Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Չհաջողվեց ճեղքել էստոնական «ավտոբուսը»



Հայաստան-Էստոնիա ընկերական խաղից առաջ թվում էր, թե երկկողմանի սուր գրոհներով հետաքրքիր հանդիպում է սպասվում: Այն, որ մրցակիցը ԱԱ-2018-ի ընտրական փուլում 11 միավորով 6 թիմերի մեջ զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ վերջին ընկերական խաղն էլ 1-1 էր ավարտել շվեդների հետ, փաստում էր, որ Արթուր Պետրոսյանի թիմը բալթյան ընտրանուն թերագնահատելու իրավունք չունի: Չմոռանանք նաեւ, որ էստոնացիները ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 86-րդն են եւ 5 հորիզոնականով գերազանցում են մերոնց:

Այդուհանդերձ, խաղը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը առնվազն մի գլուխ բարձր էր Էստոնիայից, որը հանդիպման ժամանակի մեծ հատվածում սեղմվել էր սեփական կիսադաշտում ու գլխավորապես մտածում էր դարպասն անառիկ պահելու մասին: Պատահական չէ, որ խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Մարտին Ռեյմը գոհունակություն հայտնեց գոլ չընդունելու փաստից:

Հյուրերը քիչ թե շատ ակտիվություն դրսեւորեցին հանդիպման սկզբնամասում, սակայն դաշտի տերերին հաջողվեց խլել նախաձեռնությունն ու վերահսկել խաղի ընթացքը մնացած հատվածում: Էստոնացիների ստեղծած ամենավտանգավոր դրվագում մեր թիմին օգնության հասավ Արամ Հայրապետյանը, որն իր առաջին խաղն էր անցկացնում հավաքականում: Երկրորդ կեսում մեկ-երկու դրվագ եղավ, երբ եզրից գնդակը խաղի մեջ մտցնելով՝ հյուրերը որոշակի լարված իրավիճակ էին ստեղծում Հայրապետյանի դարպասի մոտ, սակայն ամենաիրական պահը նրանք ունեցան հենց առաջին կեսում:

Արթուր Պետրոսյանն այս անգամ հավաքական էր հրավիրել 3 դարպասապահների, որոնք երբեւէ հանդես չէին եկել թիմի կազմում: Դաշտ դուրս եկավ նրանցից ավագն ու փորձառուն՝ «Բանանցի» խաղացող Արամ Հայրապետյանը: Ճիշտ է, էստոնացիներն առանձնապես նրան չտանջեցին, բայց այն դրվագներում, որտեղ Հայրապետյանը պետք է դրսեւորեր իրեն, նա չթերացավ: Առաջին կեսում ճիշտ կողմնորոշվեց, ընդառաջ դուրս եկավ մրցակցի խաղացողին ու կրծքով հետ մղեց գնդակը, էստոնացիների գրոհների ժամանակ դարպասից անտեղի դուրս չէր գալիս, օդից եկած գնդակները վստահ էր ընդունում. սրանք շեշտում ենք, քանի որ հավաքականի մյուս դարպասապահներից Արսեն Բեգլարյանն այդպիսի դրվագներում խնդիրներ է ունենում: Արթուր Պետրոսյանը հետխաղյա ասուլիսում նշել է, որ դեռ խաղից առաջ որոշել են, որ էստոնացիների դեմ հանդես է գալու Հայրապետյանը, լիտվացիների դեմ՝ փյունիկցի Գոռ Մանուկյանը:

Գլխավոր մարզիչը որոշել էր պաշտպանական գիծը թողնել այնպիսին, ինչպիսին Հայաստան-Կիպրոս վերջին խաղում էր: Այն ժամանակ նշել էինք, որ Հովհաննիսյան-Հարոյան-Իշխանյան-Դաղբաշյան քառյակից հատկապես կենտրոնականներ Հարոյանն ու Իշխանյանը ավելի լավ են համագործակցում, քան Հայաստան-Բելառուս խաղում հանդես եկած Միքայելյան-Անդոնյան զույգը: Առանձնացրել էինք Վարազդատի ու Հայկի մի քանի որակներ՝ ֆիզիկական տվյալները, աշխատասիրությունը, համառությունը: Այս անգամ էլ զույգը ցույց տվեց, որ կարող է ամուր պատնեշ դառնալ ազգային թիմի թիկունքում: Այո, նրանք ընդամենը երկորդ խաղն են համագործակցում, սակայն սա կարելի է համարել հիմքը: Գուցե հենց այս դուետով հաջողվի լուծել պաշտպանության կենտրոնի գլուխկոտրուկը, որն իսկական գլխացավանք է դարձել մեր հավաքականի համար: Եթե Հարոյանի մասին անընդհատ կարելի է ասել, որ նա այս պահին մեր թիմի պաշտպանության գլխավոր հենասյունն է, ապա արժե առանձնացնել 29-ամյա Հայկ Իշխանյանին, ով ապացուցում է, որ այսքան ժամանակ հանիրավի դուրս էր մնացել հավաքականի մարզիչների տեսադաշտից: Երեկվա խաղում չնայած մեր թիմը գրեթե ամբողջ կազմով մասնակցում էր գրոհին, Հարոյանն ու Իշխանյանը հերթապահում էին դաշտի կենտրոնում, քանի որ մրցակիցը բարձրահասակ ու արագավազ խաղացողներ ուներ, որոնց նպատակը սուր հակագրոհներ ձեռնարկելն էր: Այդուհանդերձ, երկու կենտրոնականները մինչեւ խաղավարտ իրենց վերահսկողության տակ պահեցին դաշտի կենտրոնը՝ նպաստելով, որ մրցակցի կիսադաշտում հայտնված թիմակիցները կենտրոնանան հարձակողական գործողությունների վրա:

Պաշտպանության եզրերում, ի տարբերություն կենտրոնի, Պետրոսյանի ընտրությունն ավելի մեծ է: Աջից հանդես եկող Կամո Հովհաննիսյանը եթե լավ մարզավիճակում է, մրցակիցը միշտ էլ խնդիրներ է ունենում նրա արագության պատճառով: Մյուս կողմից՝ լավ է, որ Կամոյին այլընտրանք կա հանձին Հովհաննես Համբարձումյանի: Ձախ եզրում Գագիկ Դաղբաշյանը, ինչպես եւ Կամոն, վատ հանդես չեկավ: Նրանք ժամանակակից ֆուտբոլի եզրային պաշտպանների պես անընդհատ մասնակցում էին գրոհներին, չնայած պետք է շեշտել, որ մրցակիցը դա թույլ էր տալիս: Դաղբաշյանին լավ մրցակցություն կստեղծի Լեւոն Հայրապետյանը, ով, ցավոք, այս պահին հավաքականից դուրս է մնացել: Եթե Լեւոնը զերծ մնա վնասվածքներից ու լավ մարզավիճակ ձեռք բերի, հավաքականը դրանից միայն կշահի:

Հետաքրքիր էր Պետրոսյանի ընտրած կիսապաշտպանական գիծը: Հենակետայինի գոտում Ռումյան Հովսեփյանն ու Արտյոմ Սիմոնյանն էին, ենթահարձակվողի գոտում՝ Հենրիխ Մխիթարյանը, աջ եզրում՝ Գեղամ Ղադիմյանը, ձախում՝ Գեւորգ Ղազարյանը: Զարմանալի էր, որ ֆիզիկապես ամրակազմ էստոնացիների դեմ Հովսեփյանին ընկերակցում էր փոքրամարմին Սիմոնյանը, ով իր ոճով առաջ միտված խաղացող է: Այս գոտում կարելի էր սպասել Արտակ Գրիգորյանին, ով իսկական «քանդող» է, բայց նա դաշտ դուրս եկավ ավելի ուշ:

Չնայած ունեցած տարածքային մեծ առավելությանը՝ մեր թիմն այդպես էլ չկարողացավ ճեղքել էստոնացիների պաշտպանական «ավտոբուսը»: Քանի որ մրցակիցը հագեցրել էր պաշտպանության կենտրոնը, մնում էր ճեղքեր գտնել եզրերից: Բայց ո՛չ Ղազարյանը, ո՛չ էլ Ղադիմյանը չհաջողեցին, ու երկրորդ կեսում փոխարինվեցին: Պետրոսյանը նշեց, թե քանի որ Գեւորգն առայժմ քիչ խաղաժամանակ է ստանում Պորտուգալիայում, պատրաստ չէ 90 րոպե խաղալ: Եզրերից կիսապաշտպաններին աջակցող Դաղբաշյանն ու Հովհաննիսյանը նույնպես չկարողացան մեծ խնդիրներ առաջադրել հյուրերի պաշտպաններին:

Հերթական անգամ կարելի է առանձնացնել Ռումյան Հովսեփյանին: Այս ֆուտբոլիստը ոչ միայն գրագետ է պաշտպանվելիս, այլեւ գրոհի թեւում: Հենց Ռումյանի մասնակցությամբ մերոնք ստեղծեցին առաջին վտանգավոր պահը, երբ տուգանային հրապարակում մրցակցի հետ պայքարում մեր ֆուտբոլիստը քիչ էր մնում գոլ խփեր, բայց դարպասապահ Ակսալուն լավ ռեակցիա ցույց տվեց: Հովսեփյանը նաեւ երկու անգամ հեռվից հարված կատարեց, որոնք շեղ ստացվեցին, բայց միանշանակ ճիշտ որոշման արդյունք էին: Եթե չէր ստացվում հարվածային լավ դիրք դուրս գալ կամ վերջին հաջող փոխանցումը ստանալ, պաշտպանվող հյուրերն էլ 5-6 հոգով կուտակվել էին սեփական տուգանայինի մատույցներում, լավագույն տարբերակներից մեկը հեռվից հարվածներ կատարելն էր: Այսօրվա ֆուտբոլում հենակետային կիսապաշտպանները ոչ միայն գրոհ խափանողներ են, այլեւ դրա կազմակերպիչներ ու եզրափակողներ:

Մեր թիմը գոլ խփելու մի քանի իրական պահ ունեցավ: Ամենալավը, թերեւս, էստոնացիների դարպասին չնշանակված 11-մետրանոցն էր: Եթե առաջին կեսում վրացի գլխավոր մրցավար Վադաչկորիան ճիշտ կողմնորոշվեց ու հյուրերին չպատժեց 11-մ հարվածով, քանի որ գնդակը դիպավ պաշտպանի՝ մարմնին հպված ձեռքին, ապա երկրորդ կեսում մերոնց դժգոհությունը միանգամայն տեղին էր: Մրցակիցը փաստացի փակեց գնդակի ճանապարհը ձախ ձեռքով, որը հպված չէր մարմնին. ընդ որում՝ գնդակն ընթանում էր դեպի դարպասը: Թվաց, թե էստոնացի խաղացողներից մեկը մասամբ փակել է Վադաչկորիայի տեսադաշտը, սակայն դա միայն վերջինիս թերացումն էր, քանի որ պարտավոր էր ճիշտ դիրք ընտրել:

Արժե նշել, որ մրցավարն առնվազն երկու դրվագում ի վնաս մեզ գործեց: Մի դեպքում Մխիթարյանը պատրաստվում էր մտնել էստոնացիների տուգանային, սակայն նրան ձեռքերով հրեցին ու գցեցին, ու Վադաչկորիան չսուլեց, մյուս դեպքում Հարոյանը գնդակին խաղաց, ապա դիպավ մրցակցին, բայց վրացին տուգանային նշանակեց՝ հօգուտ հյուրերի:

Հայաստանի հավաքականի երկրորդ իրական հնարավորությունը Մխիթարյանի հարվածն էր տուգանայինից, որն Ակսելուն կարողացավ շեղել:

Հարձակման գծում մեծ ակտիվությամբ աչքի ընկավ Սարգիս Ադամյանը: Կարեւոր է, որ հարձակվողը շարունակաբար պրեսինգի դիմի մրցակցին: Ադամյանն այս առումով իր գործը լավ կատարեց՝ էստոնացիների հետին գծի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ դարպասապահին, չթողնելով թուլացնել զգոնությունը: Մյուս կողմից՝ նա ակտիվ էր, մասնավորապես, եզրային անցումներով գրոհներ կազմակերպելու դրվագներում, այսինքն՝ տեղաշարժվում էր գրոհի ճակատով:

Փոխարինման մտած ֆուտբոլիստներից նորեկի՝ Բալեկյանի մասին առայժմ վաղ է որեւէ դատողություն անել, քանի որ 20 րոպեից մի փոքր ավելի խաղաց: Նման դեպքերում սովորաբար թիմին հարմարվելու, մերվելու խնդիր է լինում: Հենակետային Արտակ Գրիգորյանը վատ չի հաստատվել իր դիրքում, Հովսեփյանի հետ կարող է ամրացնել դաշտի կենտրոնը, սիրում է դրիբլինգով առաջանալ դեպի մրցակցի պաշտպանության խորքը, ինչը մի կողմից գովելի է, մյուս կողմից՝ չպիտի չարաշահվի, քանի որ գնդակի կորուստը նրա դիրքի խաղացողի կողմից մեծ ռիսկ է պարունակում: Գրիգորյանը երբեմն անհաշվենկատ փոխանցումներ է կատարում, որոնք անմիջապես մեր դարպասի ուղղությամբ հակագրոհի սկիզբ են դառնում: Էդգար Մալաքյանը չնայած նախորդ խաղերի պես աչքի է ընկնում ակտիվությամբ, անընդհատ վազքի մեջ է, բայց ՕԳԳ-ն ցածր է, մրցակցի տուգանայինում պակասում է սրությունը: Նույնը կարելի է ասել Տիգրան Բարսեղյանի մասին, ով կարող է խաղալ թե՛ որպես ենթահարձակվող, թե՛ եզրային, թե՛ հարձակվող: Ընդհանրապես, գրոհի եզրում հանդես եկող ֆուտբոլիստը պետք է առաջին հերթին ճարպիկ լինի ե՛ւ մտքով, ե՛ւ ֆիզիկապես, այլ կերպ ասած՝ մրցակցից մեկ քայլ առաջ մտածի ու գործի: Նման խաղացողն(երը) այսօր պակասում է մեր հավաքականին, ինչով էլ, թերեւս, պայմանավորված է 0-0 հաշիվը:       

Դժվար է չհամաձայնել Արթուր Պետրոսյանի հետ, ով ասել է, թե Լիտվան Էստոնիայից թույլ է: Նախ՝ պատահական չէ, որ լիտվացիները հիմա աշխարհում 147-րդ տեղում են. թիմի ցույց տված արդյունքներն են հանգեցրել դրան, մյուս կողմից՝ երեկ Լիտվան հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվել է Վրաստանին, որը ներկայում 101-րդն է աշխարհում: Չնայած Հայաստանի հավաքականը չկարողացավ անցնել էստոնական «ավտոբուսի» միջով, կարելի է ենթադրել ու հուսալ, որ լիտվացիների դեմ ավելի հետաքրքիր խաղ եւ գոլեր են լինելու:           

Լուսանկարները՝ ffa.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ