Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն ավարտվեց



Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն ավարտվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր հայտարարեց դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Իշխան Բարսեղյանի և դատավոր Վաչե  Մարգարյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, նախագահող դատավորը Բարսեղյանին թույլ չէր տվել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, և վերջինս ընդդիմացել ու դատարանում աղմուկ էր բարձրացրել: Դրանից հետո Վաչե Մարգարյանը Իշխան Բարսեղյանին նիստերի դահլիճից մինչև այս նիստի ավարտը  հեռացրել էր, ու թեև վերջիններիս պաշտպանները գտնվում էին նիստերի դահլիճում, որոշում էր դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ Բարսեղյանին հանրային պաշտպան տրամադրելու խնդրանքով:

Այսօրվա դատական նիստին Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակից դատարան էր ներկայացել պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը, սակայն Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը ներկայացնեն իր մասնավոր պաշտպանները:

Դատավոր Վաչե Մարգարյանը, նկատի ունենալով Բարսեղյանի դիրքորոշումը, Սիրեկանյանին չներգրավեց որպես պաշտպան, բայց միևնույն ժամանակ հանրային պաշտպանին ասաց, որ դեռևս շարունակի մնալ նիստերի դահլիճում:

Ռուզաննա Սիրեկանյանը հայտարարեց, որ ինքը նախապես պլանավորված այլ քննչական գործողությունների պիտի մասնակցի, ինչպես նաև Բարսեղյանի՝ մի քանի պաշտպան ունենալու պայմաններում անթույլատրելի համարեց գործում հանրային պաշտպան  ներգրավելն ու հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսի նման կերպ վատնումը, սակայն դատավոր Մարգարյանը շարուակեց պահանջել, որ Սիրեկանյանը մնա:

Դատարանում ստեղծվեց իրավիճակ, երբ  Սիրեկանյանն Իշխան Բարսեղյանի և վերջինիս պաշտպանների կողքին նստած էր, սակայն չէր հանդիսանում Բարսեղյանի պաշտպանը: Նման պայմաններում վերջինս ազատ էր լքել նիստերի դահլիճը, ինչպես դատավարության կողմ չհանդիսացող յուրաքանչյուր անձ, սակայն հանրային պաշտպանը նման բան չարեց, այլ շարունակ կրկնում էր, որ  դատավորը լուծում տա իր խնդրին: Հանրային պաշտպանը դահլիճից հեռացավ միայն այն բանից հետո, երբ դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ իր ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Նիստերի դահլիճում ներկա էին նաև այլ փաստաբաններ, որոնք որևէ կապ չունեին Բարսեղյանի գործով նիստի հետ: Երբ դատավորը հայտարարեց խորհրդակցական սենյակ հեռանալու մասին, դահլիճում ներկա փաստաբանները սկսեցին զուգահեռներ անցկացնել իրենց և Ռուզաննա Սիրեկանյանի կարգավիճակի միջև, և ըստ էության փաստել, որ Ռուզաննա Սիրեկանյանը ևս, ինչպես իրենք, գործով որևէ կարգավիճակ չունեցող փաստաբաններ են: Դրանից հետո Սիրեկանյանը հեռացավ դատարանից, իսկ դատավոր Վաչե Մարգարյանը վերսկսված նիստի ընթացքում այլևս չանդրադարձավ պաշտպանի ներկայության կամ բացակայության հարցին:

Նշենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանի լիազորությունները ժամանակավորապես են կասեցվել: Այս պահի դրությամբ Բարսեղյանը շարունակում է համարվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, վերջինս պետությունից  աշխատավարձ է ստանում, և նման պայմաններում առհասարակ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է աշխատավարձ ստացող անձին հանրային պաշտպան տրամադրվեր:

Ինչպես արդեն նշեցինք, նախորդ դատական նիստին Վաչե Մարգարյանը ամբաստանյալ դատավորին չէր թույլատրել իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որն էլ դարձել էր  դատարանում ստեղծված լարված իրավիճակի պատճառ: Այսօր Մարգարյանը թույլատրեց ներկայացնել միջնորդությունը:

Իշխան Բարսեղյանը հիշեցրեց, որ փետրվարի 1-ին իր գործով դատական նիստին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ, և Վաչե Մարգարյանը նիստի ընթացքում հայտարարել է, որ «առայժմ ձեռնպահ է մնում ամբաստանյալին բռնի ուժով դատարան բելերու գործընթացից»: Բարսեղյանը նշեց, որ անազատության մեջ գտնվող անձին ուժի կիրառմամբ դատարան բերելու ընթացակարգ գոյություն չունի, որ դատավորն իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք է դրսևորել: Մարգարյանը, խորհրդակցական սենյակում քննության առնելով միջնորդությունը, որոշեց մերժել այն:

Դրանից հետո ամբաստանյալների պաշտպաններն այլ միջնորդություններ չներկայացրին՝ հայտարարելով, որ թեև մի շարք այլ միջնորդություններ ևս ունեն, բայց իմաստազուրկ են համարում դրանք ներկայացնել:

Դատական նիստը հետաձգվեց և հաջորդը նշանակվեց ապրիլի 12-ին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Նա ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ռոզա16:25 - 17 մայիսի, 2018
Հարգելի Արաքս Մամուլյան, Ձեզ եմ դիմում կապված Իշխան Բարսեղյանի թեմայի հետ և ցանկանում եմ ներկայացնել մի զավեշտալի իրավիճակ, որում հայտնվել են դատավոր Իշխան Բարսեղյանի մի խումբ` մոտավորապես 90 հայցվորներ: Այս մարդիկ ունեն Հանուն Հայաստանի Հանրապետության անունից հրապարակված վճիռներ, սակայն դատավորի ձերբակալման պատճարով մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց վճիռները:Ամենա ահավորն այն է, որ հրապարակված վճիռների առկայության պայմաններում այդ գործերը հիմա կրկին ուղարկվել են այլ դատարաններ նոր դատաքննություն սկսելու համար: Ինչ օրինականության մասին է խոսքը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ