HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի օմբուդսմենը խոստանում է Ասյա Խաչատրյանի դեպքի առթիվ իր գործողությունները հրապարակել վաղն առավոտյան

Մարտի 26-ին epress.am կայքը տեսանյութ է հրապարակել Ասյա Խաչատրյանի մասին: Վերջինս պատմել է, որ փետրվարի 1-ի ուշ երեկոյան Ստեփանակերտում զբոսնելիս ոստիկանները մոտեցել են իրեն, ինչից հետո ֆիզիկական և հոգեբանական ճնշում են գործադրել իր վրա: Ասյան տեսանյութում պատմել է, որ ոստիկաններն իրեն ապտակել են, հայհոյել, սպառնացել, ընկերուհուն էլ՝ ծեծել, իսկ երբ բացատրություն է պահանջել, ըստ Ասյայի, պատասխանել են, որ Ղարաբաղում կինը չպետք է ծխի կամ մազերը կապույտ ներկի:

Տեսանյութի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: 

Դեպքի մասին զրուցել ենք Ռուբեն Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, Ձեր հրապարակային հայտարարությունն Ասյա Խաչատրյանի դեպքի առնչությամբ եղավ այսօր առավոտյան

-Ոչ, եղավ երեկ գիշերը ժամը 23:50-ին:

-Համենայն դեպս, Ձեր հայտարարությունը եղավ Ասյա Խաչատրյանի հրապարակային խոսքից, տեսանյութից հետո, մինչդեռ տրամաբանական էր, որ մարդու իրավունքների պաշտպանն առաջինը պետք է հանդես գար հրապարակային հայտարարությամբ: Եթե արդեն հեռախոսազրույց ունեցել էիք Ասյա Խաչատրյանի հետ, ինչո՞ւ դրանից հետո հանդես չեկաք հայտարարությամբ:

-Ես այդ հարցի պարզաբանումը տվել եմ, հիմա ավելի մանրամասն կտամ: Իրականում խնդիրն այն է, որ հեռախոսազրույցը, որ մենք վարել ենք, եղել է գիշերով՝ ժամը 10-ից...

-Ե՞րբ է եղել:

-Կարծում եմ՝ փետրվարի 6-7-ի կողմերն է եղել: Ասյան արդեն գտնվում էր Երևանում, իսկ ես Արցախում էի: Այդ ժամանակ նրա կողմից որոշակի փաստեր իսկապես ներկայացվել են ինձ: Ես նրան իրավական խորհուրդներ եմ տվել դրանք ավելի գրագետ, համոզիչ, դետալացված ներկայացնելու ուղղությամբ, բավական երկար պարզաբանումներ եմ տվել դատաբժշկական հետազոտություն անցնելու վերաբերյալ և այլն, և մենք պայմանավորվել ենք, որ նա գրավոր դիմում կներկայացնի, որովհետև մենք կա՛մ պետք է ունենանք գրավոր դիմում, կա՛մ եթե բանավոր հայտարարության մասին է խոսքը, պետք է մանրամասն շարադրենք, որպեսզի փաստեր ունենանք և կարողանանք արդյունավետ իրականացնել մեր գործառույթը: Այնուհետև որևէ արձագանք Ասյայից չի եղել, և դա է իրականությունը:

-Եթե փետրվարի 6-7-ին եք խոսել Ասյայի հետ, իրավական խորհուրդներ եք տվել, ինչո՞ւ որպես մարդու իրավունքների պաշտպան անմիջապես չանդրադարձաք դեպքին:

-Որովհետև իմ ձեռքի տակ չունեի փաստեր, որոնք որ ձևակերպված կլինեին պատշաճ ձևով: Մենք քաղաքացու հետ փաստերն ուղարկելու համաձայնություն և պայմանավորվածություն ունեինք:

-Ի՞նչ փաստերի մասին է խոսքը:

-Այն փաստերը, որոնք որ նա հիմա արդեն դետալացված ներկայացրել է տեսագրության մեջ:

-Որ իրեն ապտակել են, հայհոյել են, սպառնացել են, նրա ընկերուհուն են ծեծել...

-Տեսեք, եթե մենք, օրինակ, գրություն ենք ուղարկում ոստիկանություն, ասում ենք՝ Ասյա Խաչատրյանին հայհոյել եք, ծեծել եք, դա բավարար հիմք չէ, որ մենք ոստիկանությունից ակնկալենք արդյունավետ պատասխան: Եթե մենք դետալներ ենք տալիս, հաջորդականություն ենք տալիս, հանգամանքներ, որոնց վրա Ասյան շատ մանրամասն կանգ է առնում, այ դա էր մեզ անհրաժեշտ, որ մենք այդպես էլ չստացանք: Մի կարևոր հանգամանք ևս. եթե Ասյան գտնվեր Արցախում այդ ժամանակ, իսկ նա այդ ժամանակ Արցախում չէր, մենք, բնականաբար, նրան կառաջարկեինք ներկայանալ, ձևակերպել և այլն: Այդ պահին նրան վտանգ չէր սպառնում այն տեսանկյունից, որ նա այլևս Արցախի Հանրապետությունում չէր գտնվում: Օրինակ, եթե նույն իրավիճակը լիներ այն ժամանակ, երբ Ասյան գտնվում էր Արցախում, միգուցե մենք այլ որոշում կկայացնեինք: Իմ կողմից նշված հանգամանքները հաշվի առնելով՝ ես այդպիսի որոշում չեմ կայացրել և կարծում եմ՝ դա տվյալ հանգամանքներում եղել է ճիշտ:

-Ասյան նշում է, որ Ձեզ հետ հեռախոսազրույցում իրեն ասել եք, որ «եթե գործին ընթացք չես տալիս, ինձ ասա, որ ես գնամ ոչ պաշտոնական ձևով ջղայնանամ իրենց վրա»: Սա է՞լ է իրավական խորհուրդների մեջ մտել, պարոն Մելիքյան:

-Դուք նախ հարցրեք, թե ես այսպիսի բան ասել եմ, թե ոչ, հետո:

-Ձեր տարածած հայտարարության մեջ մասնակի հերքել եք:

-Նախ ես նրան համոզել եմ, որպեսզի փաստեր բերի ներկայացնի, փորձել եմ նրանից ստանալ այդ փաստերը: Ես «ներքին կարգով» արտահայտությունը կիրառել եմ, դա եղել է այն կոնտեքստով, որ եթե չունենամ փաստեր, ապա արդյունավետ չեմ կարող աշխատել և այդ գործունեությունը կարող եմ իրականացնել ներքին կարգով: Այսինքն՝ դա ուղղված է եղել փաստեր ներկայացնելու մոտիվացիա առաջացնելուն:

-Պարոն Մելիքյան, իսկ ի՞նչ է ենթադրում «ներքին կարգով» ձևակերպումը:

-Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ գործունեություն է իրականացնում: Դա ենթադրում է առանձին շփումների ժամանակ մարդկանց մոտ հարցը բարձրացնելը, որ այսպիսի տեղեկություններ կան, ճիշտ է, դրանք ստուգված չեն, կոնկրետացված չեն, փաստարկված չեն, բայց փորձել բարձրաձայնել առանձին պաշտոնատար անձանց մոտ, իրավիճակներում և այլն:

-Դուք՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, ի՞նչ ընթացակարգեր եք ձեռնարկել, դիմե՞լ եք իրավապահ մարմիններին՝ դեպքն ուսումնասիրելու համար:

-Մեր որոշ գործողությունները կլինեն հրապարակային, ինչպես ասել եմ, և դուք տեղեկացված կլինեք այդ մասին:

-Կմանրամասնե՞ք, կոնկրետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

-Ամենաուշը վաղն առավոտյան հրապարակային կլինեն մեր՝ օրենքով նախատեսված գործողությունները, և մենք հետևելու ենք մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ իրավական գործընթացներին:

-Իսկ փետրվարի 7-ից հետո փորձե՞լ եք խոսել Ասյա Խաչատրյանի հետ:

-Ես ինքս չեմ փորձել խոսել, և մեր մեջ կապ այլևս չի եղել փետրվարի 7-ից հետո:

-Ոստիկանների ենթադրյալ վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում, եթե Ասյայի պնդումները, Ձեր ձևակերպմամբ, համատասխանեն իրականությանը, ի՞նչ պատիժ են կրելու ոստիկանները:

-Այս պահին դեռ պատժի մասին խոսք չի գնում, սկզբնական ձևակերպումները, որոնք ես տվել եմ, կարող եք հիմք ընդունել՝ դրանք անընդունելի են:

-«Անընդունելին» վերացական է հնչում, պարոն Մելիքյան: Ի՞նչ հստակ քայլեր են լինելու:

-Համենայն դեպս, մենք հիմա հստակ քայլերը նախապատրաստում ենք, որովհետև հստակ քայլերի համար պետք է որոշակի աշխատանք: Դա մեկ րոպեի բան չէ, լուրջ, մասնագիտական կողմ ունեցող աշխատանք է: Մենք այդ աշխատանքն անում ենք հիմա, և մեր բոլոր գործողությունները հասանելի կլինեն ձեզ համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter