HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փլված հանրակացարանում բնակվող երեք ընտանիք տեղափոխվեց նոր կացարան

Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող կիսափուլ, վթարային հանրակացարանում ապրող 3 ընտանիքներ այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանից ստացան իրենց նոր կացարանների բանալիները: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղի ունեցած փլուզումից հետո այստեղ բնակվելը դարձել էր կյանքի համար վտանգավոր:

Միայնակ ապրող Տատյանա Պերետյական, Ինգա Ռայիմկուլովան մոր ու երեք զավակների հետ եւ Շողակաթ Մալխասյանը ամուսնու հետ համաձայնվել են տեղափոխվել բնակության Շիրակացի փողոցում գտնվող նախկին պատանի տեխնիկների ակումբի շենք, որն իր բուն գործառույթները դադարեցրել էր երկրաշարժից հետո եւ վերածվել բնակելի տարածքի: Բնակության համար պարզապես հարմարեցված շենքում նախկինում ապրել է 20 ընտանիք: Ներկայում միայն երկու ընտանիք են, որ հիմնավորվել են եւ տեղափոխվելու մտադրություն չունեն: Այսօր նրանց նոր հարեւաններ միացան:

Շենքի երկրորդ հարկում երեք սենյակ քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել է, նոր պատուհաններ են տեղադրվել, ընդհանուր միջանցքի վերջում նորացվել է սանհանգույցը, տեղադրվել են նոր լվացարան եւ զուգարանակոնք: Սենյակները չունեն խոհանոցային մաս: Հավանաբար հետագայում նույն տարածքում առկա ազատ սենյակներից մեկը կվերածվի ընդհանուր խոհանոցի: Քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի փոխանցմամբ՝ այս պահին իրենք արել են հնարավորը եւ փորձել են քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակելի շենքերում գտնել ազատ, օգտագործելի տարածքներ, որոնք քաղաքի կենտրոնական հատվածներում են, ինչպես ցանկանում եւ պնդում էին հանրակացարանի բնակիչները:

Վարդգես Սամսոնյանը

Շողակաթ Մալխասյանը գոհ էր իրեն հատկացված սենյակից: 1989թ-ից ապրում է հանրակացարանի վթարային շենքի սենյակներից մեկում: Ամուսնու հետ այսօր կամ ամենաուշը վաղը կտեղափոխվեն նոր կացարան: Շատ իրեր չունեն եւ տրամադրված տարածքը կահավորելու խնդիր չի առաջանա: Տատյանա Պերետյական մի փոքր դժգոհ էր իրեն հատկացված փոքր տարածքից՝ պատճառաբանելով, որ իրերը չի կարողանալու տեղավորել, սակայն շնորհակալ էր, որ այլեւս ահ ու դողով գիշերները չի լուսացնելու կիսաքանդ շենքում: Ինգան անչափ ուրախ էր լուսավոր եւ մեծ սենյակի տեսքից: Այստեղ ապրելու է մոր եւ երեխաների հետ՝ կարեւորը, որ թեեւ ընդհանուր, սակայն կա սանհանգույց, որ բացակայում էր նախկին կացարանում:

Հանրակացարանի եւս 6 ընտանիքի տեղավորելու խնդիր ունի քաղաքապետարանը եւ պետք է աշխատի հնարավորինս արագ լուծում տալ հարցին, քանի որ շենքի փլված հատվածը պետք է քանդել ու մաքրել: Ըստ կադաստրից ստացած սեփականության վկայականների՝ հանրակացարանի շենքն ունի 30 սեփականատեր: Շենքում բնակվող երեք տարեցների բնակարանային հարցը խոստացել են լուծել հանրակացարանի սեփականատերերը: Բնակիչներին տեղափոխելուց հետո կսկսվեն քանդման աշխատանքները, որի համար քաղաքապետարանը սեփականատերերին տվել է 14 ամիս ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter