HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել պաշտոնյայի դստեր` գործունեությունը ժամանակավորապես դադարեցված ընկերության հետ

Պետական մարմինները շարունակում են իրենց կարիքների համար ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների հետ:

2018թ․ մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանի դստեր՝ Ալիտա Ադամյանի ընկերության հետ:

«Ակադա պրինտ» ՍՊ ընկերությունը քաղաքապետարանի համար պետք է տպագրի աղբահանության վճարների անդորրագրեր: Պայմանագրով տպագրվելու է 945 000 անդորրագիր, յուրաքանչյուրը՝ 9 դրամով: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 8.5 միլիոն դրամ:

Անհասկանալի է, թե ինչպես է  «Ակադա պրինտ»-ը քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել, եթե հարկային ծառայության պաշտոնական կայքի տվյալներով՝ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Ստացվում է՝ ՊԵԿ-ի տվյալներով ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն մրցույթում շահում և պայմանագիր է կնքում։ «Հարկային օրենսգիրք»-ով՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ընկերությունը պարտավոր է գործունեությունը վերսկսելիս հարկային մարմնին տեղեկացնել այդ մասին:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ակադա պրինտ» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի հունիսին: Հիմնադրման ժամանակ ընկերության սեփականատերերից մեկը եղել է Կամո Ադամյանի կինը՝ Ալինա Դանիելյանը և Լիլիթ Գրիգորյանը, սակայն 2012 թվականից նրանք դադարել են ընկերության սեփականատերերը լինելուց և ընկերության 100 տոկոս բաժնեմասը անցել է Կամո Ադամյանի քսանամյա դստերը: Իսկ 2017 թվականի հունիսից ընկերության տնօրենի պաշտոնին Ադամյանի  մյուս դուստրն է՝ Դիանա Ադամյանը:

Ի դեպ, առաջին տարին չէ, որ այս ընկերության հետ պետական մարմինները պայմանագրեր են կնքում:

2013 թվականին Վերահսկիչ պալատը հրապարակել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրման, բաշխման և օգտագործման գործընթացի վերահսկողության արդյունքների մասին հաշվետվություն, որում «Ակադա պրինտ»-ին ևս անդրադարձել է:

Մասնավորապես՝ Վերահսկիչ պալատը պարզել է, որ սոցիալական ապահովության ծառայությունը 2012 թվականի հոկտեմբերին «Ակադա պրինտ»-ի հետ կնքել է 150 000 հատ  անաշխատունակության թերթիկների տպագրության պայմանագիր՝ մեկ թերթիկի համար վճարելով 137 դրամ, իսկ նույն նմուշի 170 000 ձևաթղթի համար 2013 թվականի հուլիսին «Նորք» կենտրոնին վճարել է 64.8 դրամ:

Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ եթե սոցիալական ապահովության պետական ծառայությունը «Ակադա պրինտ»-ի փոխարեն թերթիկները տպագրեր «Նորք» կենտրոնի միջոցով և յուրաքանչյուրի համար վճարեր 64.8 դրամ, ապա պետական բյուջեից կխնայվեր   10 մլն 830 հազար դրամ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հրապարակած զեկույցով՝  «Ակադա պրինտ»-ը 2011թ. դեկտեմբերին ավելի բարձր գնային առաջարկով հաղթել է  Սոցիալական ապահովության պետական ծառայության վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների  և կենսաթոշակի վկայականների տպագրության մրցույթում:

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը եղել է նաև ազգային վիճակագրական ծառայության և էներգետիկայի նախարարության տնտեսական բաժնի պետ, նույն նախարարության գլխավոր աուդիտոր, ապա աշխատել է որպես արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ, աշխատակազմի ղեկավար,  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։

Առաջին լուսանկարը՝ քաղաքապետարանի ֆեսյբուքյան էջից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter