ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

ԱՄՆ-ն, Կանադան և Եվրամիության մի շարք երկրներ արտաքսում են ռուս դիվանագետներին



Վաշինգտոնը որոշում է կայացրել՝ արտաքսել 60 ռուս դիվանագետների՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը: 

60 դիվանագետներից 12-ը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչության աշխատակիցներ են, ովքեր, ըստ Վաշինգտոնի, առնչություն ունեն ռուսական հետախուզությանը և չարաշահել են իրենց դիվանագիտական լիազորությունները:

ԱՄՆ-ի օրինակին է հետևել նաև հարևան Կանադան, որտեղից կարտաքսվեն 4 ռուս դիվանագետներ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է 13 ռուս դիվանագետի արտաքսման մասին:

Մնացածները Եվրամիության անդամ 15 պետություններ են: Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կարտաքսեն 4, իսկ Իտալիան՝ 2 ռուս դիվանագետի:

Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդները, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Խորվաթիան և Հունգարիան:

Ավելի ուշ, ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարեց նաև Եվրամիության անդամ չհանդիսացող Նորվեգիան:

Փոխադարձ մեղադրանքներ և դիվանագետների
արտաքսում. Սկրիպալի թունավորման պատմությունն ու հետագա զարգացումները

Մի քանի օր առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին հետ կանչելու մասին: Յունկերի խոսքերով՝ դեսպանը հետ է կանչվել, որպեսզի նրան տեղեկություններ հաղորդեն մարտի 22-23-ը Բրյուսելում Սկրիպալի թունավորման գործով քննարկումների մասին:

Արձագանքելով մոտ երկու տասնյակ երկրներից ռուս դիվանագետների արտաքսմանը՝ պաշտոնական Մոսկվան մեկ անգամ ևս շեշտել է, որ ոչ մի կապ չունի Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ: Միևնույն ժամանակ ռուսական կողմն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի մասով համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիան արտաքսել էր 23 ռուս դիավանգետների, ինչին հետևել էր Ռուսաստանի պատասխանը՝ նույն քանակությամբ բրիտանացի դիվանագետների արտաքսումը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքի կենտրոնում հայնաբերվել էին Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ անգիտակից վիճակում, ովքեր, ըստ բրիտանական կողմի, ենթարկվել էին խորհրդային տարիներին Մոսկվայում արտադրված «Նովիչոկ» (Новичок) խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը:

Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները գտնվում են լարվածության գագաթնակետին: Բրիտանական կողմը կարծում է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործին առնչություն ունի Կրեմլը: Ռուսական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները:

Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ