությամբ փաստեցինք, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել: Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»։  Նույնանման տեքստով է հանդես եկել նաև Ռումեն Ռադևը. «Նախագահ Սարգսյանի հետ միասին քննարկեցինք մեր երկկողմ փոխհարաբերությունները, գոհունակություն հայտնեցինք վերջին տասը տարում մեր տնտեսական հարաբերությունների կայունությունից, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ ապրանքաշրջանառությունը բավարար չէ։ Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել այն և առավել ընդլայնել ոլորտները»։

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա՝ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով Բուլղարիան առաջատարների շարքում չէ և պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ էական ծավալի ներդրումներ Բուլղարիայից Հայաստան չեն հոսում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter