HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևն ու սպիտակը և իշխանության կառուցակազմությունը Հայաստանում

Արտակ Ս. Խաչատրյան

Ինչպիսի իշխանություն է կառուցվում Հայաստանում։ Այս հարցը շարունակ քննարկվում է։ Չեմ անդրադառնա դրա կառուցակազմական հնարավոր բնութագրին։ Խոսք կլինի դրա սոցիոհոգեբանական, քաղաքագիտական առանձնահատկությունների մասին։

Որևէ տարածքում ապրող հանրույթը քաղաքականապես կազմակերպվում է, ընտրում իր ներկայացուցիչներին, որոնք իրացնում են տրված իշախանությունը՝ ըստ վերապահված իրավունքների և պարտականությունների։ Իշխանության չարաշահումը հանգեցնում է այդ իշխանությունն իրենց շնորհած հանրույթի կողմից լիազորությունների դադարեցման և ավելի ադեկվատ անձանց առաջադրման։ Անտիկ շրջանից գործառնող այս մեխանիզմը կիրառելի է նաև ներկայիս քաղաքակիրթ ժողովրդավարական պետություններում։

Իսկ ինչպե՞ս էր և է դա իրականացվում խորհրդային և հետխորհրդային տարածաժամանակային հարթությունում։ Այս հարցի մասին մարքս-բոլշևիկյան գաղափարաբանությունն ուներ իր ուրույն մոտեցումները, որն ավելի շատ հարում էր ուտոպիզմին, քան իրերի ռեալ դրությանը։ Սոցիալիզմի կառուցման վերջնահանգրվանը լինելու էր կոմունիզմը, որի ժամանակ չէր լինելու պետությունը ժամանակակից իմաստով։ Թերևս, հաշվի առնելով պատմական զարգացման ընթացքում լավագույն մտածողների  ջանքերը` ուրվագծել մարդկության բարենպաստ հեռանկարի տեսլականը և դրան միս ու արյուն տալ, մարդկությունն, ի վերջո, ուներ այն, ինչ ուներ մինչև մարքսիզմը։ Եվ դա իրականացնել առանձին վերցրած երկրում` իրատեսական չէր, քանզի այլ պետությունների և ժողովուրդների հետ փոխշփումները շարունակաբար հանգեցնելու էին սեփականը այլոց հետ համեմատելու ձգտման։

Հենց այս մտայնությամբ էլ Ստալինը ժամանակին հասարակությունից օտարում էր այն զինվորներին, ովքեր նացիստական Գերմանիայի դեմ կռվելով, գտնվելով Եվրոպայում` տեսնում էին պարտված երկրի բարիքները և համեմատում սեփականի հետ, ու դա վերջինի օգտին չէր։ Տուն վերադառնալով` նրանք կարող էին պատմել իրենց տեսածի մասին, ինչը կարող էր դժգոհություն առաջացնել բնակչության մոտ և ստիպել այլընտրանք փնտրել կոմունիզմին։ Սա էր պատճառը, որ լուրերով  անընդհատ սփռում էին «փտած կապիտալիստական երկրներում» բնական աղետների, գործադուլերի մասին տեղեկատվություն, իսկ ԽՍՀՄ-ի պարագայում  տարփողվում էին միայն հաջողությունները, առատ բերքահավաքը, արդյունաբերական հաջողությունները։ Հենց սա էր, որ խորհրդային միլիցիային դրդում էր մինչև հերթական կուսակցական համագումարը պլանը գերակատարելու մոլուցքով տարված` աչք փակել հանցագործություների վրա, ինչ է, թե 100 տոկոս հանցագործությունների բացահայտման հաշվետվություն ներկայացնեն։ Իսկ դա հարկադրում էր բռնի կերպով խոստովանական ցուցմունք կորզել անմեղ մարդկանցից։

Կոմունիստական կուսակցությունն, այսպիսով, ստեղծում էր պետություն պետության մեջ, քաղցկեղի պես ներթափանցում հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Քաղաքական կյանք գոյություն չուներ, քանզի առկա էր Կոմկուսի մենիշխանությունը, որին ընտրությունների ժամանակ այլընտրանք չկար։ Ընտրությունների ժամանակ էլ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցելու համար ընտրատեղամասերին կից բացում էին բուֆետներ, որտեղ ցածր գներով վաճառվում էին այն մթերքները, որ սովորական քաղաքացին ուղղակի չէր կարող գտնել խանութի դատարկ ցուցափեղկերում։ Չէր կարող գտնել, քանզի այդ ապրանքները ձեռք բերելու համար գործում էր «բլատի» սկզբունքը։ Արդի հայերենով ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ։ Եվ ցուցափեղկերի կորուսյալ մթերքները պահվում էին «բլատով» մարդկանց համար՝ նրանցից էլ ակնկալելով պատասխան ծառայություն։ Այս կերպ կրթվում, դաստիարակվում էին սերունդներ։ Նրանք էին, որ փոխարինելու պետք է գային ավագ սերնդին։

Սակայն, փլուզվեց խորհրդային միությունը, տեղի չունեցավ խաղաղ և հարթ սերնդափոխություն։ Հետայդու հետխորհրդային հասարակություններում պայքար էր գնալու իշխանության համար նոր վերնախավի և հին սերնդի միջև։ Մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, ի վերջո, հաղթանակ տարավ խորհրդային դաստիարակությանը հավատարիմ մնացած շերտը։ Ներկայիս իշխանությունը բաղկացած է հենց այդ  խավի անձանցից։

Արդի Հայաստանը Խորհրդային Միության մանրակերտն է։ Այստեղ էլ հետևողական կերպով չեզոքացվեցին իրական այլախոհները, մյուսները գնվեցին դրամով կամ պաշտոնով։ Այստեղ էլ գործում է «բլատի» օրենքը, որով կարելի է տեղավորվել լավ պաշտոնի, մասնակցել բարիքների բաշխմանը կամ վերաբաշխմանը։ Իսկ քաղաքական դաշտում  Կոմկուսի մենիշխանությունը ժառանգեց Հանրապետական կուսակցությունը։ Գաղափարական առումով էլ Կոմկուսը և Հանրապետականն ունեն ընդհանրություններ։ Իհարկե, խոսքը ստալինյան ժամանակաշրջանի Կոմկուսի մասին է։ Երկուսի մոտ էլ առկա է հավատարմության հավաստումը պահպանողական արժեքներին, անփոխարինելի առաջնորդի կարծրատիպը, ինչպես նաև գաղափարական հոր առկայությունը՝ մի դեպքում ի դեմս Մարքսի և Լենինի, մյուս դեպքում՝ Նժդեհի։ Ոչինչ, որ նշված գործիչների գաղափարների հետ կուսակցությունները քիչ ընդհանրություններ ունեն։ Այդ խնդիրը «հանճարեղորեն» լուծել էր Ստալինը՝ ասելով, որ մարքսիզմը ունիկալ գաղափարախոսություն է և դրան պետք է մոտենալ «ստեղծագործաբար», այսինքն՝ մարքսիզմի գաղափարները վերաձևակերպել և մեկնաբանել սեփական հայեցողությամբ։ Այդպես էլ ՀՀԿ-ի դեպքում է։ Նժդեհի կերպարը արտաքին շղարշ է՝ պիտանի միայն պաթոսի անհրաժեշտ չափաքանակն ապահովելու համար ընթացիկ իրադարձություններում և ընտրությունների նախաշեմին։ Ընտրությունների ժամանակ էլ անհրաժեշտ մասնակցության թիվն ապահովվում է հին, փորձված մեթոդներով։ Սակայն, խորհրդային «կիլկիներին» և երշիկներին փոխարինում են 10 հազարանոցները։

Բավական չարչրկվել է այն հարցը, թե հասարակությունն ինչպես է հանդուրժում նման անօրինականությունը և կեղծարարությունը։ Բայց չէ՞ որ այդ հասարակության գոնե ավագ սերունդն ապրել է խորհրդային ժամանակներում, և նման կրավորականությունը սովորական կենսակերպ էր։ 88-ի Շարժումը բացառիկ երևույթների շարքում էր, որը ծագել էր վերակառուցման համախորհրդային տրամադրություններից։ Շարժման հաղթանակից հետո, երբ ստեղծվել էին անկախ հանրապետություններ, տեղի էին ունենում ներիշխանական վերադասավորումներ, որի արդյունքում առաջին շարքեր վերադարձան խորհրդային մտածողության կրողները։ Այս գործընթացը գրեթե համընկավ Ռուսաստանի՝ նախկին միութենական տարածաշրջաններ վերադառնալու և ազդեցությունը վերականգնելու  կայսերապաշտական նկրտումների հետ։ Եվ ի դեմս խորհրդային մտածողության գործիչների՝ Ռուսաստանը գտավ բնական դաշնակիցների։

Պաշտոնապես և տարաշերտ ընկալումների մակարդակով Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է՝ կապիտալիզմի և Արևմուտքի հետ սառը պատերազմի մեջ գտնվող ԽՍՀՄ-ի։ Այն ԽՍՀՄ-ի, որտեղ տիրապետող գույներն էին սևը և սպիտակը՝ որպես իրականության ընկալման երկու հիմնական խորհրդանիշ։ Այլ գույների առկայությունը խոսում էր բազմագունության, հետևաբար` բազմակարծության, բազմաձայնության մասին, ինչն արդեն հավասարազոր էր բոլշևիզմի մահվան։ Որովհետև բոլշևիզմը չի հանդուրժում որևէ այլ գույն, ձայն, կարծիք։ Ամեն ինչ չափվում էր չարի ու բարու պարզունակ բևեռացման` հնդկական մելոդրամայի տրամաբանությամբ։ Այն ԽՍՀՄ-ի, որտեղ «պադվալներում» պարապող «լյուբերցիները» օրը ցերեկով իրականացնում էին «ստիլյագաների» որս ու ջարդ, քանզի այդ «ստիլյագաները» դուրս էին եկել խորհրդային սև ու սպիտակ գունաբաժանման սահմաններից և համարձակվել էին տեսնել այլ գույներ։

Այսօր էլ թե´ իշխանական, ուժային հատվածում, թե´ հասարակական սեկտորում առկա են այդ մտավոր «լյուբերցիները», ովքեր պատրաստ են հոշոտել սև ու սպիտակից այն կողմ անցնողներին։ Դրանք Ստալինի հոգեզավակներն են, որոնք համերաշխում են իրենց ռուս «եղբայրակիցներին»՝ դավանելով նրանց գաղափարներին ու որդեգրելով նրանց դիրքորոշումները։ Վերհիշելով «դրախտային» ԽՍՀՄ-ը՝ ասում էին և այժմ էլ ասում են, ինչպես դիպուկ բնորոշել է պատմագետ Ն․ Սվանիձեն՝ «այո, իմ պապին ու տատին կուլակաթափ արեցին կամ գնդակահարեցին կամ փտեցրին աքսորում, և ճիշտ էլ արեցին, դա հայրենիքի բարօրության համար էր` պետք էր ամրացնել երկրի պաշտպանունակությունը, այլապես չէինք հաղթի պատերազմը, իսկ այդպես կառուցեցին հիասքանչ Խորհրդային Միությունը, որը հավերժ կանգուն կմնար, եթե չքանդեին Գորբաչովը և Ելցինը»։

Նրանց համար ԽՍՀՄ-ի հիասքանչությունն ուղիղ համեմատական է սանատորիաների ուղեգրերի և երշիկների համի հետ։ Այն ուղեգրերի և երշիկների, որոնք «բուսնել» են իրենց տատերի ու պապերի ոսկորների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter