HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքականն անորակ ու անհասկանալի ֆուտբոլ է խաղում, իսկ մարզիչն իրենց հանդեպ հավատը չկորցնելուց է խոսում

Հայաստան-Լիտվա ընկերական խաղում (0-1) գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի փորձարկումներն իսկական փորձանք դարձան:

Հստակ կարելի է ասել, որ թե՛ մարզչական շտաբի, թե՛ ֆուտբոլիստների համար էական դեր է խաղացել Լիտվայի 147-րդ դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, ինչպես նաեւ վրացիներից կրած 0-4 պարտությունը: Մրցակցին թերագնահատելու մասին խաղից հետո ակնարկեցին նաեւ Պետրոսյանն ու Վարազդատ Հարոյանը: Պատահական չէ նաեւ, որ էստոնացիների հետ խաղի համեմատ լիտվացիների դեմ մեր թիմի կազմն ավելի փորձարարական էր, փոխվել էր նաեւ սխեման: Հայաստանի հավաքականը սովոր է խաղալ 4-2-3-1 դասավորությամբ, սակայն այս անգամ ընտրանին մեկնարկեց 4-4-2 տեսքով:

Ընդհանուր գնահատական դարպասապահներին

Դարպասապահի դիրքում, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, խաղում էր Գոռ Մանուկյանը, որը էստոնացիների դեմ հանդես եկած Արամ Հայրապետյանի պես շատ անելիք չուներ: Լիտվան այն հավաքականը չէր, որին պարտվելը կարելի է ոչ արտասովոր համարել, Յանկաուսկասի թիմն ուղղակի փորձում էր իրենից ավելի բարձր կարգ ունեցող մրցակցի դեմ դրական արդյունք գրանցել, ինչի ապացույցն է այն, որ 45-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցնելուց հետո՝ երկրորդ կեսի հենց մեկնարկից, թիմը ձգտում էր ժամանակ ձգել, մարզիչն էլ չէր համարձակվում ձեռք տալ հաղթող կազմին՝ փոխարինումները պահելով խաղավերջի համար՝ կրկին ժամանակ ձգելու նպատակով: Այսինքն՝ հյուրերն ունեին իրենց նպատակները, ինչին հասան եւ դժգոհ չեն կարող լինել:

Վերադառնանք Մանուկյանին, ում դարպասի մոտ առաջին կեսում մրցակիցը չորս վտանգավոր պահ ստեղծեց. առաջինում Գոռը հաջող դուրս եկավ դարպասից ու նաեւ բախտի գործոնի շնորհիվ կարողացավ չեզոքացնել սպառնալիքը, երկրորդ դեպքում անկյունայինի խաղարկումից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ հորիզոնական դարպասաձողից, երրորդում այն դիպավ ուղղահայաց ձողին, իսկ չորրորդում գոլ գրանցվեց: Դրանցից ոչ մեկում Մանուկյանը չթերացավ, ավելին՝ երկրորդ կեսում հետ մղեց դիմահար հարվածը, որը կարող էր վերածվել երկրորդ գոլի: Բայց էստոնացիներն ու լիտվացիները, բնականաբար, չունեն այն կարգը, որ ստիպեին Հայրապետյանին ու Մանուկյանին մի լավ քրտնել՝ ցույց տալով դրական ու բացասական կողմերը: Այնպես որ երկուսի մասին էլ ընդհանուր կարելի է ասել, որ վատ հանդես չեկան:    

Անդոնյանի կոտրած տաշտակն ու Դարբինյանի ձախողված փորձարկումը

Ինչպես երեւում է, պաշտպանության կենտրոնում Պետրոսյանը որոշել է կայունության հասնելու նպատակով որքան հնարավոր է երկար համագործակցելու հնարավորություն տալ Հարոյան-Իշխանյան զույգին, որն իրեն վատ չի դրսեւորում արդեն 3 խաղ: Պաշտպանության եզրերում մարզիչը փորձարկումներ էր անում՝ աջից Կամո Հովհաննիսյանի փոխարեն խաղում էր շիրակցի Ռոբերտ Դարբինյանը, իսկ ձախից Գագիկ Դաղբաշյանի փոխարեն՝ Գաել Անդոնյանը: Երկուսն էլ վատ հանդես եկան: Դարբինյանն ընդհանրապես տապալեց իր նորամուտը: Գոլը ծնվեց հենց նրա պատճառով. աջ եզրում իր դիրքը կորցնելով՝ նախ թույլ տվեց, որ մրցակիցն առաջանա, Գեւորգ Ղազարյանը փոխօգնության գալ չհասցրեց, ապա Դարբինյանը մրցակցի փոխանցումը վատ հետ մղեց, ու գնդակը կրկին հայտնվեց լիտվացիների մոտ, երկրորդ փոխանցումն արդեն մեր տուգանայինի ձախ թեւի ուղղությամբ էր, որտեղ պիտի լիներ Անդոնյանը, բայց վերջինս միայն իրեն հայտնի պատճառներով հայտնվել էր կենտրոնում՝ Հարոյանի ու Իշխանյանի կողքին. երեւի մոռացել էր, որ այս անգամ իրեն ձախ գոտին են վստահել: Վերբիցկասն օգտվեց թողտվությունից ու 45-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին. գոլը հաղթական էր:

Զարմանալի է, թե ինչու է Արթուր Պետրոսյանը շարունակում վստահել Անդոնյանին: Դեռ ԱԱ-2018-ի ընտրական փուլում այս խաղացողը ցույց է տվել, որ իր վրա հույս դնել չի կարելի: Կարիք չկա հիշեցնել, թե նա պաշտոնական մրցավեճերում քանի անգամ տապալվեց: Որքան էլ նա Մարսելի «Օլիմպիկի» պես ակումբի անդամ լինի, առանց խաղային պրակտիկայի չի կարող օգուտ տալ ազգային թիմին. հավաքականն Անդոնյանի նման ֆուտբոլիստի համար մարզավիճակ հավաքելու հարթակ է դարձել, ինչն ուղղակի անթույլատրելի է: Տպավորություն է, որ մարզիչներին կաշկանդում է Անդոնյանի ակումբային գրանցումը: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ նրանք նոր պիտի ծանոթանային Գաելի որակներին, ուրեմն եթե ձախ թեւում Դաղբաշյանին այլընտրանք դիտարկելու խնդիր կար, ինչու՞ զուտ փորձարկման համար չխաղացնել Արթուր Քարտաշյանին, որն այդպես էլ խաղաժամանակ չստացավ (Արթուրին կարելի էր խաղացնել կենտրոնում, Իշխանյանին՝ ձախում): Երկրորդ՝ Հայաստանի առաջնությունում մի՞թե չկա համապատասխան ֆուտբոլիստ, որ մարզիչները գնում-գալիս ու նորից Անդոնյանի կոտրած տաշտակի առաջ են կանգնում:         

Դիպուկ հարցին, թե շարունակական սխալներից հետո ինչու՞ Դարբինյանին փոխարինեց միայն 83-րդ րոպեին, Պետրոսյանն ասում է. «Ռոբերտ Դարբինյանի առաջին հանդիպումն էր հավաքականի կազմում։ Մեզ համար այսօրվա արդյունքը կարեւոր էր, բայց ոչ այդքան կարեւոր, որ խաղայինք միայն արդյունքի համար։ Սա ստուգողական խաղ էր, այդ իսկ պատճառով էլ հենց սկզբից հինգ նոր խաղացողներ դուրս եկան խաղադաշտ։ Մեզ պետք է ֆուտբոլիստներ պատրաստել կամ գոնե հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել այդ դիրքը։ Համաձայն եմ, չստացվեց: Նորից կրկնեմ. առաջին խաղն էր հավաքականի կազմում, երեւի լարվածությունը մեծ էր»։

Հետաքրքիր տրամաբանություն է. ի՞նչ կապ ունի լարվածությունը, եթե ֆուտբոլիստը չունի արագություն, որ հասցնի մրցակցի հետեւից, երկրորդ՝ չի կարողանում ճիշտ դիրք ընտրել՝ գոնե դրա հաշվին արագության պակասը փոխհատուցելու համար: Խնդիրն ուղղակի որակն է: Մի՞թե առաջին 45-50 րոպեներին Դարբինյանի ցույց տված խաղը բավարար չէր փորձարկման ձախողված լինելը հասկանալու համար: Եթե Հովհաննես Համբարձումյանը պրակտիկայի պակաս ունի, հաստատ փորձի ու նվիրվածության հաշվին շատ ավելի մեծ օգուտ կտա թիմին: Եթե նույն վիճակում գտնվող Գաելը խաղում է, ինչու՞ չի խաղում Համբարձումյանը (թեկուզ մեկ խաղակես), եւ այդ դեպքում ո՞րն է նրան հրավիրելու իմաստը: Սրանք հարցեր են, որոնք տրամաբանական պատասխան չեն կարող ունենալ: Այս ելույթից պիտի հետեւություն անենք, որ սա հավաքականում Դարբինյանի առաջին ու գոնե ներկայում վերջին խաղն էր:   

Քաոս՝ կիսապաշտպանությունում

Կիսապաշտպանությունում Պետրոսյանի փորձարկումը նույնպես անհաջող էր: Կենտրոնում լավ զույգ կարող են կազմել Գրիգորյանն ու Հովսեփյանը, բայց քանի որ Պետրոսյանն այս անգամ ավելի հարձակողական ոճ էր ընտրել, Ռումյանին ընկերակցում էր Մխիթարյանը: Ինչպես եւ ամբողջ թիմը, Մխիթարյանն էլ խամրած տեսք ուներ: Լիտվացիները էստոնացիների հետ հանդիպումը դիտելուց հետո հասկացել էին, որ հայերին կարելի է անատամ դարձնել՝ կիպ խաղալով, ազատ տարածություններից զրկելով: Շատ շուտ աքցանի մեջ էր հայտնվում հատկապես Մխիթարյանը: Մերոնց խաղն առջեւում տուժում էր նաեւ նրանից, որ, ոչ թե ենթահարձակվողի, այլ կենտրոնականի դիրքում հանդես գալով, Հենրիխը պիտի հավասարաչափ մտածեր թե՛ գրոհի, թե՛ պաշտպանության մասին:

Առաջին կեսում մեր թիմից Սարգիս Ադամյանը, Էրիկ Վարդանյանն ու Մխիթարյանը երեք վտանգավոր հարված կատարեցին լիտվացիների դարպասի ուղղությամբ, սակայն դարպասապահ Շետկուսը վերահսկում էր իրավիճակը: Կիսապաշտպանության ձախ եզրում հանդես եկած 19-ամյա Վարդանյանին պետք է հնարավորինս շատ խաղացնել, շատ վստահել. տղան մեծ ներուժ ունի, մարզիչների վստահությունն ու ճիշտ խորհուրդները նրան միայն կխթանեն: Աջ թեւում հանդես եկած Ղազարյանին կրկին մեկ խաղակես տրամադրվեց. ակնհայտ է, որ Գեւորգը դեռ շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից:

Թե՛ նախորդ, թե՛ այս խաղում կաղում էին հավաքականի եզրային անցումները: Խիտ պաշտպանության անցած լիտվացիների պրեսինգի արդյունքում հայ ֆուտբոլիստները, կարծես, չգիտեին ինչ անել. ոչ միայն կատարողականն էր կաղում, այլեւ խաղային միտքը՝ ի՞նչ անել, ինչպե՞ս գրոհել: Արդյունքում, քանի որ չկար թիմային ու անհատական արագություն, ճկունություն, մերոնք անընդհատ «ճմռթում էին» գնդակը:

Փոխարինման մտած կիսապաշտպաններից Արասը, Արտյոմ Սիմոնյանը, Գեղամ Ղադիմյանն ու Տիգրան Բարսեղյանը ոչ մի բանով աչքի չընկան: Արասը Ղազարյանի պես հեռու է իր լավագույն օրերից, փոքրամարմին Սիմոնյանը ատլետիկ տվյալներով աչքի ընկնող բալթյան թիմերի դեմ ոչինչ անել չկարողացավ. հատկապես տարօրինակ էր նրան միայնակ տեսնել լիտվացիների տուգանայինում՝ իրենից մի քանի գլուխ բարձրահասակ պաշտպանների շրջափակման մեջ, երբ փորձում էր պայքարել եզրից եկած օդային փոխանցման համար: Պատկերը մեր թիմի անօգնականության օրինակ էր: 2016-ի գարնանն առաջին անգամ հավաքական հրավիրվելուց եւ ամերիկյան շրջագայությանը մասնակցելուց հետո դժվար է որեւէ վառ դրվագ հիշել Ղադիմյանի կատարմամբ: Ինչպես Գաելի, այնպես էլ Գեղամի պարագայում պետք է դնել նրանց հավաքական հրավիրելու նպակահարմարության հարցը: Ի՞նչ են անում նրանք, որ չեն կարող անել Հայաստանի առաջնությունում խաղացողները: Ղադիմյանի նման ծանր է տեղաշարժվում Տիգրան Բարսեղյանը, ով, խաղալով հարձարկման գծում, սրությամբ չի առանձնանում:     

Հարձակման գիծ, կարելի է ասել, չկա

Արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բալեկյանի մասին Արթուր Պետրոսյանն ասում է. «Նորբերտոն արժանի ֆուտբոլիստ է։ Մի մոռացեք, որ նա Արգենտինայից նոր է ժամանել Հայաստան, նոր միջավայր, նոր թիմ, նոր խաղընկերներ, նոր մարզիչ։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Ես վստահ եմ, որ նա ապագայում կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»։

Բալեկյանը երկու հանդիպումներում ունեցավ ավելի քան 70 րոպե խաղաժամանակ, սակայն հիշվեց գլխավորապես խոտածածկին հայտնվելով: Լատինական Ամերիկայից ժամանած ֆուտբոլիստի գլխից մարզիչները հնարավորինս շուտ պիտի հանեն պայքարելու փոխարեն անընդհատ վայր ընկնելու մեծ ցանկությունը. Եվրոպայում մրցավարները վաղուց տուրք չեն տալիս նման հնարքներին: Ի տարբերություն Ադամյանի, որը վազում էր, պրեսինգի դիմում, պայքարում երկու խաղերում էլ, Բալեկյանը միայն վազում էր: Անհասկանալի է, որ նա չփոխարինվեց առաջին կեսից հետո, որում ոչինչ չարեց:

Երկու հարձակվողով սխեման նույնպես ձախողված փորձարկում էր: Պատճառը մեկն է՝ հրավիրվածների մեջ չկային համապատասխան կատարողներ: Օրինակ՝ ինչու՞ չհրավիրել «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին, որը Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից է, ֆիզիկական լավ տվյալներ ունի, վատ հարվածներ չի կատարում, գլխով լավ է խաղում: Արտասահմանում այս կամ այն ֆուտբոլիստի մեջ հայի արյուն փնտրելն ու ազգային թիմ կանչելը մեր ֆուտբոլի ու հավաքականի համար փրկօղակ չէ. փորձը ցույց է տվել, որ էլի ներքին առաջնությունում խաղացող կամ դրանից դուրս եկած տղաներն են եղել ու մնում թիմի առանցքը:

Ամբողջացնելով՝ կարող ենք ասել, որ Արթուր Պետրոսյանի գրեթե բոլոր փորձարկումները ձախողվեցին, որոշներն էլ դարձան փորձանք. խաղային նոր սխեման առկա ֆուտբոլիստների պարագայում փուլ եկավ, պաշտպանության ու կիսապաշտպանության եզրերում խաղացած ֆուտբոլիստներից երկու մրցավեճերում էլ ոչ մի շոշափելի արդյունք չտեսանք, ավելին՝ եղան կոպիտ սխալներ, հարձակման գիծը գրեթե բացակայում է:

Այսքանից հետո Պետրոսյանը մի տեսակ զարմանում է երկրպագուների դժգոհությունից (լիտվացիների հետ անչափ դժգույն ու անորակ խաղից հետո ֆուտբոլասերների սուլոցները միանգամայն տեղին էին), ասում, որ Ազգերի լիգային դեռ 6 ամիս կա, ապա հավելում. «Նորից ասեմ՝ առաջնահերթը ոչ թե արդյունք ապահովելն էր, այլ փորձարկումներ կատարելը։ Երկրպագուներին կասեմ, որ փորձարկումներն ավարտվեցին, եւ մենք մյուս խաղերում կվերադառնանք Բելառուսի ու Կիպրոսի հետ խաղերում ցույց տված խաղամակարդակին, ու մի բան էլ ավել, որ նրանք իրենց հավատը մեր նկատմամբ չկորցնեն»:

Թե այս փորձարկումներից ի վերջո ինչ քաղեց մարզչական շտաբը, Պետրոսյանը չի ասում: Բացի դարպասապահից՝ մնացած բոլոր օղակներում փորձարկումների առավելապես անհաջող լինելը հուշում է, որ մարզիչները վերադառնալու են հին տարբերակներին, այսինքն՝ լինելու է պտույտ ի շրջանս յուր:

Հ.Գ. Մեր հարեւան Վրաստանը երեկ 2-0 հաշվով հաղթեց Էստոնիայի ընտրանուն, որի դարպասը, ինչպես Լիտվայինը, անառիկ մնաց հայ ֆուտբոլիստների համար: Ազգերի լիգայում մեր առաջիկա գլխավոր մրցակիցն էլ՝ ՆՀՀ Մակեդոնիան, 1-1 խաղաց Ադրբեջանի հետ. երկու թիմերն էլ աչքի են ընկել 11-մ հարվածներից:           

Մեկնաբանություններ (1)

Մեկը
Չգիտեմ, ինչպես կարող է երկրպագուն հավատը չկորցնել, եթե պատասխանատու խաղի նախօրեին հավաքականի մի խումբ մարզիկներ ուշ երեկոյան հարբում էին քաղաքի հայտնի կաֆեներից մեկում: Արդյունքն էլ լինում է այն, ինչ որ ունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter