Շաբաթ, 22 սեպտեմբերի

Որ զբոսաշրջիկը չասի՝ դարավոր մշակույթով երկրում աղբն ինչո՞ւ է այսքան շատ



«Պատկերացրեք, սա ձեր աշխատանքային միջավայրն է, ձեր գրասենյակն է, չէ՞, մեր գրասենյակը Հայաստանն է, մենք աշխատում ենք մարզերում, գյուղերում: Եվ պատկերացրեք, որ ձեր աշխատավայրում անընդհատ աղբակույտ լինի, իսկ մենք տարբեր վայրերում կուտակված աղբն անընդհատ տեսնում ենք ճանապարհներին»,- ասում է զբոսավար Անահիտ Ավագյանը:

Զբոսավար Կատար Թասլակյանն ավելացնում է, որ գրեթե բոլոր զբոսաշրջիկներն էլ մատնացույց են անում աղբը, անբարեկարգ ճանապարհները, և զբոսավարները գլուխը կախում են դրա պատճառով:

Կատարն ու Անահիտը Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայից են: Կատարը նաև վարչության անդամ է: Ասոցիացիան հիմնադրվել է նախորդ տարվա օգոստոսին: Ըստ մեր զրուցակիցների՝ նպատակը ոչ միայն Հայաստանում պրոֆեսիոնալ զբոսավարների ինստիտուտի կայացումն է, զբոսավարների իրավունքների պաշտպանությունը, հմտությունների զարգացումը, այլև զբոսաշրջությանն առնչվող մի շարք խնդիրներ առաջ քաշելն ու լուծման տարբերակներ գտնելը: Կատարն ասում է, որ զբոսաշրջության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն այս տարի ասոցիացիան առանձնացրել է դրանցից մեկը՝ առաջարկում է երկիրն աղբից մաքրել:

Կազմակերպությունն արդեն երկու անգամ շաբաթօրյակ է կազմակերպել՝ Չարենցի կամարի, Ազատի կիրճի և «Քարերի սիմֆոնիայի» տարածքում, երկրորդ շաբաթօրյակն էլ Գեղադիր-Գառնի ճանապարհի տարածքում էր: 210 պարկ աղբ են հավաքել՝ երեք բեռնատար մեքենա:

«Հստակ է, որ մենք չենք կարող ամբողջ երկիրն աղբից մաքրել: Որոշել ենք, որ մարդկանց դիմենք, ովքեր կուտակված աղբ են նկատում, լուսանկարեն, տեսանկարահանեն՝ ամսաթվով և վայրի անվամբ, մեզ ուղարկեն: Մենք դա կուղարկենք համապատասխան մարմիններին»,- նշում է Կատարը:

Զբոսավարներն ասում են, որ բազմակողմանի է խնդիրը՝ և՛ մարդիկ են աղբ թափում, և՛ պատկան մարմինները հետամուտ չեն: Ըստ նրանց՝ չնայած կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ոլորտ է հռչակել, առանձնապես որևէ քաղաքականություն կամ ներդրում չի կատարվում՝ իրավիճակը բարելավելու համար: Ասում են, որ տուրիստական ընկերություններն էլ իրենց հերթին պետք է պահանջատեր լինեն աղբահանության համար:

Զրուցակիցների ձևակերպմամբ՝ իրավիճակը փոխելու համար պետք է մտածելակերպը փոխվի՝ սկսած մանկապարտեզից: Կատարը նկատում է, որ իր շրջապատում էլ կան մարդիկ, որ աղբ են գցում, հետո դա պատճառաբանում տարածքում արդեն իսկ առկա աղբով:

Զբոսավարի կարծիքով՝ չնախատեսված վայրում աղբ թափելու դեմն առնելու միակ արդյունավետ ճանապարհը տուգանքն է. եթե մարդկանց գրպանին կպնեն, նախքան աղբը գցելը կմտածեն:

Անահիտն էլ պատմում է, որ, օրինակ, Պորտուգալիայում պատահականորեն պլաստիկե շիշը գցել էր թղթի համար նախատեսված աղբաման, ինչի պատճառով 20 եվրո տուգանվել էր:

Կատարը նշում է, որ մենք անտարբեր հասարակություն ենք դարձել: Ըստ նրա՝ չնայած դա պայմանավորված է նաև սոցիալ-տնտեսական պայմաններով, ամեն բան պետք չէ արդարացնել դրանով: «Եթե տեսնում եք, որ մեկն աղբ է թափում, պետք է նկատողություն անել, որպեսզի երկրորդ անգամ փորձելուց առաջ մտածի, որ խոսելու են իր վրա»,- նկատում է նա:

Շուտով զբոսաշրջության ակտիվ սեզոնն է սկսվելու: Կատարն ու Անահիտն ասում են, թե առաջիկայում շաբաթօրյակ դժվար հասցնեն կազմակերպել: «Մենք հաճախ ստիպված ենք լինում շեղել զբոսաշրջիկների ուշադրությունը, օրինակ, Դիլիջանի ազգային պարկի ձախ հատվածում մեծ աղբակույտ կա, երբ այդտեղով անցնում ենք, ասում ենք՝ նայեք աջ, կարող է՝ աջում առանձնապես հետաքրքիր տեսարան էլ չլինի, բայց աղոթում ես, որ այդ պահին չնայեն աղբին»,- ասում է Անահիտը:

Կատարն էլ պատմում է, որ վերջերս Բելգիայից զբոսաշրջիկների մի խումբ էր եկել: Նրանցից մեկն ասել է, որ եթե իրեն հարցնեն Հայաստանից ստացած տպավորությունների մասին, կասի, որ դարավոր մշակույթով հրաշալի երկիր է, ինչով ժողովուրդը հպարտանում է, բայց և չի հարգում իր երկիրը, բնությունը, քանի որ ամեն տեղ աղբ է նետված: «Այդ ժամանակ որպես զբոսավար ամաչում ես, որովհետև այդ պահին քո երկրի առաջին դեմքն ես»,- նշում է Կատարը: Անահիտն էլ հավելում է. «Զբոսաշրջիկներ կան, որ ասում են՝ դուք չեք սիրում ձեր երկիրը, ինչո՞ւ եք աղբ թափում, ինչո՞ւ ձեր կառավարությունը չի մաքրում, ինչո՞ւ են վարորդները մեքենայից աղբ նետում»:

Կատար Թասլակյանն ավելացնում է, թե ներկայացվածը չի նշանակում, որ զբոսաշրջիկները Հայաստանից հիասթափված ու դժգոհ են գնում. նրանք մեկնում են լավ տպավորություններով, զարմանում ու հիանում են բնությամբ, լեռներով, մարդկանցով, ուտելիքով, արևով:

Լուսանկարները տրամադրել է Կ. Թասլակյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. aram23:11 - 29 մարտի, 2018
I have seen too many times when workers collecting trash along roads throw the trash behind the road embankments where they can't be seen rather than collect them as they are paid to do. That in itself is not a set to be seen. There e is improvement but we need to do more.
2. Aram23:16 - 29 մարտի, 2018
Is there a law in Hayastan against throwing wrappings and cigarette boxes on the sidewalks or roads? Lack of decency mandates laws.
3. Hetq04:43 - 30 մարտի, 2018
Aram- We have never seen any individuals fined for littering on Yerevan streets. Discarding business/construction refuse along the road side is another matter. Recently, the Yerevan Municipality issued a press release saying they wanted to "educate" construction companies regarding illegal dumping before it starts issuing fines.
4. Eduard21:57 - 30 մարտի, 2018
մեր գրասենյակը Հայաստանն է, offis hahaha............hastat.
5. Aram06:33 - 31 մարտի, 2018
Edward jan, NEVER give up, NEVER
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ