HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առողջապահության նախարարին առնչվող «Ինգո Արմենիա»-ն զգալի առաջընթաց է գրանցել առողջության ապահովագրության հաշվին

Սեդա Հերգնյան

Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ընկերությունների գերակշիռ մասը 2017 թվականին հավաքագրած ապահովագրավճարների  աճ է գրանցել։ Միայն «Ռոսգոսստրախ-Արմենիան» է, որը տարիներ շարունակ գրեթե բոլոր ցուցանիշներով եղել է շուկայի առաջատարը, վերջին տարում որոշակիորեն թուլացրել դիրքերը։ Փոխարենը նկատելի առաջընթաց է գրանցել հատկապես «Ինգո Արմենիա»-ն, մասնավորապես՝ առողջության ապահովագրության ոլորտում։ Այս ընկերությունն անմիջական կապ ունի Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ։ 

«Հետք»-ը համեմատել է գործող վեց ապահովագրական ընկերությունների 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշները։ 

Այսպես, 2017 թվականի ամբողջ ընթացքում վեց ընկերությունները միասին հավաքագրել են ավելի քան 34 մլրդ դրամի ապահովագրավճար։ Սրանք համախառն ապահովագրավճարներն են՝ այն գումարները, որոնք ընկերությունները հաճախորդներից ստանում են ապահովագրություն իրականացնելու արդյունքում։ Դրանք ցույց են տալիս ապահովագրական շուկայի մեծությունը։ 2016 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 1.9 մլրդ դրամով կամ 6%-ով։ Տվյալները ներկայացված են ընկերությունների եռամսյակային միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում։ Նշենք, որ հետագայում տարեկան հաշվետվություններում, որոնք աուդիտի են ենթարկվում, այդ տվյալները երբեմն ոչ էական փոփոխությունների են ենթարկվում։ 

Ապահովագրական ընկերությունների դիրքը շուկայում չափվում է, հիմնականում, համախառն ապահովագրավճարներով։ Կան, իհարկե, նաև այլ չափանիշներ՝ հաճախորդներին տրված հատուցումներ, վճարած հարկեր և այլն։ 

Ըստ համախառն ապահովագրավճարների՝ 2017 թվականի տվյալների առաջին տեղում «Ինգո Արմենիա»-ն է, որի ապահովագրավճարները 2016-ի համեմատ աճել են 613 մլն դրամով ու կազմել 9.261 մլրդ դրամ։ «Ինգո Արմենիա»-ն բացարձակ թվով ամենամեծ աճ գրանցած ընկերությունն է։ Այդ աճի շնորհիվ է, որ ընկերությունն այս ցուցանիշով առաջ է անցել «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ից, որը 2016-ին առաջատարն էր։ 

«Նաիրի ինշուրանս»-ը, «Ռեսոն» և «Արմենիա ինշուրանս»-ը ևս այս ցուցանիշով տեսանելի աճ են գրանցել։ 

Ստացվում է, որ, ըստ համախառն ապահովագրավճարների, 2017 թվականին ապահովագրական շուկայի ամենամեծ մասնաբաժինը զբաղեցրած եռյակում են` «Ինգո Արմենիա»-ն, «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն ու «Նաիրի ինշուրանս»-ը։ 

Պատկերն այլ է, երբ ցուցանիշները դիտարկում ենք ըստ ապահովագրության գծերի։ Օրինակ՝ ԱՊՊԱ շուկայում թե´ պայմանագրերի քանակով, թե´ հավաքագրած ապահովագրավճարներով առաջատարը «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է։ 

Իսկ առողջության ապահովագրության գծով առաջատարը «Ինգո Արմենիա»-ն է։ 

«Ինգո Արմենիա»-ն առաջ է անցել առողջության ապահովագրության հաշվին

Ֆինանսական հաշվետվություններից երևում է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի հավաքագրած ապահովագրավճարների կրճատումը պայմանավորված է առավելապես ԱՊՊԱ-ի (ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) գծով հավաքագրված գումարների կրճատմամբ։ Եթե 2016-ին այս ուղղությամբ ընկերությունը հավաքագրել է ավելի քան 5 մլրդ դրամ (դա կազմել է ընկերության ընդհանուր ապահովագրավճարների մոտ 52%-ը), ապա 2017-ին՝ 4.7 մլրդ դրամ։ 

2017թ. տարեկան տվյալներով` ԱՊՊԱ-ն ապահովել է հայաստանյան ապահովագրական շուկայի (34 մլրդ դրամ) վճարների 55%-ը: «Ինգո Արմենիա»-ից բացի, այն ընկերությունները, որոնց ապահովագրավճարներն ավելացել են, աճն ապահովել են առավելապես ԱՊՊԱ-ի հաշվին։ 

Սակայն, առավել հետաքրքրական են «Ինգո Արմենիա»-ի ցուցանիշները։ Ամենամեծ աճը, ինչպես տեսնում եք, գրանցել է հենց այս ընկերությունը (տես առաջին ինֆոգրաֆիկան)։ Ուշագրավ  է, որ «Ինգո Արմենիա»-ի ապահովագրավճարների ծավալում էականը ԱՊՊԱ-ի գծով փոփոխությունները չեն։ Այս ընկերությունը զգալիորեն ավելացրել է առողջության ապահովագրության գծով հավաքագրված գումարները։ Եթե 2016-ին դրանք  կազմել են 1.7 մլրդ դրամ, ապա 2017-ին՝ ավելի քան 2.2 մլրդ դրամ։ Այսինքն՝  առողջության ապահովագրության գծով վճարներն ավելացել են 500 մլն դրամով, և հիմնականում դրա շնորհիվ է ընկերությունն, ըստ համախառն ապահովագրավճարների, առաջ անցել «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ից (ԱՊՊԱ-ի գծով ընկերության ապահովագրավճարներներն ավելացել են 200 մլն դրամով)։ Այս տեղեկությունն ուշագրավ է նրանով, որ ընկերությունը անմիջական կապ ունի Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ։ Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ կանոնադրական կապիտալում Լևոն Ալթունյանի մասնակցության չափը 25% է։ 

Նախորդ տարվա հոկտեմբերին լրագրողները Լևոն Ալթունյանին Ազգային ժողովում խնդրեցին մեկնաբանել մամուլում հրապարակված տեղեկությունը, որ սոցիալական փաթեթի շահառուներին ստիպում են առողջության ապահովագրություն անցնել «Ինգո Արմենիա»-ում, որի սեփականատերերից մեկը նախարարն է։ Նախարարը հերքել է այդ տեղեկությունը և նշել, որ հիմնական սեփականատերը «Ինգոստրախ» ընկերությունն է, եւ բաժնետոմսերի միայն 25%-ն է պատկանում իրեն։ «Բայց ես բաժնետոմսերը հանձնել եմ հավատարմային կառավարման։ Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատն «Ինգո Արմենիա»-ն չի այդ հարցում»,- ասել է նախարարը։ 

Մինչդեռ ընկերության ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ  «Ինգո Արմենիա»-ն 2016-2017թթ. ակտիվացրել է աշխատանքներն առողջության ապահովագրության ոլորտում։ Չի բացառվում, որ դա կարող է կապված լինել ինչպես սոցփաթեթի, այնպես էլ՝ Լևոն Ալթունյանի պաշտոնական դիրքի հետ։ Նշենք, որ Ալթունյանը առողջապահության նախարար է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերին։ Ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք Ինգո Արմենիայի ապահովագրավճարների ծավալը վերջին հինգ տարիներին։ Այստեղ երևում է նաև այդ ծավալում միայն առողջության ապահովագրության դասով հավաքագրված վճարների դինամիկան։ 

Ըստ ընկերության տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների

Ընդհանուր առմամբ, բոլոր ապահովագրական ընկերություններն էլ առողջության ապահովագրության դասով հավաքագրված վճարների աճ են գրանցել, սակայն 2017-ի ընթացքում նրանցից և ոչ մեկը նման զգալի աճ չի ունեցել, ինչպես «Ինգո Արմենիա»-ն։ Օրինակ` «Նաիրի ինշուրանս»-ի ապահովագրավճարներն աճել են 550 մլն դրամով, որում ԱՊՊԱ-ի գծով վճարումները՝ 380 մլն դրամով, առողջության ապահովագրության գծով՝ 178 մլն դրամով։ 

Առողջության ապահովագրության դասով հավաքագրված ապահովագրավճարներն, ընդհանուր առմամբ, կազմել են մոտ 6.6 մլրդ դրամ, որից ամենամեծ մասնաբաժինը՝ 2.2 մլրդ դրամը բաժին է ընկել «Ինգո Արմենիա»-ին։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է՝ 1.6 մլրդ դրամով (տարեկան աճը՝ 183 մլն դրամ)։ 

Ապահովագրական շուկայի մյուս ցուցանիշներին կանդրադառնանք առանձին։ 

Լևոն Ալթունյանի լուսանկարը՝ ԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter