HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գ. Ծառուկյանի առջեւ բոլոր դռներն են բաց

Մենք արդեն տեղեկացրել ենք, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորի հանգստյան հողերում ապօրինաբար կառուցել երկու առանձնատուն: Մենք պարզել ենք նաեւ, որ չնայած այս շինություններն օրինականացվել են, եւ նրան փաստաթղթերով տրվել է 1,4 հա տարածք, սակայն այսօր այն փաստացի մոտ երկու անգամ գերազանցում է քաղաքապետարանի որոշմամբ օրինականացված տարածքին: Գ. Ծառուկյանը, «ընդլայնվելով», անտառի մեջ կառուցել է օժանդակ շինություններ, մի քանի մետր բարձրությամբ պարսիպներ, որոնք քաղաքապետարանի հաստատած նախագծի մեջ ընդհանրապես չկան:

Ծառուկյանի կատարած ապօրինությունների մասին կասկածները ցրելու համար առաջարկում ենք խորհրդարանական մի հանձնաժողով ստեղծել եւ տեղում ուսումնասիրել: 

Ճիշտ այն ժամանակ, երբ Գ. Ծառուկյանը ապօրինի շինարարությունն էր իրականացնում, գնեց նաեւ Ծաղկաձորի Տերեշկովայի անվան ճամբարը:

Այնտեղ այսօր կառուցվում է 26 քոթեջ: Շինարարության ընթացքում հատվել են տասնյակ ծառեր: Տերեշկովայի անվան ճամբարի տարածքը եղել է 3 հա, հիմա այն, ինչպես հավաստիացրեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, կազմում է 4,4 հա: Ծաղկաձորի քաղաքապետի որոշմամբ է ընդլայնվել այդ տարածքը:

Բոլոր թղթերը, ըստ քաղաքապետի, «նորմալ են»: «Տերեշկովայի ճամբարի մասին ուզում եմ ասել, որ ասեկոսեները վերանան. Ծաղկաձորում սեփականաշնորհված ճամբարներից միակն է, որ վաճառվել է ամենաթանկ գնով, ձեռք է բերվել, բնականաբար, գիտեք ում կողմից: Պետությանը վճարվել 120 հազար դոլար: Նման գնով Ծաղկաձորում սեփականաշնորհում չի եղել: Եւ այնտեղ ներդրումները հստակ երեւում են, տեսանելի են եւ աշխատելու է որպես հանգստյան տուն: Ընդլայնումը եղել հանգստի համար նախատեսված հողերի տարածքում: Եւ հողն արդեն օտարվել է: Չնայած՝ շինարարությունն այնտեղ դեռ չի ավարտվել: Պայմանագիրը վարձակալական է եղել, սակայն հողն արդեն օտարվել է, եւ այն հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի սեփականությունը»,-ասում է Գարուն Միրզոյանը:    

Ծաղակաձորի բնակիչներից փորձեցինք պարզել` հանրային լսումների մասին իրենք տեղյա՞կ են, քննարկվե՞լ է, արդյոք, Տերեշկովայի ճամբարի ընդլայնման հարցն իրենց հետ: Մեկ տասնյակից ավելի ծաղկաձորցիներ ընդհանրապես չգիտեին, թե ինչ են նշանակում հանրային լսումները:

Իսկ երբ բացատրեցինք, որ անտառում կառուցվող ցանկացած շինության նախագիծը հաստատելուց առաջ քաղաքապետարանը պետք է հանրային լսումներ կազմակերպեր, նրանք զարմացան, որ Գ.Ծառուկյանին հող տալու համար իրենցից պետք է հարցնեն. «Էդքան միամի՞տ ես, թե մեզ ես միամիտի տեղ դրել»,- վրդովված ասաց հիսունին մոտ մի կին:

Մեր հանդիպման ժամանակ Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ Գ.Ծառուկյանին պատկանող հանգստյան տան ընդլայնման համար քաղաքապետարանը հատկացրել է եւս 1,4 հա: Արձանագրենք, որ այդ տարածքը իրականում ոչ թե ընդլայնվել է 1,4 հա-ով, այլ 2,4-ով: Կասկածողներին դարձյալ խորհուրդ ենք տալիս չափումներ կատարել տեղում:

Դրանից հետո դուք էլ միանշանակ կպնդեք, որ սա այնքան էլ հաջող գործարք չէ, ինչպես հավաստիացնում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Իսկ թե ինչու են Գագիկ Ծառուկյանի առջեւ բոլոր դռները բաց, պատասխանը միանշանակ պարզ է` նրա թիկունքում երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter