Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Փոխնախարարը հավաստիացնում է` դեղատոմսի վրա կնիքի առկայությունը պարտադիր չէ



Նախորդ տարիների ընթացքում Առողջապահության նախարարությունն առնվազն երկու անգամ փորձ է արել հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգն ուժեղացնել, սակայն քննարկումներից հետո դրանք հետ են ուղարկվել նախարարություն։

Այս մասին խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրած «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

«Մենք բոլորս լավ գիտենք, որ դեղատները, առանց դեղատոմսի, դեղատոմսով դուրս գրվող դեղերի ազատ վաճառք էին իրականացնում, սա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր մտավախություններով, հարևանների, ծանոթ բժիշկների համոզմամբ գնում էր դեղատուն և ասում՝ աջ կողքի ցավ ունեմ, ի՞նչ կառաջարկեք։ Դեղատան աշխատակիցն էլ առաջարկում էր դեղեր, և ոչ ոք չէր կարող վերահսկելի դարձնել այդ դեղերի նշանակումը, հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն է այն թողել մարդու օրգանիզմի վրա, և արդյոք այն դեղերը, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են, վնաս չեն հասցնում հիվանդներին»,-ասաց փոխնախարարը։

Վերջինիս համոզմամբ՝ այս հարցում նախարարության կարծիքը միանշանակ է՝ դեղերի բնագավառում նման իրավիճակ չի կարող լինել․ «Դեղատոմսով դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն միայն դեղատոմսով»։

«Շատ հաճախ մեր բժիշկները, առանց դեղատոմսի, որոշակի բլանկների վրա նշումներ կատարելով` ուղղորդում էին հիվանդներին ոչ միայն անվանական դեղի ձեռքբերման, այլև դեղատան կողմից, այս երևույթի մասին տեղեկացվել ենք տարիներ շարունակ, բայց չունեինք լուծումներ և չէինք կարող վերահսկելի դարձնել այն»,- ասաց նա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ գործընթացը բաժանված է երեք փուլի՝ նախ հակաբիոտիկների դուրս գրումն է դեղատոմսով իրականացնելու, ապա՝ լուծույթները, ներերակային դեղերը, իսկ արդեն  հոկտեմբերի մեկից ամբողջ կարգն է գործելու ըստ դեղատոմսերի։

Փոխնախարարի խոսքով՝ կարգի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ դեղատոմսի վրա պարտադիր պայման չէ կնիքի առկայությունը, բժիշկը միայն ստորագրում է ձևաչափի վրա և կնքում ըստ ցանկության։

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որքանով էր հանրությունը պատրաստ նման համակարգի ներդրմանը, ապա հարց ուղղեց կեղծ դեղերի մասին՝ հիշեցնելով, որ շատերը Եվրոպայից են դեղեր ներկրում։ Փոխնախարարն արձագանքեց, որ ընտրվել է փուլային տարբերակը՝ հենց հաշվի առնելով հանրության պատրաստվածությունն այս հարցում։ Ինչ վերաբերում է կեղծ դեղորայքի հարցին, Սերգեյ Խաչատրյանն ասաց․

«Դեղատոմսը փաստաթուղթ է, որն անցնելով բժշկի ձեռքից հիվանդին, ապա դեղատուն, հստակ փոխհարաբերություններ, պատասխանատվություն է կառուցում, այս կարգով  դեղատոմսը տեսանելի է  դարձնում դեղի շարժը, թե ինչպես է ներմուծվել, ով է ներմուծել, ով նշանակել, ինչպես է օգտագործվել և տալ գնահատականներ ու կատարել քաղաքական որոշումներ»։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը բարձրացրեց դեղատոմսերի ստորագրված լինելու հարցը․

«Սա մեր իրականության մեջ շարունակում է որոշակի առումով խնդրահարույց մնալ, դեղատնային գործունեությամբ զբաղվող մի շարք սուբյեկտներ չգիտես ինչու պահանջում են կնիք, բայց դուք հայտարարեցիք, որ այն պիտի միայն պարտադիր ստորագրված լինի»,- ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցառումներ է իրականացնում նախարարությունը քաղաքացիներին նման անհարկի անհարմարություններից ձերբազատելու համար։

Փոխնախարարն արձագանքեց, որ այս հարցով խնդիրն առաջ է եկել կարգի իրականացման ընթացքում։

«Մենք հիմա ավելի շատ գանգատ ենք ստանում նրանից, որ դեղատոմսի վրա կնիք չենք պահանջում, այս հարցով իրազեկման աշխատանքներ պետք է կատարենք»,- ասաց Խաչատրյանը։

Փոխնախարարի խոսքով՝ խնդիր էր առաջացել կարգի գործման առաջին օրը, երբ հանրության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մարտի մեկից բոլոր դեղերը դուրս են գրվելու միայն դեղատոմսով։

«Չնայած տասնյակ անգամ ցանկերը հրապարակեցինք, որ այս դեղերն են միայն դեղատոմսով, կրկին լսող չկար, ու անընդհատ նույն հարցն էր հնչում՝ ինչպես կարող են բոլոր դեղերը դեղատոմսով դուրս գրվել»,- մանրամասնեց Խաչատրյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ