HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

Կենտրոնական բանկի խորհուրդը (ՀՀ ԿԲ) այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%, տեղեկանում ենք ԿԲ-ից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում բանկերին և ֆինանսական մյուս կառույցներին։ Բարձր գնաճի կամ գնաճային ճնշումների ժամանակ ԿԲ-ն բարձրացնում է  այն, ինչը որոշ ժամանակ անց, որպես կանոն, հանգեցնում է նաև բնակչությանը տրամադրվող վարկերի թանկացմանը։

Այս անգամ ԿԲ-ն չի արձանագրել նման ճնշումներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու համար, ոչ էլ՝ հիմքեր այն իջեցնելու համար։

«2018 թ. փետրվարին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 3.3%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, ակնկալվող արտաքին և ներքին տնտեսական զարգացումների ներքո, ինչպես և կանխատեսվում էր, գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Տարեսկզբին արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համընկել են ԿԲ կանխատեսումների հետ, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային որոշ ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Կառույցը համարում է, որ տարեսկզբից եղած լրացուցիչ գնաճային սպասումները մեղմվել են և կայունացել. «Միաժամանակ Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ պահպանվելով թույլատրելի միջակայքում և կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխել է 2017 թվականի փետրվարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter