HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Հարությունյան. «Պայմանական ազատումը բողոքարկելով՝ համակարգը փորձում է ճնշել»

«Նոյեմբերի 5-ի» կամ «Արժեքների հեղափոխության» գործով քաղաքական բանտարկյալ, մասնագիտությամբ կենսաբան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Հարությունյանը պայմանական ազատմամբ տուն է վերադարձել պատժի լրիվ կրումից 8 ամիս առաջ: Նա դատապարտվել էր 2013-ին՝ 4 տարի 6 ամսվա ազատազրկման, 2017-ի սեպտեմբերին՝ 3 տարի 8 ամիս պատիժը կրելուց հետո Կատայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել նրան պայմանական ազատելու մասին: Այնինչ Հայկը կարող էր դեռևս 2016-ին հարազատների կողքին լինել:

Սակայն անգամ պատժի լրիվ կրումից 8 ամիս շուտ պայմանական ազատման դատարանի որոշումը, ըստ դատախազության, սխալ է եղել: Պայմանական վաղաժամկետ ազատվելուց մի քանի օր անց՝ հոկտեմբեր ամսից սկսած, Հայկ Հարությունյանը գրություն է ստացել դատախազությունից՝ իր պայմանական վաղաժամկետ ազատումը բողոքարկելու վերաբերյալ: Դատախազությունը գտնում է, որ Կոտայքի մարզի դատարանը դատական սխալ է թույլ տվել՝ Հայկ Հարությունյանին պատժից պայմանական ազատելով:

Դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքում նշված է, որ մուծված չէ դատական ծախսը: Այնինչ այդ գումարը վճարվել է դեռևս 2015-ին:

«Այլ հարց է, թե ինչու ԴԱՀԿ-ի կարճման որոշումը արագ չի ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ,- ասում է Հայկ Հարությունյանը ու հավելում, որ հնարավոր է դիտավորություն է եղել,- զգում եմ, որ փորձ է արվում թե՛ դատական ծախսի մուծված լինելու մասին ինֆորմացիան քողարկել, թե պայմանական ազատումն անընդհատ բողոքարկելով՝ ճնշում գործադրել»,-նկատում է Հայկ Հարությունյանը:

Քաղաքացիական հայց «Շանթ Հարությունյան և մյուսներ» գործով չէր ներկայացվել։ Որպես դատական ծախս ներկայացվել էր 270․000 դրամ, որը գոյացել էր կատարված փորձաքննություններից։ Այն վճարման էր ենթակա համապարտության կարգով։ Միսակ Առաքելյանը, ով պետական գանձարան պիտի վճարեր 50.000 դրամ տուգանք, մեզ հետ զրույցում նշեց, որ 270․000 դրամ դատական ծախսը իր աշխատավարձային բանկային քարտից է պահվել դեռևս 3 տարի առաջ՝ դատավարության ավարտից հետո․

«Կամ պատահականություն է կամ դիտավորություն, որ դատական ծախսի վճարված լինելու մասին ապացույցը տեղ չի գտել մեր անձնական գործերում։ Պայմանական ազատման ժամանակ նման խնդիր առաջացել է։ Իմ հարազատներն են ապացույցը դատարան բերել»,- մեզ հետ զրույցում նշեց Հայկ Հարությունյանը։

Սակայն, ուշագրավն այն է, որ Վերաքննիչ բողոքում դատախազությունը կրկին նշել է, թե այդ գումարը վճարված չէ:

Հայկ Հարությունյանը տարակուսում է՝ գաղութներում շատ են դատապարտյալներ, ովքեր վաղուց հատել են պայմանական վաղաժամկետ ազատման շեմը, սակայն այս օրենսդրական հնարավորությունը, ըստ նրա, շատ քիչ է կիրառվում: «Բայց հազվադեպ ազատվողների գործերով էլ սկսում են բողոքարկումները»,-ասում է Հայկ Հարությունյանը, ում պատժի ժամկետը ավարտվում է մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 5ին:

Հայկ Հարությունյանը, գաղութում գտնվելով, աշխատել է, աշխատում է նաև այսօր, զբաղվում է արծաթագործությամբ:

Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը՝ բողոքարկման 10-օրյա ժամկետը դատախազության կողմից չպահպանելու հիմքով: Այս անգամ դատախազությունը բողոք է հասցրել վճռաբեկ դատարան, որտեղ վճռաբեկ դատարանը դատական սխալ է տեսել, բողոքը վարույթ ընդունել: Մարտի 20-ին բողոքը բավարարվել է վճռաբեկ դատարանում: Այս մասին մեզ տեղեկացրեց Հայկ Հարությունյանը, ով զանգով է այսօր տեղեկացել այդ մասին:

«Հետաքրքիր է՝ երբ իրոք լուրջ խախտումներ են լինում, երբ մարդու ճակատագրի հարց է լինում, հանկարծ նույն վճռաբեկ դատարանը սխալ չի տեսնում»,-ասում է Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի գրասենյակից Հարությունյանին փոխանցել են, որ գործը ուղարկել են Վերաքննիչ դատարան՝ քննության: Այն այս պահին գտնվում է ճանապարհին, քանի որ վերաքննիչ ատյանից էլ Հայկ Հարությունյանին պարզաբանել են, որ այն դեռ իրենց մոտ չի հասել: Հասնելուն պես Վերաքննիչ դատարանն այս անգամ արդեն բովանդակային կլսի գործը:

Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստի, ձերբակալել՝ 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք: 12 քաղաքացի դատապարտել էին 1,6 -7 տարվա ազատազրկման: Նրանցից վեցն ազատություն են վերադարձել, որից 3-ը՝ պայմանական վաղաժամկետ ազատմամբ: Այս գործով մյուս դատապարտյալները, ովքեր շարունակում են պատիժ կրել, անգամ 2 տարի առաջ կարող էին պայմանական վաղաժամկետ ազատվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter