HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արա Բաբլոյանի կինը 118 մլն դրամով երկու շինություն է գնել

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, ոչ միայն ավելացնում է առևտրային ընկերություններում ունեցած իր բաժնեմասերը, այլև թանկարժեք անշարժ գույք է գնում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների 2017թ. տարեկան հայտարարագրի համաձայն` ԱԺ նախագահի կինը գնել է երկու հասարակական նշանակության շենք-շինություն: Դրանցից մեկի արժեքը 57 մլն դրամ է, մյուսինը՝ 61 մլն դրամ:

Մանուշակ Երիցյանը ձեռք է բերել նաև բաժնեմաս՝ մոտ 113 մլն դրամ արժեքով: Ընկերության անունը, օրենքի համաձայն, հայտարարագրում չի հրապարակվում:

«Հետք»-ը դեռևս երեք տարի առաջ անդրադարձել էր Բաբլոյան ընտանիքի բիզնեսին: Գրել էինք, որ Մանուշակ Երիցյանին էին պատկանում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի 31.30% բաժնեմասը, «Ամարան-Մեդ» ՍՊԸ-ի 34%-ը և այլն:

Մանուշակ Երիցյանը 2017թ. ստացել է մոտ 167 մլն դրամի եկամուտ: Դրանից միայն 122 մլն դրամը շահաբաժնից ստացած եկամուտն է: Համեմատության համար նշենք, որ Մ. Երիցյանի 2016թ. եկամուտը կազմել էր մոտ 217 մլն դրամ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը թեև 2017թ. անշարժ կամ շարժական գույք գնելու գործարքներ չի կնքել, սակայն նրա եկամուտներն էլ «համեստ» չեն: Ունի տրված փոխառություններ, հաշվին տարբեր արտարժույթներով դրամական միջոցներ և այլն:

Հիշեցնենք, որ  Բաբլոյանը ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսից: Այդ ժամանակ նա հայտարարագրել էր իր առկա գույքն ու եկամուտները: Մեկ տարվա ընթացքում Արա Բաբլոյանը անշարժ գույքի գործարքներ չի կնքել:  Նրան են պատկանում թվով 10 միավոր հողամաս, 1 առանձնատուն և մեկ հողին ամրացված շինություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter