Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արցախում ական է պայթել․ կա 3 զոհ, 2 վիրավոր



Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ ական է պայթել, որի հետևանքով երեք անձ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի մանրամասներն այժմ ճշտվում են»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է վիրավորների կյանքը փրկելու համար։

Ականազերծողները զինվորականներ չեն եղել։ Բաբայանի խոսքով՝ ավելի ուշ մանրամասներ կներկայացնեն։

Լրացում. «HALO Trust» կազմակերպությունը հայտնում է, որ մահացած և վիրավորված անձինք կազմակերպության աշխատակիցներն են: Դեպքը պատահել է առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում՝ հակատանկային ականի պայթյունի հետևանքով:

«Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,- գրված է «HALO Trust» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս կազմակերպությունն իրազեկում է զոհվածների ընտանիքներին, և հայտնում է, որ հավելյալ տեղեկատվություն կտրամադրի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։

Թարմացում. վիրավորված անձանց վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Բժիշկները անում են հնարավորը՝ վերջիններիս կյանքը փրկելու համար։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ