HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստամբուլում գրանցված ընկերությունը կզբաղվի շենգենյան 5 երկրի վիզաների տրամադրմամբ. ովքեր են կանգնած «ՎիզաՄետրիկ»-ի հետևում

ՀՀ քաղաքացիներն ապրիլի 3-ից եվրոպական 5 երկրներ մեկնելու նպատակով շենգենյան վիզա ստանալու համար պետք է փաստաթղթեր ներկայացնեն ոչ թե Գերմանիայի դեսպանատուն, այլ «ՎիզաՄետրիկ» միջնորդ կազմակերպություն:

Հանրության շրջանում մտահոգություններ են հնչել, թե ինչու է ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրումը հանձնվել թուրքական ծագման այս ընկերությանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Մաթիաս Քիսլերը երեկ կայացած ասուլիսին այս մտահոգությանը հետևյալ կերպ է արձագանքել. «Հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում, այն երկարամյա փորձ ունի որպես նման ծառայություններ մատուցող կազմակերպություն, և իրենք մասնակցել են մրցույթին ու շահել մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում և այս տարածաշրջանում։ Ամենևին դեր չի խաղացել այն, թե որ երկրից է ընկերությունը, այլ միայն օբյեկտիվության սկզբունքներով է ընտրությունը կատարվել»։ 

Ավելին, դեսպանը ասուլիսին նաև հայտարարել է, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական կոնսորցիում է: Թե ինչու է դեսպանը նման համոզմունք հայտնել, դժվար է ասել: 

«ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին: Կանոնադրական կապիտալը 15 մլն դրամ է: Միակ հիմնադիր-բաժնետերը թուրքական մեկ այլ ընկերություն է՝ «Վիզամետրիկ» վիզայի ծառայությունների և խորհրդատվության արտաքին առևտրային կազմակերպություն» (թարգմանությունը թուրքերեն «Վիզամեթրիք Վիզե Հիզմեթլերի Վե Դանըշմանլիք Դըշ Թիճարեք Անոնիմ Շիրքեթի» անվանումից):  

«ՎիզաՄետրիկ»-ի հիմնադիր ընկերությունը գրանցված է Ստամբուլում: Մեր թուրք գործընկերների միջոցով Ստամբուլի Առևտրաարդյունաբերական պալատից ձեռք բերեցինք ընկերության գրանցման փաստաթուղթը:

Ընկերությունն ընդամենը երկամսյա պատմություն ունի. գրանցվել է այս տարվա հունվարի 22-ին: Կանոնադրական կապիտալը 2.5 մլն թուրքական լիրա է, որը համարժեք է 624 հազար ԱՄՆ դոլարին: Կազմակերպության նպատակներն են` արտասահմանյան դեսպանատների և հյուպատոսությունների անունից ճանապարհորդական վիզա կազմակերպելը, վիզայի դիմումների և խորհրդատվական ծառայությունների համակարգումը, ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև պայմանագրով ամրագրված այլ աշխատանքներ կատարելը:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ֆրանչեսկո Բոարին է (Francesco Boari): Ֆրանչեսկո Բոարին իտալացի է: Մեր թուրք գործընկեր, «Թարաֆ» թերթի թղթակից Օզգյուն Աշչերը այս ընտանիքի մասին թուրքական մամուլն ուսումնասիրելուց հետո պատմեց, որ Ֆրանչեսկո Բոարին Ստամբուլում ավելի քան 30 տարի հաստատված մեծահարուստ, գործարար Էնրիկո Բոարիի որդին է: Ֆրանչեսկո Բոարին նաև 2014 թվականից Ստամբուլում իտալական քոլեջ է հիմնել:  

Թուրքական «ՎիզաՄետրիկ»-ի՝ ստորագրման իրավունք ունեցող փոխտնօրեն է նաև Եֆիմիյա Օզբերը (EFİMİYA ÖZBER): Ե. Օզբերի մասին մեր գործընկերը տեղեկություններ չի գտել: Համացանցում և թուրքական մամուլում նա ոչնչով աչքի չի ընկել:  

Տնօրենների խորհրդում է նաև Մավիկա Նիկոլան (MAVICA NICOLA), որը ՌԴ-ում գործող Visa Management Service (VMS )–ի հիմնադիրն է: Վերջինը վիզայի հետ կապված ծառայություններ է մատուցում ՌԴ-ում Իտալիայի դեսպանատան համար:

Նույն հասցեում, որտեղ գրանցված է թուրքական «ՎիզաՄետրիկ»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ վիզաների վերաբերյալ խորհրդատվություններ և ծառայություններ մատուցող iData առևտրային միջնորդ կազմակերպությունը: iData-ն Թուրքիայում Գերմանիայի և Իտալիայի դեսպանատների համար է վիզաների հայտեր կազմակերպում: Համաձայն Ստամուբուլի Առևտրաարդյունաբերական պալատի փաստաթղթի՝ ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը և իշխանություն ունեցող գլխավոր անձը Ֆրանչեսկո Բոարիի հայրն է՝ Էնրիկո Բոարին (Enrico Boari), նրա տեղակալն է նույն Ե. Օզբերը:

«ՎիզաՄետրիկ»-ի կայքի համաձայն՝ այն ծառայություններ է մատուցում 6 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում և Թուրքիայում: Մյուս 4 երկրներն են՝ Չինաստանը, Իրաքը, Ղազախստանը և Ռուսաստանի Դաշնությունը: Հայաստանը կդառնա 7-րդ երկիրը, որտեղ մուտք է գործել «ՎիզաՄետրիկ»-ը:

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը  սկսել է ստուգման գործընթաց` պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ի կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար եւ հավաստիացնում, որ Գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնի հանրությանը:

Քիչ առաջ էլ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը: 

«2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը: Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ: Գործակալությունը պահանջել է նաև ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը»,- հայտնում է Արդարադատության նախարարությունը:

Լուսանկարում` Ֆրանչեսկո Բոարին

Մեկնաբանություններ (4)

Alex
It’s very good company and honest staff , I wish all the best to Idata company
vinco
Պառզ է կամաց-կամաց փակում են սահմանները:.
Vahe
I think it is stupid idea of letting some turkish company to issue visas to Armenians. Germany has over 4 milion turks and as they are living together like brothers side by side, it does not mean to ignore what Armenians think and try to imposeo force on Armenia to except what the brothers of the turks say.
Vartan
This is not the first case where Armenian side has been suffering defeat. Armenia has signed a couple of double taxation arguments with EU countries agreeing to transfer any kind of data that is wished by a certain EU country (including Germany)- ignoring even the simple international norms and compulsory period of record-keeping. Armenian justice ministry densest exists in reality. Armenian parliament is used to approve whatever it receives from government ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter