HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը ցուցմունք տվեց քննիչի վերաբերյալ կաշառքի գործով

Կաշառքի գործով անցնող քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն  Գասպարյանի գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հայկ Մովսեսյանը: Վերջինս դատախազական վերահսկողություն է իրականացրել այն գործով, որի շրջանակներում, ըստ մեղադրանքի, քաղաքացի Բաբկեն Գասպարյանը փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով քննիչ Զադոյանին և Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին կաշառք է տվել:

Հիշեցնենք, որ Բաբկեն Գասապարյանն, ըստ մեղադրանքի, Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարք՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով՝ նրան ուղարկել են  փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Զադոյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, իսկ Բաբկեն Գասպարյանն ընդունում է այն:

Դատարանում այսօր ցուցմունք տված  դատախազը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում  ինքը Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը պահանջել և դրանում առկա հանգամանքներով հետաքրքրվել է այն բանից հետո, երբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Սոս Գասպարյանի  նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրել գրավը և մերժել մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը:

Ըստ դատախազի՝  սա իր պրակտիկայում եղած առաջին դեպքն է եղել, երբ դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է և մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելը թույլատրելի համարել: Դրանից հետո դատախազն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  վերաքննիչ բողոք է ներկայացրել, և վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը, ու Սոս Գասպարյանը կալանավորվել է:

Նշենք, որ գործի նախաքննության փուլում Գասպարյանի փաստաբան Գայանե Գալոյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի արարքը վերաորակելու վերաբերյալ: Ըստ վկա Հայկ  Մովսեսյանի`դատախազությունում ևս քննարկում եղել է Գասպարյանի արարքի որակման վերաբերյալ, ու թեև դրանում եղել են անհրաժեշտ ինքնապաշտպանության որոշակի տարրեր, ի վերջո որոշվել է, որ արարքը համապատասխանում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հանցակազմին, ուստի գործը հենց այդ հոդվածով էլ ուղարկվել է դատարան:

Դատախազը Միքայել Զադոյանին բնութագրեց որպես ինքնուրույն ձեռագիր ունեցող և սեփական դիրքորոշում ունեցող քննիչ: Վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այն բանից  հետո, երբ որոշվել է Սոս Գասպարյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտել և այն դատարան ուղարկել 112-րդ հոդվածով, Զադոյանն ընդդիմացե՞լ է,  ինչին ի պատասխան դատախազը նշեց, որ Զադոյանը չի առարկել այդ որոշման դեմ, ինչից կարելի է ենթադրել, որ քննիչը ևս կիսել է դատախազության դիրքորոշումը:

Ըստ էության քննիչ Զադոյանի կողմից այս գործի նկատմամբ հատուկ հետաքրքրություն դրսևորելու մասին վկա դատախազը որևէ հանգամանք չհայտնեց:

Դատարանն այսօր շարունակեց նաև Սոս Գասպարյանի հարցաքննությունը, որը նախորդ նիստերի ընթացքում կիսատ էր մնացել:

Գասպարյանի վերաբերյալ գործն այս պահին քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում: Գործով դատախազը Հայկ Մովսեսյանն է: Այն առ այսօր քննվում է  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, այսինքն` չի վերաորակվել: Դատարանն այս գործով հասել է դատական վիճաբանությունների փուլին, և մեղադրող դատախազը Սոս Գասպարյանի համար 3 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում:

Նախորդ դատական  նիստի ընթացքում Սոս Գասպարյանը հայտնել է, որ  ինքն ու եղբայրը երեկոյան տուն գնալիս են եղել, երբ իրենց վրա անծանոթ անձինք են հարձակվել, ուստի ինքը ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության: Նախորդ դատական նիստին էլ պնդել է, որ հայրը քննիչին ու փաստաբանին գումար է տվել: Այսօր քննիչ Զադոյանի փաստաբան Հրանտ Անանյանը փորձում էր Սոս Գասպարյանից ճշտել, թե ինչո՞ւ վերջինս ետ չի՞ պահանջել գումարն այն բանից հետո, երբ գործի նախաքննությունն ավարտվել է,  իսկ ինքը շարունակել է գտնվել կալանքի տակ, որին ի պատասխան Գասպարյանը նշեց, որ ինքն անձամբ որևէ մեկին գումար չէր տվել, որ իրավասու լիներ ետ պահանջել:

Բացի այդ,  ըստ Գասպարյանի, իրեն շարունակ ասել են, որ գործը կստացվի, որ իրեն ազատ կարձակեն, ինչը, սակայն, չի արվել:

«Ինձ  իմ ազատությունն էր հետաքրքրում», «ինձ գումարը հետաքրքիր չէր», ի պատասխան պաշտպանական կողմի հարցերին՝ նշում էր Սոս Գասպարյանը:

Վերջինիս` դատարանում տված ցուցմունքից հետո քննիչ Զադոյանի փաստաբանները միջնորդեցին, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները` նշելով, թե դրանցում և դատարանում տված ցուցմունքներում էական հակասություններ կան: Դատավոր Մեսրոպ Մակյանը տևական ժամանակ հարցեր էր ուղղում պաշտպաններին` հասկանալու համար, թե կոնկրետ ինչ հակասությունների մասին է խոսքը, որ հանգամանքն  է, որ Գասպարյանը նախաքննության ընթացքում մի կերպ է ներկայացրել, իսկ դատարանում` մեկ այլ կերպ: Ի պատասխան՝ Հրանտ Անանյանը նշում էր, որ հակասությունները բազմաթիվ են, մատնանշում մի հանգամանք, որի մասին նախաքննության  ընթացքում տված առաջին ցուցմունքում չի նշել, իսկ դատարանում նշել է:  Ի վերջո, դատարանը մերժեց միջնորդությունը` պատճառաբանությամբ, որ  պաշտպանական կողմը բավարար հիմնավորումներ չներկայացրեց առ այն, որ վկայի կողմից դատարանում տված ցուցմունքներն էականորեն հակասում են  նրա տված  նախաքննական ցուցմունքներին

Դատական այսօրվա նիստն ավարտվեց, և մյուսը նշանակվեց ապրիլի 6-ին:

Լուսանկարում դատավոր Մեսրոպ Մակյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter