ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Որոշ կաշվետեսակների հումքի արտահանման համար սահմանափակումներ կլինեն



Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ անմշակ որոշ կաշվետեսակների ներկրման վրա արգելք է լինելու։ Փոփոխություններ կատարվեցին «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծում, այն ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։

«Խոսքը վերաբերում է անմշակ կաշին արտահանելու դեպքում սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությանը, խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր անասունների կաշվի արտահանման դեպքում ներկայումս սահմանափակումներ չկան, ինչը խոչընդոտ է տեղական արտադրության զարգացման համար։ Առաջարկվում է կիրառել համապատասխան արտահանման հավաստագիր և պետական տուրք սահմանել՝ մեկ կիլոգրամի համար 250 դրամ։ Կարծում եմ՝ նման սահմանափակման կիրառումը կօգնի տեղական արտադրության զարգացմանը»,- ասաց փոխնախարարը։

Այս նախագծի մասին «Հետքն» ավելի վաղ գրել էր, երբ այն հրապարակվել էր իրավական ակտերի հրապարակման միասնական E-Draft.am կայքում։ Ըստ այդ նախագծի՝ փոփոխություններ էին առաջարկվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծում։ Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հիմնավորման՝ տարբեր երկրներից, հիմնականում` Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում մեծ ծավալներով կաշվետեսակներ, այն դեպքում, երբ Հայաստանից մեծ ծավալով խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ են արտահանվում: Ուստի անմշակ մորթի արտահանման վրա սահմանափակումներ կիրառելը կնպաստի ներկրվող նման ապրանքատեսակների կրճատմանը։

Փոխնախարարը, սակայն, հարցը ներկայացնելիս այս խնդրին չանդրադարձավ։ Նախագծի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանը․ «Այսինքն մոտիվացնում ենք, որպեսզի պատրաստի արտադրանք արտահանե՞նք»։

«Այո, ավելի վերամշակված արտադրանք»,- արձագանքեց փոխնախարարը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ հետաքրքրվեց այն մասին, թե ինչ է լինելու այն դեպքում, երբ մթերում և արտադրություն չլինի․ «250 դրամը մեկ կիլոգրամի համար լուրջ թիվ է»։

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց՝ արտադրողի հավաստիացմամբ նման խնդիր չկա։

«Իրենք ալտերնատիվա ունե՞ն, թե որտեղ պետք է հանձնեն, եթե ալտերնատիվա չենք տալիս, ապա պետական տուրքի մասին օրենքի ժամկետը հետաձգեք»,- ասաց վարչապետը։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մաքսային արժեքը, որով արտահանվում է, էապես տարբերվում է այն գներից, որով վաճառվում է դրսում, եթե տեղական արտադրողը մթերելու հետ կապված ժամանակավոր խնդիր ունենա, էական խոչընդոտ չի ունենա արտահանման սահմանափակման համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Լուսանկարը՝ pixabay.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ