HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Բիոկաթ»-ի հիմնադիր տնօրեն. «Մենք աշխատում ենք միայն բնական կաթով, ուրիշ ոչինչ չկա»

«Հետք»-ը վերջերս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ կաթի լաբորատոր փորձաքննություն էր իրականացրել:

 Հրապարակումից հետո ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ ներկայացված էին միայն իրենց արձանագրած խախտումները: Մասնավորապես՝ յուղի զանգվածային մասի փաստացի անհամապատասխանություններ և մանրէաբանական շեղումներ՝ 13-ից միայն 1 նմուշում՝ «Բիոկաթ»-ում

«Ծառայությունը հանձնարարել է կասեցնել տվյալ արտադրանքի արտադրությունը, սանիտարահիգիենիկ մշակման և աղտահանման ենթարկել արտադրական գործընթացում օգտագործվող գույքն ու սարքավորումները և թողարկել փորձնական արտադրանք՝ արդյունքները ներկայացնելով վերահսկող մարմնին»,- նշված էր հաղորդագրության մեջ։

«Հետք»-ի հրապարակած 4 այլ խախտող ընկերությունների մասին որևէ խոսք չկար:

Արտադրողներից մի քանիսը կապ հաստատեցին մեզ հետ՝ հրավիրելով իրենց արտադրամաս։

Առաջիններից էր «Բիոկաթ» ընկերության հիմնադիր տնօրեն Հրաչ Հակոբյանը, ով ցանկություն հայտնեց պարզաբանում տալ «Հետք»-ին՝ հայտնաբերված խախտման վերաբերյալ և հրավիրեց արտադրամաս, որ տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում կաթնամթերքի արտադրության գործընթացը։

«Հետք»-ն այսուհետ պարբերաբար այցելելու է նաև արտադրամասեր։

 

 

«Երբևիցե ոչ ոք չի կարող երաշխավորել, որ խախտում չի լինի». լաբորատորիայի ղեկավար

Էռա Սարգսյան

Դեռևս մարտի սկզբին, երբ «Հետք»-ը հրապարակեց կաթի լաբորատոր փորձաքննության արդյունքները, «Բիոկաթ» ընկերության լաբորատորիայի վարիչ, սննդի անվտանգության ղեկավար Էռա Սարգսյանը մեզ հայտնեց, որ ՍԱՊԾ հանձնարարականի համաձայն՝ իրենք սանիտարական օր են հայտարարել և մաքրել արտադրամասը։

«Մարտի 6-ին բերել են, ասել են, որ ձեզ մոտ՝ էսպես է (և՛ «Հետք»-ի, և՛ ՍԱՊԾ-ի լաբորատոր փորձաքննություններում «Բիոկաթ»-ի կաթում աղիքային ցուպիկ էր հայտնաբերվել, հեղ․),-պատմում է Էռա Սարգսյանը։- «Էկոդեզ»-ից եկել են 2 տեսուչ, լվացում, ախտահանում են արել կաթի արտադրամասում, դրանից հետո ամսի 7-ին կաթն անալիզի ենք ուղարկել»։

Փորձաքննությունից հետո միայն՝ մարտի 14-ին, կասեցումը վերացվել է, և  կաթի արտադրությունը «Բիոկաթ» ընկերությունում վերսկսել է։

Հայտնաբերված խախտումներին Էռա Սարգսյանը թերահավատորեն է մոտենում, քանի որ նույն օրն իրենք իրենց մանրէաբանական լաբորատորիայում ստուգել են ու խախտում չեն հայտնաբերել։ «Համաձայն չեմ երկու լաբորատորիաների տված արդյունքների հետ, որովհետև մենք ինքներս կատարել ենք նույն անալիզները նույն օրը,- նպատմում է նա։- Մենք աշխատում ենք կաթնամթերքի հետ, մենք պարտավոր ենք դա կատարել: Ունենք ներդրված ISO 22 000: Անհամապատասխանության դեպքում երբեք շուկա դուրս չի գալիս ոչ մի ապրանք»,-ասում է Է․ Սարգսյանը։

Սակայն նա նաև նշում է, որ իրենք գործ ունեն մանրէների հետ և ապահովագրված չեն խախտումներից․ «Երբևիցե ոչ ոք չի կարող երաշխավորել, որ խախտում  չի լինի․ մենք մանրէների հետ գործ ունենք, որոնք անտեսանելի են անզեն աչքով»։

Հրաչ Հակոբյան

Ընկերության հիմնադիր տնօրեն Հրաչ Հակոբյանը հրապարակված «դիտողություններն ընդունում է», և եթե խախտում կա, պատրաստ են վերացնել, բայց ասում է՝ միայն կաթով աշխատելը հեշտ չէ․

«Մենք աշխատում ենք միայն բնական կաթով, ուրիշ ոչինչ չկա,- ասում է նա։- Բնական կաթով շատ դժվար է աշխատելը, բնական կաթը ավելի շուտ է թթվում»։

Հրաչ Հակոբյանի խոսքով՝ քանի որ իրենք միայն բնական կաթ են օգտագործում, արտադրանքի ծավալները քիչ են․ «Բիոկաթ» կարելի է գնել միայն Երևանի կենտրոնական խանութներում։ Իսկ Նոր տարվա նախօրեին արտադրանք գրեթե չեն ունենում։

«Եթե ծավալներն ավելի մեծացնեմ, ես պետք է կաթի փոշի օգտագործեմ ու դառնամ մրցակից՝ փոշով արտադրողների հետ։ Չեմ ուզում: Ուզում եմ դառնալ միակը»։

Անցյալ տարի ընկերությունը կաթի նոր շշալցնող հոսքագիծ է ներդրել, որն ախտահանումներ է անում, վերջերս էլ՝ ձեռք է բերել հակաբիոտիկների պարունակությունը ստուգող թեստեր։

Հրաչ Հակոբյանն ասում է, որ առաջիկայում, հնարավոր է՝ թանկացնեն «Բիոկաթ»-ի ապրանքները, որ «մաքուր կաթով արտադրանքը տարբերվի փոշով արտադրանքից»:

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter