HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Վարպետյանի գործով դատավորի ազգականը մահացել է. դատական նիստը չկայացավ

Վարչական դատարանում այսօր նշանակված էր Ֆրանսիայի քաղաքացի, էաբան և ազգաբան Ալեքսանդր Վարպետյանի հայցի վերաբերյալ դատական նիստ, որը, սակայն, տեղի չունեցավ:  Նախագահող դատավոր Լիանա Օհանյանի աշխատակազմից լրագրողներին հայտնեցին, որ դատավորի ազգականի մահվան պատճառով նիստը չի կայանալու, և հաջորդ դատական նիստի վերաբերյալ կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

Ալեքսանդր Վարպետյանը, հիշեցնենք, Վարչական դատարան է դիմել իրեն ՀՀ  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում հաշվառելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, Ազգային անվտանգության ծառայությանն իր վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանելուն պարտավորեցնելու, ինչպես նաև նույն խնդրի առնչությամբ իր վարչական բողոքն ԱԱԾ-ի կողմից մերժելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վարպետյանն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար» հասարակական կազմակերպության նախագահն է: Վերջինիս մուտքը  Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ աղանդավոր է:

«ԷՈՒԹՅՈՒՆԸ» պատրաստ է համագործակցել Հայ առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է  Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել:

Վարպետյանը մի շարք կառույցների դիմումներ է ներկայացրել, փորձել հասկանալ, թե  ի՞նչն է խնդիրը, բայց խնդիրը որևէ կերպ լուծում չի ստացել:

Ավելին, 2008 թվականի հունվարին Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ:

Ինչպես պարզվել է, Հայաստանի Հանրապետությունը Վարպետյանի մուտքն արգելում է՝ 2007-ից ուժի մեջ մտած  «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, որը սահմանում է որոշակի հանգամանքներ, որոնց առկայության դեպքում արգելվում է օտարերկրացիների մուտքը:

2016 թվականին Ալեքսանդր Վարպետյանն իր իրավունքների պաշտպանության համար դիմել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ին, և գրասենյակի կողմից համապատասխան հարցում է կատարվել ԱԱԾ:

ԱԱԾ-ից պատասխանել են, որ «Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվում է, քանի որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ Վարպետյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է»: Իսկ այդ կազմակերպությունն «ԷՈՒԹՅՈՒՆ ազգային իմաստության տաճար»-ն է, որը 1990 թվականին հիմնադրվել է Վարպետյանի կողմից, և,  ըստ ԱԱԾ-ի, ֆաշիստական, ազգային թշնամանք տարածող գաղափարախոսություն ունի»::

Հայցի նպատակն, ըստ էության, այն է, որ թույլատրվի Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Վարպետյանի փաստաբան Անի Չատինյանի պնդմամբ՝ Վարպետյանի մուտքն արգելելու որոշում կայացնելու հիմքեր չկան, չկան հավաստի տվյալներ, որ Վարպետյանը վնաս է պատճառելու Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

«Ակնկալում ենք դատական պրոցեսի ընթացքում ստանալ հիմքերը, որոնցով առաջնորդվելով՝ կիրառվել է օտարերկրացիների մասին օրենքի համապատասխան հոդվածը»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել է փաստաբանը:

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդր Վարպետյան
Հարգելի խմբագրություն և ընթերցողներ, Մեզ և «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարը աղանդավոր թե նացիոնալ-ֆաշիստական որակելը աներևակայելի անհեթեթություն է, չասելու համար ավելին: Այն էլ երբ նրանց մասին ժամանակին արտահայտվել է հայոց գերագույն ավագանին, սկսյալ Վիկտոր Համաբարձումյանից, անցնելով Ս.Փարաջանով, Ավետ Տերտերյան, Գառզու, Շիրազ, Հ.Սահյան, ԱՄՆ և ՌԴ ակադեմիաների ակադեմիկոս Վ. Իվանով և ևս շուրջ 40 երախտավորներ (տե՛ս կից հղմամբ ): Մի հանգամանք, ինչը անարգանքից ավելի զավեշտալի է դարձնում հայ մշակույթն ու իրականությունը այլոց՝ հատկապես հարևանները առջև... Հիշեցնենք, որ մենք Հայաստանից արտաքսվել ենք 2002 թ. Ռ. Քոչարյանի օրոք և նրա ոչ պաշտոնական հրահանգով: http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm http://www.eutyun.org/S/E/GN/HayocArXnd.htm

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter