ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Փոխնախարարը՝ հոգեմետ դեղերի ձեռքբերման մասին․ «Կարգը մշակելիս թմրամոլների մասին բացարձակ չեմ մտածել»



«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու» թեմայով խորհրդարանական լսումներին Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ հոգեմետ դեղերի ձեռքբերման ավելի հեշտ ընթացակարգ է լինելու։

«Այն հիվանդները, որոնք իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն և ցավային սինդրոմ, որը չի կարող բուժվել, և նրանք կարիք ունեն թմրամիջոցների, այդ դեպքում նախկին կարգը պահանջում էր մոտ երեքից չորս կնիքներ և մի քանի ստորագրություններ, որ հիվանդը կամ նրա հարազատները գնային դեղը ստանային: Հիմա այս արգելքները հանված են»,- ասել էր փոխնախարարը:

Փոխնախարար Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ նախարարությունը մտավախություն չունի՞, որ հեշտացված ընթացակարգից կարող են օգտվել նաև թմրամոլությամբ տառապող անձինք, ինչին Խաչատրյանը պատասխանեց․ «Ես այս կարգը մշակելիս թմրամոլների մասին բացարձակ չեմ մտածել, ես մտածել եմ այն հիվանդների մասին, որոնք ամեն օր մահանում են և սուր ցավերի պատճառով թմրամիջոցների կարիք ունեն, իսկ իրենց հարազատները չեն կարողանում պատշաճ ձևով ժամանակին դեղը ստանալ։ Դա օրինական շրջանառությունն է, իսկ անօրինական շրջանառության համար կան պատկան մարմիններ, որոնք համապատասխան քայլեր կարող են ձեռնարկել»։

Փոխնախարարը համաձայնեց, որ միայն բժշկի նշանակմամբ հոգեմետ դեղամիջոց ձեռք բերելն ավելի հեշտացված է, սակայն ռիսկային չգնահատեց այդ քայլը:

«Որովհետև ասում ենք, որ բուժող բժիշկն իր իմացությամբ, ցուցումների ու հակացուցումների պայմաններում գնահատում է թմրամիջոց նշանակելու անհրաժեշտությունը և կարող է նշանակել այն, ինչպես ցանկացած այլ դեղ է նշանակում»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ դեղատոմսերով դեղորայք դուրս թողնելը փուլերով իրականացնելն ավելի արդյունավետ կլինի, քանի որ խնդիրներն ավելի ակնառու կլինեն, և հաջորդ փուլում դրանք ուղղելու հնարավորություններ կլինեն։

«Եվ հանրությունն էլ ավելի պատրաստ կլինի հաջորդ փուլերի համար։ Սա վարքագծային լուրջ փոփոխություն է, եթե մարդը սովորել է, որ հենց ատամը ցավի, ինքը պետք է հակաբիոտիկ գնի օրվա ցանկացած պահին, ապա դա իր վարքագիծն է, և այն փոխելու խնդիրը հեշտ չի լուծվելու, պարզ  է, որ կլինեն դժգոհություններ»,- ասաց նա։

Այս թեմայով լսումների մասին կարող եք կարդալ այստեղ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ