HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ընտրել անվտանգ հավկիթներ. խորհուրդներ «Իրազեկ և պաշտպանված սպառող»-ից

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը Սուրբ Հարության տոնին ընդառաջ տեղեկացնում է, թե ինչպես է պետք ընտրել անվտանգ հավկիթներ:

Տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները: Կազմակերպությունը հիշեցնում է, որ համաձայն Հայաստանի Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն):

Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ  1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:

Հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին և կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, իսկ եթե կաթնագույն է, դեղնավուն կամ մոխրագույն, նշանակում է այն այլևս թարմ չէ: Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ և առանց ճաքերի: Թարմ չլինելու մասին է վկայում է նաև հաստ կճեպի վրա արտահայտված ցանի առկայությունը: Հավկիթը չպետք է նաև կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից և կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ:

Իսկ եթե արդեն գնել եք հավկիթ, սակայն այնուամենայնիվ կասկածում եք վերջինիս թարմության մեջ, ապա այն դրեք ջրով լի տարայի մեջ, եթե ընկղմվեց ջրի մեջ, ուրեմն թարմ է, եթե ոչ` մի օգտագործեք այն: Թարմությունը կարելի է որոշել նաև պարզապես թույլ թափահարելով ձուն, եթե զգացվեց շատ թույլ շարժում, ուրեմն այն թարմ է, իսկ եթե շարժման ձայն լսվեց` թարմ չէ: Բացի այդ կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխառնվեց սպիտակուցին, ուրեմն վերջինս թարմ է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը ոչ միշտ են առաջին իսկ օրը սպառում նախապես եփված հավկիթները, խորհուրդ է տրվում չսպառելու պարագայում հավկիթը եփելուց հետո պահպանել սառնարանային պայմաններում և օգտագործել 72 ժամվա ընթացքում:

Լուսանկարը՝ pixabay.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter