HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների տրամադրման ընթացակարգը կիրականացնի «ՎիզաՄետրիկ» ընկերությունը

Այս տարվա ապրիլի երեքից Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզայի համար Երևանում ներկայացվող դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի Դաշնային Հանրապետության երևանյան դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՆԳՄաթիաս Քիսլերը։

«Շատ կարևոր է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է բացառապես շենգենյան վիզաների դիմումների ընդունմանը, դրանք վիզաներ են, որոնք նախատեսված են շենգենյան տարածքում կարճաժամկետ կացության համար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը վերաբերող դիմումների ընդունման ընթակարգը մնում է բացառապես դեսպանության գործունեության շրջանակում, այստեղ փոփոխություններ չեն լինելու»,- ասաց դեսպանը՝ շեշտելով, որ վիզաների տրամադրման մասին որոշումները կայացնելու են դեսպանության գործուղված աշխատակիցները։

Դեսպանի խոսքով՝ այս փոփոխությունները տարբեր երկրներում են իրականացվում, երբ վիզաների փաստաթղթերի ընդունման ընթացակարգը կատարում է որևէ սպասարկող ընկերություն։

«Մի շարք երկրներում արդեն իսկ այն տեղի է ունեցել, մենք լավ փորձ ունենք այդ առումով»,- ասաց դեսպան Քիսլերը՝ հավելելով, որ իրականացված մրցույթում հաղթող է ճանաչվել «ՎիզաՄետրիկ» ընկերությունը։ Դեսպանի վստահեցմամբ՝ իրենք հնարավորինս փորձում են հայտատուների դիմումները բավարարել և շենգենյան վիզա տրամադրել մեկ տարի ժամկետով։ Դեսպանի խոսքով՝ դեսպանատունն ամեն չորրորդ հայտատատուի դիմումը բավարարել է՝ տրամադրելով մեկ տարի ժամկետով շենգենյան վիզա։

Մեր հարցին, թե ինչո՞ւ է այս փոփոխությունն իրականացվում, որքա՞ն է եղել դեսպանատան ծանրաբեռնվածությունը հայտատուների թվով, որ կարիք է առաջացել նման սպասարկող ընկերության ծառայության, դեսպանը պատասխանեց, որ 2017 թվականի ընթացքում դեսպանատունը ստացել է 15.200 հայտ։

«Մեծ քանակությամբ դիմումներ չենք կարողացել միանգամից բավարարել, և ի հայտ են եկել մեծ հերթեր՝ սպասելաժամանակը կազմելով վեցից ութ շաբաթ։ Նպատակն է կրճատել սպասելաժամանակը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ վիզաների բաժնի որևէ աշխատակից աշխատանքից չի ազատվելու։

Դեսպանատան վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդի խոսքով էլ՝ առանձին սպասարկող ընկերության միջոցով նման ծառայություն կատարելը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, որակը, տեխնիկական հնարավորությունների շնորհիվ հնարավոր կլինի առցանց հետևել դիմումի ընթացքին, անձնագրի վերադարձը հնարավոր կլինի փոստային ճանապարհով կատարել։

Հետաքրքրվեցինք՝ պահպանվելո՞ւ է արդյոք ՀՀ-ԵՄ համաձայնագրի այն կետը, ըստ որի մի շարք խմբերի համար, ինչպես՝ լրագրողներ, աշակերտներ, ուսանողներ, շենգենյան վիզայի համար գումար չի գանձվելու, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը պատասխանեց՝ ընթացակարգում որևէ փոփոխություն չի լինելու, պահպանվելու են այն կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ընդունումից հետո։

Անդրադառնալով այն հարցին, որ մրցույթում հաղթած «ՎիզաՄետրիկ» ընկերությունը, ըստ լուրերի, թուրքական է, դեսպանն արձագանքեց

«Հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում, այն երկամսյա փորձ ունի որպես նման ծառայություններ մատուցող կազմակերպության, և իրենք մասնակցել են մրցույթին և շահել մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում և այս տարածաշրջանում։ Ամենևին դեր չի խաղացել այն, թե որ երկրից է ընկերությունը, այլ միայն օբյեկտիվության սկզբունքներով է ընտրությունը կատարվել»։

Դեսպանը վստահեցրեց, որ անձնական տվյալների պաշտպանությունն իրենց համար բարձր արժեք է, և կարող են երաշխավորել, որ որևէ անձնական տվյալ արտաքին օգտագործողներին չի կարող տրամադրվել։ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո Գերմանիայի ԱԳՆ-ի հետ երեք տարի ժամկետով պայմանագիր է կազմել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter