HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական աստղադիտարանի հաջողության բանաձեւը

Սկիզբը

Հայաստանը՝ աստղագիտության տարածաշրջանային կենտրոն

Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) 2015 թվականին Միջազգային աստղագիտական միության (IAU) կողմից ճանաչվել է աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն: Տարածաշրջանը տվյալ դեպքում Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիան է: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասում է, որ սա բացառիկ բան է Հայաստանի համար. «Ոչ մի ոլորտում՝ ո՛չ գիտության, ո՛չ քաղաքականության, ո՛չ մշակույթի, ո՛չ սպորտի, չեք կարող մեկ դեպք նշել, որ Հայաստանը միջազգային առումով պաշտոնապես ճանաչված է տարածաշրջանային կենտրոն»:

Միքայելյանը հպարտությամբ շեշտում է, որ տարածաշրջանից Վրաստանը, Իրանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Թուրքիան պաշտոնական նամակներով դիմել են միությանը՝ հայտնելով, որ իրենք ճանաչում են Հայաստանը որպես տարածաշրջանային կենտրոն, ինչը պարտադիր պայման է՝ կենտրոնը պիտի ճանաչվի մյուսների կողմից: Ադրբեջանը պաշտոնապես չի միացել, մեր զրուցակիցն ասում է, որ դա մեզ ոչ էլ պետք է՝ հաշվի առնելով այդ երկրի թշնամական վերաբերմունքը:

Հարցին, թե ինչ է տալիս աստղադիտարանին ու Հայաստանին տարածաշրջանային կենտրոն լինելը, Ա. Միքայելյանը կարճ է պատասխանում՝ գլխացավանք: Բայց կարելի է ասել, որ դա ամենեւին էլ տհաճ չէ: «Հերիք չէր, որ մենք պատասխանատու ենք Հայաստանի աստղագիտության զարգացման համար, հիմա արդեն պիտի մտածենք նաեւ հարեւան երկրների աստղագիտության զարգացման մասին: Հայաստանի համար սա շատ բարձր հեղինակության հարց է, բայց ինձ համար ուղղակի ծանրաբեռնվածությունն է ավելացել»,- ասում է գիտնականը: Մյուս երկրներում ԲԱ-ն ունի կոնտակտային անձեր, որոնք ղեկավար անձինք են՝ աստղադիտարանների տնօրեններ, չնայած Միքայելյանն ասում է, թե ուրիշ տարածաշրջաններում այդպիսիք հանդիսանում են նաեւ սովորական գիտնականները:

7 դիտակներից 3-ն են աշխատում

ԳԱԱ-ի մյուս հիմնարկների պես աստղադիտարանն էլ առաջին հերթին ֆինանսի պրոբլեմ ունի, ինչը բերում է կադրերի ներգրավման ու տեխնիկական հագեցվածության բարդությունների:

Աստղադիտարանն ունի 7 դիտակ, որոնցից գիտական նպատակներին ծառայում են միայն 2-ը: Դրանցից մեկի՝ Շմիդտի համակարգի 1-մետրանոց դիտակի մասին պատմել ենք: Այդուհանդերձ, աստղադիտարանի հպարտությունն ու սիմվոլն է դարձել 2,6-մետրանոց դիտակը՝ «ЗТА-2.6»-ը (Зеркальный телескоп им. Амбарцумяна): Այն խոշորագույններից մեկն է Եվրոպայում ու աշխարհում: Արտադրվել է Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորումում (ЛОМО), որտեղ ավարտին էր հասցվել նաեւ Գերմանիայից տեղափոխված Շմիդտի 1-մ դիտակը: Բյուրականի ամենամեծ այս դիտակը տեղադրվել է 1975-ին, աշխատանքը սկսել՝ 1976-ից: Ա. Միքայելյանի ասելով՝ 1975-ին այն իր չափերով 7-րդն էր աշխարհում, իսկ այսօր դարձել է 50-րդը, քանի որ այս ընթացքում կառուցվել են շատ ավելի մեծերը: Երկու խոշոր դիտակներն իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել մեծ արդյունավետությամբ:

Ինժեներ-մեխանիկ Հենրիկ Սարգսյանը բյուրականցի է, նա աստղադիտարանի հնաբնակներից է. այստեղ է աշխատում արդեն 60 տարի, Շմիդտի դիտակի պատասխանատուն է: Աչքերում մի տեսակ կրակ է վառվում, երբ պատմում է իր գործի ու Վիկտոր Համբարձումյանի հետ ծանոթության մասին: Ասում է, որ աստղադիտարանի առաջին շենքը կառուցվել է հենց իրենց տան հարեւանությամբ. «Կարելի է ասել՝ հարեւանություն էինք անում: Երբ միջնակարգն ավարտեցի, ընկեր Համբարձումյանին խնդրեցի, որ աշխատանքի ընդունի ինձ: 1958 թվականի սեպտեմբերի 22-ն էր, այսօրվա պես հիշում եմ: Այդ օրվանից առ այսօր աշխատում եմ»:

Շմիդտի դիտակի գմբեթի մեջ ենք մտնում: Վարպետը մասամբ բացում է տանիքը՝ ցույց տալու համար, թե ինչպես են աշխատում աստղագետները: Գմբեթի երկրորդ հարկը, որտեղ տեղադրված է դիտակը, կարող է 360 աստիճան պտտվել՝ թույլ տալով ուսումնասիրել ամբողջ երկինքը: «Աստղադիտարանը, կարելի է ասել, իմ երկրորդ տունն է: Ամբողջ գիտակցական կյանքս անցել է այստեղ, աշխատանքս ինձ շատ է գոհացնում,- ասում է վարպետ Հենրիկն ու հավելում,- իմ բախտը բերել է, որ աշխատել եմ աստղադիտարանի ծաղկուն տարիներին: Այն ժամանակ 250-260 հոգի մարդ էր աշխատում այստեղ, աշխատանքը եռում էր»:

Աստղադիտարանն ունի նաեւ 1 մետրից փոքր տրամագծով 5 դիտակ, որոնցից միայն մեկն է աշխատում՝ տուրիստների սիրողական դիտումների համար:

Ներսում գտնվում է տուրիստական դիտակը

Տնօրենն ասում է, որ չաշխատող փոքր դիտակներն իրենց չափերի պատճառով ոչ մի լուրջ գիտական արդյունք չեն կարող տալ, մյուս կողմից՝ ժամանակակից թվային սարքավորում տեղադրված չէ դրանց վրա: Այդուհանդերձ, Ա. Միքայելյանը այս դիտակները «վերակենդանացնելու» նպատակ ունի. «Հիմա նոր քաղաքականություն եմ սկսել, որ բոլոր փոքր դիտակներն սկսենք աշխատեցնել որեւէ նպատակով՝ կա՛մ գիտական, կա՛մ ուսումնական, կա՛մ գոնե տուրիզմի»:

Գիտական հաստատության վերահսկողության տակ են նաեւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աստղադիտարանին պատկանող դիտակները, որոնք դեռ խորհրդային տարիներին տեղադրվել են Բյուրականում:

Ռուսական կողմի դիտակներից մեկի գմբեթը

Չի բացառվում, որ դրանք ի վերջո որպես նվեր հանձնվեն Բյուրականի աստղադիտարանին:   

Հայ աստղագետները պակասել են

Արեգ Միքայելյանը պատմում է, որ առաջին տարում՝ 1946-ին, աստղադիտարանն ուներ 8 գիտաշխատող, իսկ լավագույն տարիներին նրանց թիվը հասել է 150-ի, ընդ որում՝ ընդհանուր աշխատակիցների թիվն այն ժամանակ շուրջ 300 էր:

Այսօր ԲԱ-ն ունի 103 աշխատակից, որից 40-ը գիտնականներ են, 63-ը՝ տեխնիկական աշխատողներ: Տնօրենը 40-ը փոքր թիվ է համարում, բայց ասում է. «Եթե նայենք աշխարհի կտրվածքով, այսպիսի փոքրիկ երկրում 40 աստղագետ ունենալը ֆանտաստիկ է: Իռլանդիան, օրինակ, որ Հայաստանից շատ ավելի մեծ է, տնտեսական ցուցանիշներով առաջ է, ընդամենը 10 աստղագետ ունի, շատ-շատ երկրներ ընդհանրապես ո՛չ աստղագետ ունեն, ո՛չ աստղագիտություն, ո՛չ էլ աստղադիտարան»:

Կադրերի հոսք, մտածելակերպ, աշխատավարձ

Գիտաշխատողներից 13-ը երիտասարդ են: Աստղադիտարանի կադրային դարբնոցը ԵՊՀ-ն է, չնայած տնօրեն Միքայելյանն այնքան էլ գոհ չէ որակից. գիտական մակարդակի անբավարար լինելու պատճառով ամեն տարի չէ, որ նոր ուսանողներ են վերցնում: «Ուսման մակարդակն է ընկել, մտածելակերպն է փոխվել, երիտասարդներն ուզում են միանգամից տեսնել արդյունքը, փոխհատուցումը, իսկ մենք երբ գալիս էինք, կարող է տարիներ շարունակ աշխատեինք ցածր աշխատավարձով, բայց նվիրվածության շնորհիվ աճում էինք, դառնում գիտնական, իսկ հիմա երիտասարդը չի հանդուրժում, որ մի քանի տարի պիտի սպասի, ուզում է հենց առաջին րոպեից հաջողությունը տեսնել: Եթե աստղադիտարանի այն փառապանծ տարիներին երիտասարդն այդպես պահեր իրեն, միանգամից կհեռացնեին աշխատանքից»,- ներկայացնում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ ստեղծված ներկա իրավիճակում փորձում են լուծումներ գտնել՝ դեռ չավարտած ուսանողներին ընդգրկում են միջազգային նախագծերում, արտասահմանյան գործուղումների են ուղարկում, ինչը ոգեւորում է երիտասարդներին:  

Տնօրենի պատմելով՝ նույնիսկ խորհրդային երկաթյա վարագույրի պայմաններում Վիկտոր Համբարձումյանը խրախուսում էր միջազգային համագործակցությունը, ինչը շարունակվում է այսօր: Անցած տարի, օրինակ, 53 գործուղում են ունեցել, դրանցից առնվազն կեսին մասնակցել են երիտասարդները: «Նախկնում երիտասարդները համարյա չէին գնում գործուղման, մեծ աստղագետները, ժողովրդական խոսքով ասեմ, թաթը դրել էին, այդ գործն իրենց ձեռքում էին պահում, եւ իրենք էին ճանապարհորդում»,- պատմում է Արեգ Միքայելյանը:

2006-ից ԲԱ-ում աշխատող ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արթուր Հակոբյանն իր հերթին ասում է, որ զարգացած եվրոպական երկրներում կադրերի բնական շրջապտույտ կա: Այսինքն՝ շատերը գնում են արտասահման, կրթություն ստանում, ատենախոսություն պաշտպանում, երբեմն նույնիսկ հիմնական աշխատանք գտնում, բայց, որպես կանոն, վերադառնում են իրենց երկիր, մյուս կողմից՝ եվրոպական ինստիտուտները կադրերի պակաս չեն զգում՝ ավարտողներին փոխարինում են նորերը:

Հայաստանում, ըստ Արթուրի, այդպես չէ. կադրերի մշտական արտահոսք կա: «Ավարտում են համալսարանները, պաշտպանում են, ապա գնում են սովորելու կամ աշխատելու այնպիսի տեղերում, որտեղ պայմանները՝ աշխատավարձը, սոցիալական վիճակը, ավելի լավն են: Դժվար պայմաններում գտնվող երկրի պարագայում այդ վարքը բնական է,- ասում է Արթուրը,- անբնական կլիներ, եթե մարդիկ ընտրեին այնպիսի տեղ, որտեղ աշխատելը դժվար է, ու քիչ աշխատավարձ պիտի ստանան»: Այս պարագայում իր՝ Հայաստանում մնալու մասին ասում է. «Ես կարողացել եմ մեր թիմի համար բավարար պայմաններ ստեղծել Հայաստանում աշխատելու համար, բայց բնական է, որ այդ պայմանները կայուն չեն, չգիտեմ, թե քանի տարի հետո ինչ կլինի, բայց աշխատում ենք այնպես անել, որ ֆինանսավորումը գոնե մինիմալ ապահովվի»:

«Գիտության մեջ ինչ էլ անես, տանուլ չես տալիս, քո գրած հոդվածը, քո աշխատանքը քեզ է ծառայում, բիզնեսում կարող ես տանուլ տալ, բայց գիտության մեջ ինչ անես, կուտակվելու, աճելու, քեզ է ծառայելու, եւ ով ինչքան հաջող անի, էլի բաների կհասնի: Գիտությունը մշտական աճ ապահովող ոլորտներից մեկն է,- շեշտում է Հակոբյանի ավագ գործընկեր Միքայելյանն ու կարծիք հայտնում, որ այս մտածելակերպը կամաց-կամաց սկսում է գերիշխել,- մարդիկ պիտի մտածեն իրենց հետագա կարիերայի մասին, ոչ թե վազեն նրա հետեւից, ինչ այսօր տեսնում են»:

Իր հերթին Ա. Հակոբյանը, խոսելով Հայաստանի գիտության ներկա խնդիրների մասին, ասում է, որ դրանք բազմաշերտ են՝ գիտական ոլորտի խիստ պակաս, ավագ ու երիտասարդ սերունդների միջեւ խզվածություն, սոցիալական վիճակ, ինչը շատ դեպքերում երիտասարդների համար փակուղային վիճակ է ստեղծում, համալսարանական կրթության որակ, կադրային քաղաքականություն եւ այլն:  

Ա. Միքայելյանն էլ, համեմատելով նախկին ու ներկա ժամանակները, ասում է, որ այն ժամանակ միջազգային աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական հոսքեր չկային, բարձր աշխատավարձ ստանալու համար պետք էր տարիներ շարունակ աշխատել, թեզ պաշտպանել, ավագ գիտաշխատող դառնալ. «Եթե մի 5 տարի առաջ զրուցեինք, կարող էի ասել, որ նույն վիճակն է, բայց հիմա շատ ավելի լավ է, քան մեր ժամանակ էր»:

Աստղադիտարանի եկամուտներն ամենատարբեր աղբյուրներից են

Աստղադիտարանի գիտաշխատողների նվազագույն «մաքուր» աշխատավարձը (լրիվ դրույք) 60.920 դրամ է (ստանում է 2 ավագ լաբորանտ), տեխնիկական աշխատողներինը՝ 59.480 դր (ստանում են մաքրուհիներն ու պահակները): Ամենաբարձրը վարձատրվում է տնօրենը՝ 157.000 դրամ («մաքուր» աշխատավարձ), հաջորդում են փոխտնօրենը՝ 133.800 դր, եւ գիտական քարտուղարը՝ 120.400 դր։ Սրանք բազային աշխատավարձերն են: «Սա այն հիմքն է, որի վրա ձեւավորվում է եկամուտը,- ասում է Արեգ Միքայելյանը,- երբեմն խիստ եմ վերաբերվում մարդկանց, ովքեր շատ են բողոքում, ասում եմ՝ դու ստանում ես 60 հազար դրամ ոչինչ չանելու համար, գոնե մի բան արա, կտեսնես, որ այն կբարձրանա»:

Բացի բազային աշխատավարձերից՝ որոշ գիտնականներ ստանում են նաեւ թեմատիկ ֆինանսավորում, ընդգրկված են տեղական եւ միջազգային դրամաշնորհային ծրագրերում, մի քանիսն էլ Գիտության պետական կոմիտեի 100 արդյունավետ գիտնականների ցանկում են (ստանում են լրացուցիչ 100.000 դրամ)։ Ըստ տնօրենի՝ նշված գիտաշխատողները, որոնք 10-15 հոգի են, ամսական ստանում են 250.000 դրամ եւ ավել «մաքուր» աշխատավարձ:

ԲԱ
Infogram

Ընթերցողներին պարզաբանենք, որ պետբյուջեում «ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում» ու «ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանություն» տողերը համարվում են բազային ֆինանսավորում: 2013-ից մինչ օրս աստղադիտարանի բազային ֆինանսավորումը ներկայացվում է միայն «ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանություն» տողի տակ, քանի որ, ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, 2013-ին ՀՀ կառավարությունը աստղադիտարանը ճանաչել է ազգային արժեք: Այսինքն՝ ԲԱ-ի պարագայում ազգային արժեք է ամբողջ կառույցը, իսկ, օրինակ, «Հայկենսատեխնոլոգիան» այդ տողով տարեկան ֆինանսավորում է ստանում բացառապես մանրէների ազգային հավաքածուի պահպանման համար:  

Ինֆոգրաֆիկայի տվյալները վերցված են պետբյուջեի հավելվածներից: Քանի որ ԲԱ-ն նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորում չի ստացել, հասկանալի է, որ կապույտ տողը ներառում է միայն թեմատիկ հետազոտությունների հատկացումները: Ա. Միքայելյանի տրամադրած տվյալները, սակայն, մի փոքր տարբերվում են ներկայացվածից: Նախորդ հոդվածներում առիթ ունեցել ենք նշել, որ դա պայմանավորված է տարվա ընթացքում արված փոփոխություններով: Եվ այսպես՝ 2015-2017 թթ. աստղադիտարանը թեմատիկ ֆինանսավորում է ստացել հետեւյալ չափերով. 2015-ին՝ 5,8 մլն դրամ, 2016-ին՝ 16,4 մլն, 2017-ին՝ 26 մլն:

Աստղադիտարանը նաեւ պայմանագրային հիմունքներով համագործակցում է «Ռոսկոսմոսի» հետ, ինչն իր հերթին լրացուցիչ արտաբյուջետային եկամուտ է ապահովում: Ահա գումարները.

2015- 31,9 մլն դրամ
2016- 48 մլն դրամ
2017- 63 մլն դրամ  

Բայց սա էլ ամենը չէ: 2015-2017 թթ. ԲԱ-ն դրամաշնորհներ է ստացել տարբեր դոնորներից, որոնցից հիմնականները եղել են Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ, ANSEF), ՀՀ Գիտպետկոմը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը:

Ահա դրամաշնորհների գումարները ըստ տարիների. ներառված չեն ԳՊԿ-ի տրամադրած միջոցները (խոսքը թեմատիկ ֆինանսավորման մասին է, որին անդրադարձանք), ինչպես նաեւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հատկացումները. վերջինից ԲԱ-ն 5-6 դրամաշնորհ է ստացել 2015-2017 թթ.:

2015- 11.500 դոլար, 20.000 եվրո
2016- 11.500 դոլար, 6.000 եվրո, 9 մլն դրամ
2017- 51.500 դոլար, 6 մլն դրամ

Տարեցներին ստիպված են պահում

Բյուրականի աստղադիտարանի ամենատարեց գիտնականը 88-ամյա դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանն է: Հայտնի աստղաֆիզիկոսը մեծ անուն է ձեռք բերել նաեւ Մեծամորում ու Սիսիանում կատարած ուսումնասիրությունների շնորհիվ: Նա է Զորաց քարեր հուշարձանն անվանել Քարահունջ: Աստղադիտարանն ունի նաեւ 77, 71 տարեկան աշխատակիցներ, տնօրենն ասում է, որ 60-70 տարեկանները գերակշռում են: Տարեցներին չեն ազատում բացառապես մի պատճառով՝ սոցիալական վիճակի:

«Արտասահմանում թոշակառու գիտնականները նախընտրում են թոշակի գնալ, որովհետեւ թոշակը նրանց աշխատավարձի 2/3-ն է կազմում, իսկ մեզ մոտ դրանով հնարավոր չէ ապրել»,- ասում է Ա. Միքայելյանը՝ շեշտելով, որ եթե արտերկրում թոշակի ու աշխատավարձի միջեւ ընտրություն պիտի կատարես, Հայաստանում թոշակառու գիտնականները ձգտում են ստանալ երկուսն էլ, որ ինչ-որ գումար կազմի:

Աստղադիտարանն ունի տուրիզմի զարգացման մեծ ներուժ

ԲԱ-ն ունի գիտական բնակելի թաղամաս՝ գիտավան, որտեղ ապրում են գիտնականներն ու նրանց հարազատները: Այն նախագծվել է ի սկզբանե, որպեսզի գիտաշխատողներն ամեն անգամ ստիպված չլինեն Երեւան կամ շրջաններ գնալ-գալ: Հիմա մի մասը շարունակում է ապրել այս ծառայողական բնակարաններում, ոմանք էլ, այդուհանդերձ, ամեն օր գնում-գալիս են, որոշ հատվածն էլ նախընտրում է Բյուրականում մնալ միայն ամռանը:

Աշխատանքն ավարտվել է. վերադարձ Երեւան

«Այդ շենքերում ապրողների մի մասը նախկին աշխատողների ժառանգներն են, բայց պիտի աստիճանաբար ազատենք, որովհետեւ ճիշտ չէ նրանց մշտապես թողնել այդտեղ. նոր սերունդ, նոր գիտնականներ են գալիս»,- բացատրում է կառույցի տնօրենը:

Գիտավանի հարեւանությամբ է գտնվում ԲԱ-ի հյուրանոցը, որը չնայած բարձրակարգ չէ, բայց ունի բավարար պայմաններ տուրիստների ու տարբեր միջոցառումների ժամանող հյուրերի կեցության համար: Վերջին 2 տարիներին վերանորոգվել են գիտավանի շենքերից 4-ի ու հյուրանոցի տանիքները: 2017-ին նորոգումից հետո բացվել է գլխավոր մուտքը՝ «Աստղային դարպասները»:

«Աստղային դարպասները»

Աստղադիտարանն ունի ճաշարան, կոնֆերանս-դահլիճ, որտեղ հյուրընկալվել են նոբելյան մրցանակակիրներ, այստեղ անցկացվել են միջազգային տարբեր գիտաժողովներ, ավելին՝ 1971-ին Համբարձումյանը եւ ամերիկացի հայտնի աստղաֆիզիկոս Կառլ Սագանը հենց Բյուրականում են կազմակերպել արտերկրային քաղաքակրթությունների մասին առաջին միջազգային գիտաժողովը:

«Թռչող ափսե»՝ աստղադիտարանում

Այն, որ ԲԱ-ն մեծ հետք է թողել համաշխարհային գիտության մեջ ու այսօր էլ աստղագիտության առաջատարներից է, փաստ է: Այս հանգամանքը պետք է որ գրավիչ լինի հատկապես գիտական տուրիզմով հետաքրքրվողների համար: Բյուրականի շրջակա բնությունը, աստղադիտակով երկինքը դիտելու հնարավորությունը, հռչակավոր Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանն ու ցածր գները ԲԱ-ում տուրիզմի զարգացման մեծ ներուժ են կուտակել, սակայն կա այն ռեալիզացնելու հարց: «Զբոսաշրջային ընկերությունները աստղադիտարանը չեն ներառել իրենց ծրագրում: Աստղադիտարանի շուրջը երթուղիներով պտտվում են, բայց աստղադիտարանը չկա,- ասում է Արեգ Միքայելյանը,- մենք ենք մեղավոր, որովհետեւ տուրիզմի սկզբունքներին համապատասխան, պատշաճ ձեւով չենք ներկայացրել, թե ինչ ունենք»: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկայում այս ուղղությամբ ակտիվ քայլեր պիտի ձեռնարկեն:

Աստղադիտարանի հաջողության գրավականը  

Հարցին, թե ԲԱ-ում ամբողջ պատմության ընթացքում որքան հայտնագործություն է եղել, մեր զրուցակիցն ասում է. «Հայտնագործությունը հարաբերական հասկացություն է, այնպես չէ, որ սահման կա՝ սա հայտնագործություն է, սա՝ ոչ: Լավ արդյունքները, խոշոր նվաճումները սովորաբար հենց հայտնագործություն են»:

Այդուհանդերձ, Արեգ Միքայելյանը փորձել է առանձնացնել Բյուրականի պատմության 100 մեծագույն նվաճումները, չնայած ընդհանուր արդյունքները հազարների են հասնում: «Եթե տիեզերական նոր օբյեկտներ են հայտնաբերվել, դա էլ դեռ քիչ է,- նշում է աստղագետը,- ես ավելի խիստ չափանիշ եմ դրել, անձամբ 5500 նոր օբյեկտ եմ հայտնաբերել տիեզերքում, բայց դրանցից որո՞նք են կարեւոր կամ ի՞նչ նշանակություն ունեն աստղաֆիզիկայի համար. այս հարցադրումը պետք է անել»:

Վիկտոր Համբարձումյանի հուշաքարը

Գիտնականը խոստովանում է, որ ԲԱ-ի ծաղկուն տարիներին՝ 1950-60-ականներին,  նվաճումներն ավելի շատ էին: Մյուս կողմից՝ փոքրիկ Հայաստանն իր ներզոր կարողություններով չի կարող մրցակցել աշխարհի հսկաների հետ: «Աշխարհում այնպիսի հայտնագործություններ են անում, որ այստեղ դրանց մի տոկոսն էլ անելու մասին մենք չենք կարող երազել զուտ տեխնիկական առումով: Այսօր այնպիսի խոշոր սարքավորումներ են դրվում, որ Հայաստանն ի վիճակի չէ այդպիսի մասշտաբների հետ ոտք գցել, բայց կարող ենք մասնակցել: Մենք էլ մեր օրիգինալ խնդիրներով ենք փորձում մրցակցել»,- ասում է Ա. Միքայելյանն ու օրինակ բերում իրենց կողմից գրված ծրագիրը, որն օգտագործվում է ամերիկյան դիտակի վրա: «Նրանք 1,5 մլրդ դոլար են ծախսել դիտակի կառուցման համար, որպես արբանյակ ուղարկել են տիեզերք, որ պտտվի ու դիտի տիեզերքը, մենք մի կոպեկի ծախս չենք արել, բայց այն հնարամտության շնորհիվ, որ կարողացանք իրենց հետաքրքրել, ի վերջո ծրագիրը համատեղ ներկայացրեցինք Կոռնելի համալսարանի հետ ու դիտումներ արեցինք այդ դիտակով: Ֆանտաստիկ արդյունք ստացվեց, տիեզերքում հայտնաբերեցինք ինֆրակարմիր ճառագայթում ունեցող ռեկորդային թվով օբյեկտներ»:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը հայ աստղագետների ու ընդհանրապես գիտնականների հաջողության գրավականը համարում է հետեւյալը. «Մենք պիտի միջազգային շատ ծրագրերի մասնակցենք, ինչքան էլ աշխարհում տեխնիկական ներդրումներ անեն, մենք դեռեւս մեր ուղեղներով կարող ենք մրցել»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter