Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Ինչպես երկրի, այնպես էլ գիտության և գիտնականի վիճակն է»



Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի ղեկավար Ղազար Գալոյանին շատերը գուցե հիշեն հեծանիվի հայտնի պատմությամբ:

4 տարի առաջ Գիտություների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական խնդիրներին՝ Գալոյանն ասել էր, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գիտնականների համար: Նա նշել էր, որ մնալու և աշխատելու է Հայաստանում, բայց միևնույն ժամանակ ակնկալում է մարդավայել աշխատավարձ և ապրելու ու գործելու մարդավայել պայմաններ: Գիտնականն ավելացրել էր, որ այսօր մեր երկրում մեկը մի քանի մեքենա ունի, իսկ մյուսն անգամ կոշիկ չունի, որ աշխատանքի գնա: Նա նշել էր, որ տարբեր հավաստագրերից զատ գիտնականներին անհրաժեշտ է խրախուսել թեկուզ փոքր պարգեւներով, ենթադրենք, հեծանիվով, որը քաղաքակիրթ երթևեկության միջոց է. «Երբ մեր նախարարները աշխատանքի կգնան հեծանիվով, այդ օրից կսկսի ազգի բարեկեցությունը»:

Գիտնականի ասածը առարկայական էր ընդունել ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, թե ինքն անձամբ է խոստանում հեծանիվ նվիրել Գալոյանին: Սրան ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքել էր՝ «նախարարների՞ն, թե՞ երիտասարդ տարիքից մի քիչ բարձր տարիք ունեցող մեր հարգարժան ընկերոջը»:

Երկրաբանական գիտությունների թեկնածու, տիեզերքի մասին գիտությունների (Ֆրանսիա) դոկտոր, Հայաստանի 100 արդյունավետ գիտաշխատողների ցանկում ընդգրկված Ղազար Գալոյանը նշում է, որ հեծանիվի պատմությունը մի քիչ վիրավորական ստացվեց, քանի որ իրականում իր խոսքերն ուղղված էին նախարարներին, բայց անմիջական հասցեագրումը գուցե կռվի նմանվեր, այդ պատճառով ինքը նրբորեն է մոտեցել հարցին: Հեծանիվը, ըստ նրա, փիլիսոփայություն է, մշակույթի ձև, մինչդեռ դահլիճում ներկաներն այն առարակայական ընդունեցին: «Եթե այդ ժամանակ նախարարին դիմեի (նկատի ունի այն ժամանակվա ԿԳՆ Արմեն Աշոտյանին- հեղ.), որը ներկա էր դահլիճում՝ պնդելով, թե ինչու եք այդքան թանկարժեք ծառայողական մեքենա առնում, փոխարենը դպրոցների կամ մանկապարտեզների տանիքները կամ աստիճանավանդակները վերանորոգեք, միգուցե դա կռվի նմանվեր: Ընդամենը փորձեցի կոչ անել, որ հեծանիվի անցնեն»,- ասում է նա:

Գիտնականի խոսքով՝ շատերը կարծեցին, թե ինքը հեծանիվի կարիք ունի, թեև խոսքերն այլ ենթատեքստ ունեին: Տեղյակ չէ՝ եղա՞ն նախարարներ, որ այդ ելույթից հետո ախորժակները սահմանափակեցին կամ շռայլ ծախսերը կրճատեցին:

Գալոյանը գիտության ոլորտում է 1996 թվականից: Հիշում է, որ այն տարիներին վստահություն չկար գիտության և առհասարակ Հայաստանի ապագայի հանդեպ, այն մշուշոտ էր: Բայց ԵՊՀ-ում սովորելու տարիներին դասախոսներից մեկը հուշել էր, որ նրա ապագան գիտության մեջ է. այդպես էլ ԵՊՀ-ից հետո մտավ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ: «Եկա, տեսա մարդիկ ցրտի պայմաններում տաք հագնված, այսպես կոչված, բուշլատներով նստած էին իրենց աշխատասենյակներում: Մի պահ սարսափեցի, թե էս ուր եմ եկել»,- ասում է գիտնականը: Հետագայում ԵԳԻ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և մինչ օրս շարունակում է աշխատել այստեղ:

-Գիտության վիճակը լավացա՞վ այս 22 տարիներին:

-Փորձեմ մեր ինստիտուտի օրինակով խոսել, քանի որ մյուսներին մոտիկից ծանոթ չեմ, թեև շփում կա: Լավ գիտնականներ կային, որոնք այսօր չկան, այդ տեղերը համալրվեցին երիտասարդներով: Ոմանք դա համարում են լավ, ոմանք՝ ոչ: Աշխատավարձերն, ինչ խոսք, համեմատաբար բարձրացան: Աշխատանքի եմ ընդունվել 6000 դրամ աշխատավարձով, պահումներից հետո մնում էր 4600 դրամ, այսօր արդեն 90 հազար է:

-Բայց մնացիք, աշխատեցիք այդ գումարով:

-Երբ սիրում ես գործը, երբ զգում ես, որ անելիք ունես, ի վիճակի ես որոշ նորարարություններ կամ լրացումներ կատարել նախկին հեղինակների արածներից հետո, շարունակում ես աշխատել: Արդեն հայ-ֆրանսիական կապերն էին ստեղծվել, ինքնըստինքյան լավ գիտնական դառնալու հեռանկար կար, գիտության արդիական խնդիրներով զբաղվելու հնարավորություն կար, այն ժամանակվա համար անալիտիկ, ժամանակակից հնարավորություններն օգտագործելու, նոր խոսք ասելու հնարավորություն կար: Իսկ երբ արդեն անցել ես այդ ճանապարհը, շատ դժվար է 180 աստիճանով թեքվել և մոռանալ այդ ամենը՝ ասելով, թե գիտությամբ էլ չես զբաղվում:

Այսօր շատ տխուր է վիճակը, որովհետև արտասահման գնալ-գալու հեռանկարը դժվարանում է՝ տարիքով պայմանավորված: Տարիների ընթացքում ավելի է ամրապնդվում Հայաստանում մնալու հեռանկարի հույսը: Բնականաբար, աշխատավարձը, որ կոչվում է բազային, ոչ ոքի չի գոհացնում, բայց մարդիկ կան, որ դա ստանում են որպես նպաստ, քանի որ գիտությամբ լիարժեք չեն զբաղվում: Այդ դրամական միջոցները հաճախ ոչ միշտ են նպատակին ծառայում, գումարների փոշիացում է տեղի ունենում: Այսօր Գիտության պետական կոմիտեն փորձում է ելք գտնել, ֆիլտրեր օգտագործել՝ փոշիացումը կասեցնելու համար, քիչ թե շատ ստացվում է, բայց լիարժեք արդյունք չունենք, որ գոհացնի աշխատող գիտնականին: Չաշխատողներն էլ են հաճախ դժգոհում, թե ցածր է աշխատավարձը, դրա համար էլ իրենք լիարժեք չեն զբաղվում, չեն կարողանում դաշտ գնալ, անալիզներ անել և այլն: Արդարացվա՞ծ է դա, թե՞ ոչ, չգիտեմ: 22 տարիներին աշխատավարձը բարձրացավ, բայց մեր օրերում դարձյալ մնում է ծայրահեղ նվազագույն՝ 200 դոլարից մի քիչ պակաս. լավատեսություն արդեն չկա, ուղղակի մի փոքր հույս կա, որ կկարողանանաք թեմատիկ ֆինանսավորում ունենալ:

Չէի ցանկանա, որ գրանտները գերակա լինեին մեզ համար, որովհետև երբ մարդ ուզում է զբաղվել իր սիրած գիտական ուղղությամբ, գրանտ չի գտնում դրա համար: Գրանտները (թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր զբաղվում են դրանցով) հիմնականում գալիս են ավելի շատ կողմնակի, սիրողական հարցերի համար, որոնք բուն գիտությանը, կարծում եմ, չեն նպաստում:

Չեմ ուզում թերագնահատել մեր գիտական հանրության կատարած աշխատանքը, ներկայացրած հայտերը, բայց երբ տրամադրվող միջոցները քիչ են, բնականաբար, բոլոր թեմաները չեն կարող անցնել՝ անկախ լավը կամ վատը լինելուց: Վերմակը փոքր է, հետևաբար, այն իրենց վրա քաշելու խնդիր է առաջանում, ու կարող է ստացվի այնպես, որ մի քիչ ավելի ճարպիկներն ավելի շուտ քաշեն իրենց վրա, և շատերի մոտ կառաջանա հիասթափություն գիտությամբ զբաղվելու վերաբերյալ:

-Կարճ ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա գիտության վիճակը:

-Ինչպես երկրի, այնպես էլ գիտության և գիտնականի վիճակն է: Ոմանք գլուխները թաքցրել են և օգտվում են այս փոքրիկ փշրանքներից, իրենց չի հետաքրքրում գիտության ներկա վիճակը և ոչ էլ ապագան, ոմանք էլ իրենց կոտորում են, որպեսզի կարողանան փրկել այդ փշրանքները կործանումից: Երիտասարդների համար էլ ինչ-որ առումով գիտության ոլորտը դարձել է նախնական շրջանում կայանալու միջավայր, հետո, եթե ստացվի, արտասահմանյան գործուղումների գնալ… Մեծամասամբ այլևս չեն վերադառնում, որովհետև երբ մարդը դուրս է գալիս, տեսնում է գիտական կյանքն իր բոլոր դժվարություններով ու գրավիչ կողմերով, այլևս մտածում է, որ Հայաստանը շատ նեղ է գիտությամբ զբաղվելու համար:

-Հատկապես վերջին տարիներին կառավարությունը գիտնականներից կիրառական արդյունք է ակնկալում: Նույնիսկ դժգոհության որոշակի տարրեր կան գործադիրի հայտարարություններում:

-Կառավարությունը երևի լավ չի պատկերացնում գիտություն-գիտնական եզրույթը: Նրանց թվում է, թե եթե գիտնական ես, կարող ես միանգամից հասնել կիրառական ոլորտի և դետալներ արտադրել: Այդպես չէ, և ամբողջ աշխարհում էլ այդպես չէ:

Այն երկրները, որոնք այցելել եմ, հիմնականում զբաղված են հիմնարար հետազոտությամբ և նրանց իշխանություններին դա ամենևին չի մտահոգում. նույնիսկ օգնում են Հայաստանին և այն երկրներին, որոնք սեփական միջոցներ, անալիտիկ սարքեր չունեն, իրենց միջոցներից կատարում են այնպիսի ծախսեր, որոնք կիրառական եկամտի կամ արդյունքի չեն հանգեցնում: Աշխարհում կիրառական արդյունքները քիչ տոկոս են կազմում, գլխավորը հիմնարար, ֆունդամետալ ուղղություններն են: Իսկ եթե մարդ զբաղված է ֆունդամենտալ գիտությամբ, չի էլ մտածում, որ կարող է կիրառական արժեք ստեղծել մի օր: Ֆունդամետալի հիմնական խնդիրը կարդալ, լրացնել, համեմատել, վերլուծելն է: Այս ուղղությամբ զբաղվող գիտնականները միշտ համեմատում են իրենց արդյունքներն ուրիշների հետ, թե ինչքանով է այն նորարարական, արդիական:

-Գիտնականները մշտապես հարցեր են բարձրաձայնում գիտության վիճակի մասին: Կարծում եք՝ իշխանությունները լսո՞ւմ են:

-Լսում են, բայց ականջալուր չեն, որովհետև միշտ պատճառաբանում են, թե բոլոր ոլորտներում էլ ֆինանսավորման խնդիր կա, պետք է բանակը պահել, դպրոցը պահել…

-Այսինքն՝ գիտությունն առաջնահերթ չէ՞:

-Այո, առաջնահերթ չէ: Այսօր կառավարության ծրագրերում կարդում ենք, որ գիտությունը Հայաստանում գերակա ճյուղ է: Ավելի քան 10-15 տարի վարչապետները գիտության մասին խոսելիս շեշտում են գիտելիքահենք տնտեսության մասին, բայց երբեք քայլեր չարեցին, որ այդ գիտելիքահենքը կյանքի կոչվի:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Իտալիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից երեք համալսարանական կենտրոնների հետ ունեցա բուռն նամակագրություն: Եթե մենք նույնիսկ առանց աշխատավարձի էլ գանք ինստիտուտ, պարտավոր ենք պահպանել այդ կապերը նրանց հետ կամ էլ պիտի գրենք, որ մեզ մոռացեք, իսկ դա մեր պետության շահերից չի բխում, քանի որ համագործակցության մեխը մեր պարագայում հայաստանյան ապարներն են: Եթե մենք չհամագործակցենք, այդ գիտնականները կգան, իրենց ուսումնասիրությունները կանեն այստեղ, իսկ հետո, ժողովրդական լեզվով ասած, խելքերին ինչ փչի, կգնան կգրեն՝ հաշվի չառնելով մեր դիրքորոշումը: Եվ գուցե համարեն, որ Հայաստանն էլ աֆրիկյան երկրների պես է՝ կյանքից կտրված, գիտելիքից հեռու: Մի քիչ նաև թասիբի հարց կա. շատ ժամանակ դաշտում նմուշարկելիս, անուններ դնելիս, տվյալ առաջացումները նկարագրելիս բանավեճեր են լինում. չիմանան, թե խոպան տեղ են եկել, տեղում մարդիկ կան, ովքեր պակաս չեն հասկանում, բայց, ցավոք, չունեն այն արդիական նյութատեխնիկական բազան, որ կարողանան անալիզներ կատարել, հրատարակվել դրսի հանրահայտ պարբերականներում և առաջատար դիրքեր զբաղեցնել:

-Եթե դրսում աշխատելու հնարավորություններ ունեցել եք և ունեք, ի՞նչն է Ձեզ պահում այստեղ՝ Հայաստանում:

-Նախ՝ ընտանիքս, մեծ ընտանիքս՝ ծնողներ, եղբայրներ, հարազատներ… Հայաստանը լավ երկիր է, շատ եմ սիրում իմ հայրենիքը: Կարող էի, անշուշտ, 2008-ին Ֆրանսիայում մնալ, այնտեղ պաշտպանելուց հետո առաջարկ եղավ մնալ Նիսի համալսարանում ասիստենտի կարգավիճակով, ասացի՝ ոչ, գնում եմ իմ երկիրը:

Այսօր հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով, որն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բայց նա Հայաստանի ֆուտբոլիստը չէ: Եթե դրսում ունենք լավ գիտնականներ, նրանք չեն աշխատում Հայաստանի համար, օրինակ՝ Ֆրանսիայում աշխատող հայ գիտնականը ֆրանսիական գիտության ներկայացուցիչն է: Ես կուզենայի, որ Հայաստանը ներկայացնեինք, որ հրապարակումների տակ նշվեր Հայաստանի ԳԱԱ-ի անունը:

-Ի՞նչ կցանկանայիք, որ փոխվեր Հայաստանի գիտության ոլորտում:

-Կցանկանայի, որ իշխանությունների վերաբերմունքն առ գիտությունն ու գիտնականը փոխվեր: Այսօր Հայաստանում հեռուստացույց նայեք, կձանձրանաք՝ թեթևսոլիկ շոուներ են, սրտաճմլիկ կամ իրար վրա կրակող, սպանություն ցույց տվող սերիալներ: Զարմանում եմ, որ չունենք հաղորդաշարեր գիտության մասին, որ գիտնականին կանչեն, հարցեր տան: Մի ուրիշ բան էլ ասեմ՝ ինչո՞ւ պիտի մեր դպրոցներում հանրամատչելի դասախոսություններ չլինեն բարձր դասարանների աշակերտների համար: Երեխաները պիտի շփվեն, հասկանան, թե ինչ է գիտությունը, որպեսզի որոշեն՝ կարո՞ղ են դառնալ գիտնական, թե՞ ոչ: Այլ ոչ թե համալսարանն ավարտեն, բայց չհասկանան, թե ինչ մասնագիտություն են ստացել: Լավ կլինի, որ կրթության և գիտության նախարարությունն անմիջական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ:

Այսօր ակադեմիայի աշխատակիցների մեծ մասը կտրված է կրթական ծրագրերից, համալսարանում գրեթե մուտք չունենք, որովհետև այն ունի իր դասախոսներն ու յոլա է գնում, մենք էլ մենակ փորձում ենք լինել չոր ու ցամաք գիտաշխատողներ, հոդված գրել, կարդալ… Նույնիսկ կապ չկա, որ մեր ստացած նոր գիտելիքներն ու փորձը կարողանանք հաղորդել ուսանողներին:

-Հայաստանի գիտության ապագայի մասին ի՞նչ եք մտածում:

-Գիտության ապագան կախված է երիտասարդներից, որոնք պետք է գան: Եթե մի 20 տարի առաջ մտածում էինք, որ 5-6 տարի հետո Հայաստանը ծաղկուն երկիր կդառնա, կունենանք հարուստ, տնտեսապես կայացած երկիր և կզբաղվենք գիտությամբ, այսօր այդ հեռանկարը չեմ տեսնում, որովհետև առաջին հերթին տղաները, բանակի խնդրով պայմանավորված, դուրս են մնում գիտության ոլորտից, ավելի շատ աղջիկներն են գալիս այս ոլորտ, ու ամենակարևորը՝ ինչքան էլ պտտվում ենք, պտույտը գումարի շուրջ է: Եթե լավ վաստակելու հեռանկար չկա, ոչ մի երիտասարդ էլ չի ցանկանում շռայլություն թույլ տալ, իր կյանքի լավագույն տարիներն անցկացնել գիտության տաճարի ներսում՝ հետ մնալով կյանքի բոլոր դրական և գեղեցիկ կողմերից:

-Լավատեսություն չկա՞:

-Լավատեսությունը մեր երկիրն է, որ շատ անուշիկ երկիր է, և հույսը, որ մի օր խելքի կգանք ու կկառուցենք մեր երազանքների Հայաստանը, կլինի դա ներկայիս, թե ավելի խոշոր հողակտորի վրա: Միակ լուսավոր կետն այդ հույսն է, որ մի օր խելամիտ ազգ կդառնանք, թև թևի կտանք, չենք մտածի Ռուսաստան կամ այլ երկիր գնալու, մեր տղաներին փախցնելու, բանակից թաքցնելու մասին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ