HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ-ում սպանված ոստիկանների մարմինների վրա հրազենային վնասվածքներից բացի եղել են նաև այլ առարկայով հարվածի հետքեր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր հրապարակվեցին այդ օրերին սպանված ոստիկանների  մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:

Ինչպես պարզվեց, նրանցից երկուսի՝  Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մարմնին բացի հրազենային վնասվածքներից եղել են նաև այլ առարկայով հասցված վնասվածքի հետքեր:
Փորձաքննության արդյունքների համաձայն՝ Արթուր Վանոյանի կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքը մահվան հետ անմիջական կապ է ունեցել: Վանոյանի մարմնին մեկ հրազենային վնասվածք է եղել, ինչպես նաև քերծվածքներ՝ նրա դեմքի և նախաբազկի ձախ հատվածում, որոնք, ըստ փորձաքննության եզրակացության, հասցվել են բութ առարկայով և անմիջական կապ չունեն Վանոյանի մահվան հետ:

ՊՊԾ-ում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել  գանգի դիմային հատվածի հրազենային վնասվածքը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ սպանված ոստիկանի կրծքավանդակի հետին մակերեսին ևս վնասվածք  է եղել, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ՝ սուր եզր ունեցող կույր առարկայով. այս վնասվածքը առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակել:

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած, ապա օրեր անց հիվանդանոցում մահացած ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Ոստիկանի մարմնի վրա առկա կրակոցի ուղղությունը հնարավոր չի եղել որոշել՝ նկատի ունենալով, որ վնասվածք ստանալուց հետո Մկրտչյանը բազմաթիվ վիրաբուժական միջամտությունների է ենթարկվել․ ուղղությունը պարզելու համար անհրաժեշտ է եղել փորձաքննության ենթարկել նաև Մկրտչյանի հագուստները: 

Դատական նիստն այս պահին ընդմիջվել է, և կշարունակվի 14:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter