HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձաքննության հայտի նախագծում չի խոսվում Շամլուղի ստորգետնյա հանքի արտադրության ընդլայնման ռիսկերի մասին

«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտադրողականությունը մինչեւ հիմա ապահովել է Շամլուղի բաց հանքի տարեկան 300 հազար տոննա և ստորգետնյա հանքի տարեկան 200 հազար տոննա զուգահեռ արտադրությունը:

Բաց հանքի պաշարները սպառվելուց հետո նախագծով հաստատված տարեկան 500 հազար տոննա արտադրողականությունը ԼՀԿ-ն ապահովելու է ստորգետնյա հանքի արտադրությունը տարեկան 300 հազարով ավելացնելու հաշվին:

Ստորգետնյա հանքում արտադրության ընդլայնման պայմաններում իր գործունեության և շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության նախնական գնահատման համար «Ախթալա ԼՀԿ»-ն մարտի 12-ին հայտ է ներկայացրել բնապահպանության նախարարություն:

Փորձաքննության նախնական հայտի նախագիծը կազմել է «ԱկունքՖիրմա» ՍՊԸ-ն: Նախագծով արտադրությունը ընդլայնելուց հետո ստորգետնյա հանքում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում չի նախատեսվում: Հարյուրավոր տարիներ առաջվա «տեխնոլոգիաներով» աշխատող Շամլուղի ստորգետնյա հանքում լեռնակապիտալ և նախապատրաստական կտրման փորվածքների անցկացումը նախատեսվում է իրականացնել հանքաքարի արդյունահանման աշխատանքերին զուգահեռ:

Նորարարությունը հանքում արտահայտվելու է հիմնականում փորվածքների տեսքով: Նախատեսվող բնապահպանական միջոցառումները իրականացվելու են ջրի մատուցմամբ, փոշուց փորվածքների պատերի պարբերաբար լվանալու, տաք և չոր եղանակներին մերձատար ճանապարհների ջրցանմամբ և այլն: Հանքի արտադրական ջրերը հեռացվելու են հանքաջրերի հետ համատեղ և թափվելու են Ախթալա գետը:

Ըստ շրջակա միջավայրի վրա մոնիտորինգի կենտրոնի տվյալների՝ գետի ջրերը համապատասխանում են որակի 5-րդ դասին: Ախթալա գետը թափվում է Դեբեդ:

Արտադրական ջրերի քանակը տարեկան կազմելու է 10 588 խմ: Հանքաջրերը աղտոտված են պղնձով, ցինկով, երկաթով, սուլֆատ իոնով և ազոտի միացություններով:

Նախագծի իրականացման դեպքում Ախթալա գետ թափվող հանքի ջրերի ծավալը ավելանալու է 2,5 տոկոսով, իսկ աղտոտող նյութերի քանակը՝ 3 տոկոսով։

Ըստ նախագծի՝ ստորգետնյա հանքերում արտադրության ընդլայնման դեպքում կավելանա միայն ստորգետնյա աշխատանքերի ծավալը, մակերևույթում նոր հողատարածքների խախտում չի նախատեսվում, այսինքն՝ ներկա իրավիճակի համեմատ լրացուցիչ ազդեցություն հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա տեղի չի ունենա: Նախագծում այս կանխատեսման հիմնավորումը չի ներկայացվում:

լուսանկարը՝  Լևոն Գալստյանի ՖԲ էջից

«Բնական է, որ արդյունահանման ծավալներն ավելացնելու դեպքում ավելանալու են նաև թափոնների և ֆլոտացիայի ժամանակ օգտագործվող քիմիական նյութերի քանակը: Պնդել, թե դա լրացուցիչ ազդեցություն չի ունենա բնական միջավայրի վրա, նշանակում է ոչ միայն զբաղվել ինքնախաբեությամբ, այլ նաև ոչ հավաստի տեղեկություններով թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Աղտոտման ծավալները կմեծանան հատկապես մակերևույթային և ստորերկրյա ջրերում»,- ասում է աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

Լ. Գալստյանը նշեց նաև հանքի թթվային դրենաժի արտահոսքերի էկոլոգիական շատ վտանգավոր հետևանքերը բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա: Նախագիծը շրջանցել է Շամլուղի ստորգետնյա գործող հանքի շահագործման իրական ռիսկերը: Ստորգետնյա հանքի արտադրության ժամանակ, որպես հանքի արդյունաբերական հրապարակ, օգտագործվելու է առկա հրապարակը՝ առանց լրացուցիչ տարածքների խախտման: Արդյունաբերական հրապարակի մասին որևէ այլ տեղեկություն նախագծում չի հիշատակվում, այն դեպքում, երբ այն տեղակայված է Ախթալա- Շամլուղ միջհամայնքային ճանապարհի վրա:

Գիշերային հերթափոխից հետո հանքաքարը վաղ առավոտյան ստորգետնյա հանքից հանվում և կուտակվում է ճանապարհի արդյունաբերական հրապարակում, որտեղից բարձվում է բաց բեռնատարներին և տեղափոխվում ֆաբրիկա: Արդյունաբերական հրապարակը բաց հանքավայր է հիշեցնում (տես առաջին լուսանկարը):

Հանքաքարի տարածման պաշտպանական որևէ միջոցառում այստեղ չի կիրառվում: Անձրևից և քամուց կուտակված հանքաքարը տարածվում է շրջակա միջավայրում, այդ թվում՝ նաև Շամլուղ քաղաքի վրա: Հանքաքարը Շամլուղի փողոցներ և բնակելի շենքերի բակ է լցվում նաև հանքաքար տեղափոխող բեռնատարներից:

Շամլուղցի Գուրգեն Դավթյանը անթույլատրելի է համարում բնակչությանը սպասարկող ճանապարհի վրա արդյունաբերական հրապարակի գոյությունը և նշում է, որ Շամլուղում սփռված հանքաքարը սպառնալիք է Շամլուղի շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար: Արտադրության ընդլայնման դեպքում ստորգետնյա հանքի արդյունաբերական հրապարակում թափվելու է կրկնակի քանակությամբ հանքաքար, ավելի է մեծանալու հանքաքարը ֆաբրիկա տեղափոխող բեռնատարների քանակը: Բեռնատարների, անձրևի և քամիների միջոցով կրկնապատկվելու է Շամլուղի շրջակա միջավայրի աղտոտումը:

Նախնական հայտի նախագծում «Ակունք-Ֆիրմա» ՍՊԸ-ն լռել է տարեկան 200 հազար տոննա արտադրողականությամբ աշխատող ստորգետնյա հանքի շահագործման հետևանքով Շամլուղ քաղաքին պատճառած տնտեսական ու բնապահպանական վնասների և արդյունաբերական հրապարակի բնապահպանական ռիսկերի մասին: Նախագիծը 9կմ երկարությամբ Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհին ընդհանրապես չի անդրադարձել:

«Չի անդրադարձել, որովհետև հանրային ճանապարհները հանքարդյունաբերության նպատակով օգտագործելու իրավունք չկա: Առավել ևս, որ ԼՀԿ-ի կողմից այդ ճանապարհի բնապահպանական անվտանգության պահպանման, արդյունաբերական հրապարակի մեկուսացման, հանքաքարը փակ ավտոմեքենաներով ֆաբրիկա տեղափոխելու և մյուս պահանջները չեն կատարվում», - բացատրում  է ԳԱԱ-ի էկոլոգոանոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

Միջհամայնքային ճանապարհը հանքարդյունաբերության տակ վերցնելու ռիսկերի մասին մեր հարցին «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը պատասխանեց. «Մենք ուրիշ հարցի համար ենք հավաքվել, ճանապարհի համար չեն հավաքվել»:

Շամլուղի ստորգետնյա հանքում պաշարները կազմում է 4,72 մլն տոննա, օգտագործման ժամկետը նախագծով  լինելու է 10 տարի: Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը մարտի 23-ի նախագծի 2–րդ քննարկմանը Շամլուղի բնակչության բնապահպանական վտանգների, ստորգետնյա հանքում համայնքի հանքափորների կյանքի անվտանգության և միջահամայնքային ճանապարհը հանքարդյունաբերական նպատակով օգտագործելու ռիսկերի մասին որևէ հարց չուղղեց նախագծի հեղինակին: Նա օգնություն էր հայցում ԼՀԿ-ից: Ա. Թամազյանը տեղեկացրեց, թե առաջին քննարկմանը ընդունվել է հայտը, ինքն էլ բարձրաձայնել է, նորից կարող է բարձրաձայնել, ուզում է հասկանալ, թե  համայնքում «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից ստորգետնյա հանքերում կատարվելիք աշխատանքների ընթացքում որպես համայնքի սոցիալ-տնտեսական ներդրում, ակնկալիք օգնություն «Ախթալայի ԼՀԿ»-ն ինչի է պատրաստ և դրանից ինչ է համայնքը ստանալու:

Հարցադրմանը ԼՀԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը չպատասխանեց: Նախագծի հեղինակ, «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը պատասխանեց. «Միայն սոցիալ-տնտեսական հարցերը պետք է այսօր մենք քննարկենք, կգրենք նախագծի մեջ»:

Հովհաննես Նիկողոսյանը և Գագիկ Շահնազարյանը (ձախից)

Համայնքի ղեկավարին բացատրեցին, որ օգնության համար պետք է դիմել ԼՀԿ-ի տնօրինությանը: Հ. Նիկողոսյանը բացատրեց, որ ստորգետնյա հանքում աշխատելը ռիսկային է, նախնական հայտի նախագիծը չի կարող երաշխիք տալ հանքափորների կյանքի անվտանգության համար: Նախնական հայտի նախագծի երկրորդ քննարկմանը Ախթալայի համայնքապետարանի նիստերի դահլիճում նստած էին միայն համայնքապետարանի մի քանի աշխատողներ: Քննարկմանը չէր մասնակցում Շամլուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Աղաբաբյանը և բնակչության ներկայացուցիչներ:

«Շատ լավ եք անում, որ հանրային քննարկում եք անում, բայց շատ լավ կլինի, որ Շամլուղ քաղաքից էլ մարդիկ ներկա լինեին», - նկատեց պատահականորեն նախագծի քննարկման դահլիճում հայտնված շամլուղցի Գոհար Խաչիկյանը:

«Հայտարարություն է եղել համայնքային սայթով, ֆեյսբուքով, հայտարարվել է, հայտարարությունը բոլոր բնակավայրերում փակցված է եղել: Մենք չենք կարող հատ-հատ ժողովրդին զգուշացնենք»,-արդարացավ Արկադի Թամազյանը: Մեր հարցումներից պարզվեց, որ Շամլուղի բնակչությունը չի տեղեկացվել Շամլուղի ստորգետնյա հանքի արտադրության ընդլայնման նախնական հայտի նախագծի քննարկման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter