Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՋՕԸ-երի անհասկանալի կարգավիճակը, անգործության մատնված հանձնաժողովները, ջրամատակարարման հակաիրավական պայմանագրերը



ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն այսօր «Էլիտ պլազա» հյուրանոցի սրահում Հայաստանի ջրային ոլորտի կառավարումն իրականացնող կառույցներին ներկայացրեց ջրային ռեսուրսների օգտագործման իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերլուծությունը:

Այն «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագիրն իրականացնող թիմի հանրությանը ներկայացվող երկրորդ ուսումնասիրությունն էր;

Կենտրոնի իրավաբաններ Հեղինե Հախվերդյանը եւ Օլիմպիա Գեղամյանը ուսումնասիրությունը ներկայացնելիս նշեցին, որ իրավակարգավորումների կատարելագործմանն ուղղված իրենց առաջարկները վերաբերում են ինչպես ոլորտի օրենքներին, այնպես էլ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերին։ Իսկ իրավակիրառ պրակտիկայի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկներ վերաբերում են ջրային ռեսուրսների կառավարման մարմինների հզորությունների զարգացմանը եւ ջրօգտագործողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Համազեկուցողները հայտնեցին, որ Հայաստանի ջրային օրենսդրության համակարգում բացակայում են այնպիսի առանցքային իրավական ակտեր, ինչպիսիք են «Խմելու ջրի մասին», «Ոռոգման ջրի մասին», «Էկոլոգիական քաղաքականության մասին» օրենքները եւ ոռոգման ջրի որակի նվազագույն ստանդարտները կարգավորող իրավական ակտերը։ «Միաժամանակ, ջրային ռեսուրսների պահպանության եւ օգտագործման բնագավառի հասկացությունները, չնայած գործող ծավալուն օրենսդրությանը, շարունակում են առանձին դեպքերում մնալ թերի ու բացթողումներով, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես գոյություն չունեն»,- նշեցին համազեկուցողները:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ներկայացնող ծրագրի իրավական բաղադրիչի ղեկավար Հայաստան Ստեփանյանը նշեց, որ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու իրենց առաջարկները գուցեեւ վիճելի լինեն, բայց պետական բոլոր կառույցների հետ հանդիպումների արդյունքում իրենց հաջողվել է ճիշտ հասկանալ իրավական խնդիրների էությունը: Իրենք պատրաստ են քննարկել դրանք պետական կառույցների հետ:

Մասնավորապես առաջարկվում է՝

  • վերանայել ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի տիպային ձեւը եւ պայմանագրի առարկան, կողմերի իրավունքներն ու պարտականությունները։
  • Ոռոգման ջրի սուբսիդավորումը ոչ թե ՋՕԸ-երին տրամադրել, այլ՝ հասցեական, որպես քաղաքացիներին տրամադրվող աջակցություն՝ հաշվի առնելով վերջիններիս սոցիալական վիճակը։
  • Ուժը կորցրած ճանաչել «ՋՕԸ-երի եւ ՋՕԸՄ-երի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով ամրագրված այն դրույթը, որի համաձայն ՋՕԸ-ն իրավունք ունի պահանջել ջրօգտագործողից իրեն պատկանող հողամասի օգտագործման իրավունքը մինչեւ 3 տարի ժամկետով զիջել ՋՕԸ-ին։

ՋՕԸ-երի հարցում դեռեւս հստակ դիրքորոշում չունեն՝ պե՞տք է պահպանել գործող համակարգը եւ կատարելագործել, թե՞ նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ստեղծել: Անհասկանալի է նաեւ ՋՕԸ-երի կարգավիճակը:

«ՋՕԸ-երը, հանդիսանալով ոչ առեւտրային կազմակերպություն, ունենալով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առեւտրային իրավաբանական անձի կարգավիճակ, իրենց գործունեության էությամբ առավելապես նման են մասնավոր առեւտրային կազմակերպությունների, իսկ գործելաոճով ավելի շատ հիշեցնում են պետական առեւտրային կազմակերպությունների: Ինչ վերաբերում է իրենց անդամների իրավունքների ու շահերի պաշտպանությանը պետք է նշել, որ չպահպանելով ներկայացուցչականության, մասնակցային կառավարման սկզբունքները, ՋՕԸ-երը հեռացել են ջրօգտագործողներից՝ բոլորովին անտեսելով հրապարակային, հաշվետու ու թափանցիկ գործելու կանոնը»,- եզրահանգել են ուսումնասիրողները:

Ծրագրային թիմն ամենակենսական եւ առաջնահերթ լուծում պահանջող հարցերից է համարում ջրամատակարար ընկերությունների (ՋՕԸ) եւ ջրօգտագործողների միջեւ կնքվող տիպային պայմանագրերը: «Դրանք ընդհանրապես չեն համապատասխանում այն իրավունքների շրջանակին, որը պետք է ունենա նա որպես ջրօգտագործող: Արդյունքում բազմաթիվ ջրօգտագործողներ ստիպված են լինում հրաժարվել հողամասերը ոռոգելուց»,- նշեցին համազեկուցողներ Օլիմպիա Գեղամյանը և Հեղինե Հախվերդյանը:


Օլիմպիա Գեղամյանը և Հեղինե Հախվերդյանը

Բոլորին զարմացրել էր հիշյալ տիպային պայմանագրի բովանդակությունը՝ սկսած մատակարարվող ոռոգման ջրի որակից, ոռոգման ջուր ստանալու հայտը ներկայացնելու անորոշ ձեւից, փաստացի ստացած ջրի համար վճարելուց, ցերեկային՝ առավել բարձր գին ունեցող ոռոգումից, մինչեւ ոռոգման համար ստացված ջրի դիմաց 6 ամիս չվճարելու դեպքում հողամասի սեփականատիրոջ օգտագործման իրավունքն առավելագույնը 3 տարի ժամկետով դադարեցնելու պայմանը:

Վոլոդյա Նարիմանյանը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանին ակնհայտորեն դուր չեկավ ջրային ոլորտում առկա թերացումները մատնանանշելը: Իսկ հնչեցրած` «ոռոգման ոլորտին պետության հատկացրած սուբսիդավորումն իրականացնում է ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը որոշակի դեպքերում առաջացնում է կախվածություն» մտքի դեմ նա հրապարակավ ընդվզեց: ՋՏՊԿ նախագահի տեղակալը հայտնեց, թե հանրապետությունում 180 000 ջրօգտագործող կա, իսկ իրենք այդ գումարը չունեն, որ նրանց սուբսիդավորեն:

Ծրագրում ընդգրկված իրավաբաններն ուսումնասիրել էին նաեւ ոլորտում ստեղծված հանձնաժողովների գործունեությունը: «Ելնելով նրանից, որ այդ վեճերը կարող են ամենատարբեր հարթություններում առաջ գալ, նախատեսվել են նաեւ վեճեր լուծող հանձնաժողովներ եւ թվում էր, թե այդ վեճերի լուծումը միանգամայն հնարավոր է, ծագելու դեպքում կդիմեն, եւ հարցը լուծում կստանա, սակայն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վեճեր առաջանում են, բայց դրանք լուծումներ չեն գտնում»,- հայտնեց Օլիմպիա Գեղամյանը: Քննված դատական գործերի ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել, որ դրանք ոչ թե իրավական հարթությունում ծագած վեճերին են վերաբերում, այլ դատարաններում էլ քննվում են գործեր, որոնք վերաբերում են միայն վճարումներին:

Առաջարկվեց՝

  • առավել արդյունավետ իրավական ու կազմակերպական պայմաններ ստեղծել Ջրի ազգային խորհրդի կազմում գործող վեճեր լուծող հանձնաժողովի, կանոնակարգող խորհրդի եւ ՋՕԸ-երի վեճեր լուծող հանձնաժողովների գործունեության համար։
  • Հանրային ծառայությունների մատուցման, այդ թվում՝ ջրօգտագործման բնագավառի վեճերի լուծման համար ներմուծել հաշտարարի կամ միջնորդի ինստիտուտը։
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համալրել բնապահպանական ոլորտի համապատասխան մասնագետներով։

Ուսումնասիրության վերաբերյալ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի դիտողությունն այն էր, որ հիշյալ ուսումնասիրության մեջ ներառված չեն իրավական ակտերում վերջին մեկ տարում կատարված փոփոխությունները: Նրա ասելով՝ այս ոլորտում ամենից հաճախ են օրենսդրական փոփոխություններ կատարվում եւ առաջարկեց ըստ այդմ վերանայել ուսումնասիրությունը:

Նշվեց ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման նպատակով արված աշխատանքները, որի արդյունքում 23%-ով կրճատվել են ջրային կորուստները: Օգտագործվող ջրերի ոլորտում ավտոմատ կառավարման համակարգ է ներդրվել, որին կմիանան բոլոր ջրօգտագործողները, որոնք կունենան առցանց կրիչներ, եւ մեկ համակարգի միջոցով ջրային ռեսուրսների կառավարման մարմինին տեսանելի կլինեն փաստացի ջրօգտագործումը:

Հայաստան Ստեփանյանը հայտնեց, որ քննարկումների ընթացքում չի հաջողվել եզրակացության հանգել, թե խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների որակի նկատմամբ հանրային հսկողությո՞ւն սահմանվի, թե՞ հանրային մոնիթորինգ իրականացվի:

Հիշեցնենք, որ «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու արդյունավետ օգտագործումը` հանրային մասնակցության եւ իրազեկման միջոցով, ինչպես նաեւ խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար։  Ծրագիրն իրականացնում են՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Ազգային ջրային համագործակցություն հ/կ-ն եւ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. ՀԲՃ22:56 - 29 մարտի, 2018
Արարատյան դաշտի արտեզյան ավազանը ոչնչացնողներից Նարիմանյանը դե՞ռ բանտում չէ։ Ինչպե՞ս է կարելի էկոլոգիական հանցագործություն կատարած պաշտոնյայի հետ մի սեղանի շուրջ քննարկման նստել։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ