Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ռեգուլյար կարգի բենզինը վաճառում են պրեմիումի անվան տակ, երբեմն էլ՝ թերալցնում



Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները 2017 թվականին իրականացրած ստուգումների ժամանակ կոպիտ խախտումներ են հայտնաբերել բենզինի եւ դիզվառելիքի շուկայում: Այս մասին այսօր հայտարարեց Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը:

Մասնավորապես, պրեմիում կարգի բենզինի անվան տակ վաճառվել է ռեգուլյար կարգի բենզին: Ինչպես հայտնի է, այս երկու կարգերի միջեւ կա միջինը 20 դրամի տարբերություն՝ պրեմիումն ավելի թանկ է: Յուրաքանչյուր 1 լիտրի համար հենց այդքանով ավել են վճարել նրանք, ովքեր ցանկացել են ավելի բարձր կարգի բենզինով լիցքավորել ավտոմեքենան: Նրանք հենց 20 դրամով խաբվել են` յուրաքանչյուր լիտրի մեջ:

Տեսուչները նաեւ հայտնաբերել են դեպքեր, երբ բենզալցակայանը թերալցրել է՝ խաբել ծավալի մեջ:


Լեւոն Խալիկյանը

Լեւոն Խալիկյանն ասում է, որ նախորդ տարիներին արձանագրվել են դեպքեր, երբ դիզվառելիքի փոխարեն վաճառվել է, այսպես ասած, վառարանային վառելիք: Այն օգտագործվում է տների ու շենքերի ջեռուցման համար եւ տրանսպորտի համար նախատեսված չէ: Իսկ բենզինին ջուր չեն խառնում, դա հնարավոր չէ, պնդում է Լեւոն Խալիկյանը: Նախորդ տարի հայտնաբերված ամենատարածված խնդիրներից մեկն այն է, որ հորերը վաղուց չեն մաքրում, կեղտը խառնվում է վառելիքին: Տեսչական մարմինը նման դեպքերում ամբողջ խմբաքանակի համար թերությունները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր է տվել: Միայն դրանից հետո է թույլատրվել խմբաքանակը վաճառել:

Չստուգված ռենտգեն եւ այլ բուժսարքեր

Նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում եւ խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների (100%), սինթետիկ հիմքով լաքերի եւ ներկերի (89%), խաղալիքների (83%), օծանելիքակոսմետիկական եւ լվացող-մաքրող միջոցների, (80%), ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի (67%) ոլորտներում։

Ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161-ի մոտ (81.7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ Դրանց վերաբերյալ կազմված վարչական ակտերի արդյունքում կիրառված տույժի չափը կազմել է 23 միլիոն դրամ։

Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության, մակնշման, չափագիտական նորմերի վերաբերյալ են։

Ստուգումների արդյունքների համաձայն՝ Գորիսի եւ Կապանի բժշկական կենտրոններում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, «Նորք-Մարաշ» ԲԿ-ում հայտնաբերվել են չափագիտական խախտումներ: Սա նշանակում է, որ այդտեղ կիրառվող բժշկական սարքավորումները չափագիտական փորձաքննություն չեն անցել, ինչը կարող է հանգեցնել բժշկական հետազոտությունների սխալ եզրակացությունների եւ արդյունքների, ունենալ հետեւանք մարդկանց առողջության վրա:

ԱԳԼՃԿ-ներում խորանարդով են խաբում

ԱԳԼՃԿ-ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու եւ խորանարդ մետրով վաճառելու հետ են կապված։ Ստուգված բոլոր գազալցակայաններում խախտումներ կան: Անխտիր բոլորում:

Այն, որ գազը վաճառվում է ոչ թե կիլոգրամով, այլ՝ խորանարդ մետրով, արդեն իսկ խոշոր մեքենայություն է: Բանն այն է, որ խորանարդ մետրով վաճառելու դեպքում, արհեստականորեն բարձրացնելով գազաբաշխիչ համակարգի ջերմաստիճանը՝ տնտեսվարողները կարողանում են իքս ծավալի բալոնի մեջ ավելի շատ գազ լիցքավորել, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդքան ցույց տալ: Չէ՞ որ գազը բարձր ջերմաստիճանի պայմաններում ընդարձակվում է:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ ԱԳԼՃԿ-ների բաշխիչ աշտարակները՝ դիսպենսերները, կկահավորվեն 911 ծառայության հետ ուղիղ կապի սարքերով, որոնք թույլ կտան ֆիքսել գազի ճնշման սահմանված չափերի բոլոր գերազանցումները։ Իսկ առավելագույն ճնշումը, որ սահմանված է նախագծում, 19,6 ՄՊա է, վարորդների լեզվով ասած՝ մոտ 200 ճնշում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էլ առաջարկել է, որպեսզի ավտոմեքենաների գազաբալոնները պարտադիր փորձաքննության ենթարկվեն:

«Մենք ձեռնամուխ ենք եղել օրենսդրական փոփոխության, ըստ որի՝ մեքենան չի կարող լիցքավորվել, եթե գազաբալոնը փորձաքննություն անցած չէ: Չփորձարկված բալոնի դեպքում մեքենան չի լիցքավորվի: Օնլայն երեւալու է ամեն ինչ: ԱԳԼՃԿ-ներում ներդրվող համակարգի միջոցով հնարավոր է լինելու պարզել՝ մեքենան տեխզննում անցել է, թե ոչ, գազաբալոնը փորձաքննություն անցել է, թե ոչ: Երկրորդը՝ 200 մթնոլորտային ճնշումից բարձր ճնշում չի լիցքավորվելու՝ պայմանավորված անվտանգության խնդիրներով»,-ասաց Խալիկյանը:

Եթե ԱԳԼՃԿ-ն լիցքավորի ավելի քան 200 խմ մթնոլորտային ճնշում գազ, կամ լիցքավորի փորձաքննություն չանցած գազաբալոն, ապա կտուգանվի 1 միլիոն դրամով: Սա՝ շրջանառության մեջ դրվող նախագծի համաձայն: Գործող կանոնակարգով սահմանված է 10 անգամ ավելի թույլ պատիժ՝ 100 հազար դրամ: Տույժի չափը տասնապատկելու առաջարկը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնինն է:

Խաղալիքների շուկայում՝ սահմանափակ լիազորություններով

Լեւոն Խալիկյանի խոսքով՝ խաղալիքների շուկայում վերջին անգամ 5 տարի առաջ են վտանգավոր ապրանքներ հայտնաբերվել: «Հետք»-ի հարցին՝ պնդում եք, որ հիմա չկա՞ն վտանգավոր խաղալիքներ, Խալիկյանը պատասխանեց.

«2017 թվականին վտանգավոր ապրանք չի հայտնաբերվել: Հայտնաբերվել են բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք խաղալիքները վաճառել են առանց որակի հավաստագրի եւ հայերեն մակնշման: 2018-ին նման դեպք չենք ունեցել»:

Հարցին՝ սա նշանակու՞մ է, որ չհավաստագրված խաղալիքները հայտնաբերվում են այնքանով, որքանով պլանային ստուգումներն են ցույց տալիս, Խալիկյանը չհամաձայնեց.

«Պոտենցիալ ռիսկը գնահատվում է նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք բավականին աշխույժ համագործակցում են Տեսչական մարմնի հետ: Դրանց թիվը 12 է: Մենք հաճախ ենք հանդիպում, եւ կազմակերպությունները բարձրացնում են ռիսկերի մասին իրենց մտահոգությունները: Մենք պարտավորվում ենք իրենց բարձրացրած հարցերն ուսումնասիրենք եւ հաշվետվությամբ հանդես գանք»:

Սակայն բանն այն է, որ հայտնի կառուցվածքային փոփոխություններից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զրկվել է մեկ շատ կարեւոր լիազորությունից: Խոսքը խաղալիքները լաբորատոր փորձաքննության հանձնելու իրավասության մասին է:

Մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսը, մինչ հայտնի «տեսչական բարեփոխումների» իրականացումը, Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությունը վերահսկողություն իրականացնում էր ուղիղ լաբորատոր փորձաքննության միջոցով։ Պետական մարմինը նմուշառում էր անում, նախաձեռնում լաբորատոր փորձաքննություն եւ խնդիրների դեպքում կիրառում սանկցիաներ։

Հիմա Շուկայի տեսչական մարմին վերանվանված նույն կառույցը պարզապես իրականացնում է ապրանքի համապատասխանության սերտիֆիկատի առկայության ստուգում։ Եթե սերտիֆիկատ կա, ապա ենթադրվում է, որ ապրանքը որեւէ ռիսկ չի պարունակում, իսկ եթե տնտեսվարողի մոտ սերտիֆիկատը բացակայում է, ապա նա տուգանվում է եւ պարտավորվում տվյալ ապրանքը տանել փորձաքննության։

«Եթե տնտեսվարողը սերտիֆիկատ ունի, դա ինձ համար հիմք է, որ ապրանքը համապատասխանում է որակի չափանիշներին: Մնացածը մեր լիազորություններից դուրս է»,-այսօր ասուլիսում ասաց Խալիկյանը:

Ուղիղ երկու ամիս առաջ «Հետք»-ը բողոք է ներկայացրել Տեսչական մարմնին այն մասին, որ հայտնի խաղալիք ներկրող ընկերություններից մեկը վաճառում է չինական ապրանք, որի արտաքին հատկանիշները մտահոգություն ու կասկած են առաջացնում դրա որակի վերաբերյալ: Խաղալիքն ունի ընդգծված հոտ, ներկը շատ արագ թափվում է, ինչը, ըստ մասնագետների, խոսում է ապրանքի վատ որակի մասին:

«Հետք»-ի դիմումից հետո Տեսչական մարմինը պարզել է, որ խաղալիքը սերտիֆիկացվել է Հայաստանի լաբորատորիաներից մեկում: Այստեղ արդեն Տեսչական մարմնի լիազորություններն ավարտվում են: Սերտիֆիկատը գնվե՞լ է արդյոք, խաղալիքի որակական հատկանիշների մասին եզրակացությունը կե՞ղծ է, թե իրական` այս կառույցը պարզել չի կարող: Դա արդեն Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարության լիազորությունների շրջանակներում է: Սակայն, ինչպես նշեցինք, երկու ամիս է՝ հարցը տեղում է դոփում: Նախարարությունը մինչ այս պահը ոչինչ չի ձեռնարկել պարզելու համար՝ սերտիֆիկացման գործընթացում կոռուպցիա կա՞, թե ոչ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ