HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրազդանի 13 դպրոցից հիմնանորոգված է 4-ը. աշակերտները տեղափոխվում են վերանորոգված դպրոցներ

Գրիշա Բալասանյան

2006-2016թթ. դպրոցաշինական ծրագրերով պետական բյուջեից Կոտայքի մարզպետարանի պատվերով իրականացվել են 4 մլրդ 336 մլն դրամի շինաշխատանքներ: Այդ գումարից Հրազդան քաղաքին բաժին է հասել 1 մլրդ 12 մլն դրամը:

Հրազդանում գործում է 13 հանրակրթական դպրոց: Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության համաձայն՝ հիմնանորոգված են 13 դպրոցից միայն 4-ը՝ թիվ 6, 12 հիմնական, թիվ 7 միջնակարգ և թիվ 13 ավագ դպրոցները: Մնացած 8՝ թիվ 2, 4, 5, 8, 9, 11, 14 հիմնական և թիվ 10 ավագ դպրոցները վերանորոգվել են մասնակի, սակայն հիմնանորոգման կարիք ունեն:

«Վերանորոգման կարիք ունեցող բոլոր դպրոցներում անհրաժեշտ է իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ: Առաջնահերթ է համարվում փոխել թիվ 5 դպրոցի մեկ մասնաշենքի և թիվ 14 դպրոցի պատուհանները»,-նշում է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Պատուհանները փոխելու գումար կա, մնում է թույլ տան

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1975 թվականին: Այս տարիների ընթացքում կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, փոխվել է միայն տանիքը: Դպրոցի տնօրեն Նորիկ Սիմոնյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բացի տանիքը, ներսում ամեն ինչ հին է, տեսքն էլ՝ վանող:

«Հրազդանում գոյություն ունեցող երեք ավագ դպրոցներից ամենամեծն ենք աշակերտների թվով, բայց դա չի նշանակում, որ դպրոցի պայմանները լավն են, և այդ պատճառով է աշակերտների թիվը մեծ: Կարող էր ավելի շատ լինել: Այսօր Միկրոշրջանի աշակերտներից գնում են Կենտրոն կամ թիվ 1 ավագ դպրոց` միայն շենքային պայմաններից ելնելով: Աշակերտների հետ զրուցել եմ, ասում են, որ ձեզ մոտ ցուրտ է, ձմռանը դպրոցում ցուրտ է»,-ասում է Նորիկ Սիմոնյանը:

Տնօրենի խոսքերով՝ ջեռուցման համակարգ ունեն, շատ լավ գործում է, սակայն դպրոցում միայն 1150քմ պատուհաններն են: Յուրաքանչյուր պատուհան զբաղեցնում է 9 քմ տարածք: Պատուհանները չեն փոխվել շենքի շահագործումից ի վեր: Արդեն հնացել են, տեղ-տեղ՝ դեֆորմացվել: Նորիկ Սիմոնյանն ասում է, որ երբ 3 տարի առաջ ստանձնել է տնօրենի պաշտոնը, չի եղել մի դասարան, որտեղ ապակիները երկշերտ լինեին: Այժմ բոլոր այն դասարաններում, որտեղ դասապրոցես է կազմակերպվում, ապակիները երկշերտ են, սակայն միջանցքներում հարցը լուծել են պոլիէթիլենային թաղանթներ փակցնելով:

 

Ձմռան ամիսներին, բացի հիմնական ջեռուցման համակարգն աշխատացնելուց, ցուրտ դասասենյակներում լրացուցիչ միացնում են նաև էլեկտրական սալիկներ և հավելյալ 200-250 հազար դրամ հոսանքի վճար տալիս:

Մեր այցելության պահին (մարտի սկզբին) աշակերտներից ոմանք դասասենյակներում վերարկուներով, տաք հագուստներով էին:

Նորիկ Սիմոնյանը նշեց, որ դպրոցը տնտեսած գումար ունի և մեր միջոցով դիմում է կրթության և գիտության նախարարին` խնդրելով հնարավորություն տալ այդ գումարը ծախսել պատուհանները փոխելու համար:

«Այսօր ամբողջությամբ կարող ենք փոխել պատուհանները, եթե թույլ տան»,- ասում է Սիմոնյանը: Ամեն տարի թույլատրելի բազային միավորով՝ 1 մլն դրամով դպրոցը կարողացել է որոշ աշխատանքներ կատարել, օրինակ՝ մուտքի պատուհանները փոխել, սակայն այսօր կարող են ավելին անել:

Դպրոցում սովորում է 241 աշակերտ: Տնօրեն Սիմոնյանը վստահ է, որ եթե շենքային պայմանները բարելավվեն, կունենան 300-ից ավել աշակերտ, իսկ դպրոցը նախատեսված է 750 աշակերտի համար:

Թիվ 10 ավագ դպրոցում օգտագործվում են միայն առաջին հարկի 4 սանհանգույցները: Դրանք վերանորոգվել են դպրոցի պահպանման համար նախատեսված միջոցներով: Երկրորդ հարկի սանհանգույցների դռները փակված են, դրանց վերանորոգման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել:

Փակ են նաև այն դասասենյակների դռները, որտեղ վիճակն ավելի վատ է: Աշակերտներին կենտրոնացրել են շատ թե քիչ բարվոք դասասենյակներում:

Դպրոցի գույքային վիճակը, Նորիկ Սիմոնյանի խոսքով, բավարար է, կարողանում են օգտագործել, հին է լաբորատորիաների գույքը: Ասում է, որ իր պաշտոնավարման տարիներին ոչ մի լաբորատոր գույք կամ նյութ չեն ստացել, իսկ ունեցածով հնարավոր չէ, օրինակ, քիմիայի և ֆիզիկայի լավ մասնագետներ պատրաստել:

«Շենքում նախատեսված են և´ լաբորատորիաների և´ դասապրոցեսի անցկացման սենյակներ, բայց տարիների ընթացքում չեն օգտագործվել, շարքից դուրս են եկել: Լաբորատորիաներում եղած գույքն էլ սովետական շրջանի է»,-ասում է դպրոցի տնօրենը:

Վատ վիճակում է նաև մարզադահլիճը: Պատի ճաքերից բացի, սկսել են ճեղքեր առաջանալ նաև հատակին:

Հիմնանորոգված դպրոցի առաջին հարկն անմխիթար վիճակում է

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի տեղեկացմամբ` Հրազդանի թիվ 6 հիմնական դպրոցը հիմնանորոգված է: Սակայն ներս մտնելիս տպավորություն է, թե վթարային շենքում ենք:

Այս դպրոցի վերանորոգման շինաշխատանքներն իրականացվել են 8 տարվա ընթացքում՝ 2007-2015թթ.: Ծախսվել է Հրազդանի դպրոցների վերանորոգման համար նախատեսված ամենամեծ գումարը՝ մոտ 242 մլն դրամ:

Առաջին հարկում գտնվող դասասենյակ

Թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Գրիշա Ղազարյանը պատմեց, որ եռահարկ դպրոցի շինաշխատանքները սկսել են երրորդ հարկից: Երբ շինարարները հասել են առաջին հարկ, պարզվել է, որ հատկացված գումարը վերջացել է, և առաջին հարկը մնացել է չվերանորոգված: Պատերին առկա ճաքերն ու թափված ծեփը վկայում են, որ շինաշխատանքները կիսատ են մնացել: Սակայն մարզպետարանը համարում է, որ դպրոցը հիմնանորոգված է:

Բակը բարեկարգման և ցանկապատման կարիք ունի: Այստեղ ոչ մի աշխատանք չի իրականացվել: Տնօրեն Գրիշա Ղազարյանն ասաց, որ հիմնական կոյուղագծին միացած չէ նաև մասնաշենքերից մեկի կոյուղագիծը:

«Այնտեղ սպորտդահլիճն է: Զուգարանները բացում ենք միայն ջուր վերցնելու համար: Երեխաներն օգտվում են մյուս մասնաշենքի զուգարաններից»,-ասում է Գ.Ղազարյանը:

Թիվ 6 հիմնական դպրոցը նախատեսված է 640 աշակերտի համար, այժմ ունի 295 աշակերտ: Տնօրենն ասում է, որ աշակերտների թիվը նվազել է, քանի որ միջնակարգ դպրոցից վերածվեցին հիմնական դպրոցի, և բարձր դասարանների աշակերտները գնում են ավագ դպրոցներ: Թվի նվազման մեկ այլ պատճառ էլ է նշում` արտագաղթը:

«Այսօր մեր առաջնահերթ խնդիրն այն է, որ առաջին հարկը բերվի 2-3-րդ հարկերի վիճակին: Որ մարդիկ մտնում են դպրոց, առաջին տպավորությունը վատ է: Բարձրանում են վերև, տեսնում են, որ վերանորոգված է: Եթե երրորդ հարկը պատրաստ չլիներ, տեսանելի չէր լինի, բայց առաջին հարկը հնարավոր չէ թաքցնել»,-ասում է տնօրենը:

Նշենք, որ առաջին հարկի դասասենյակները գրեթե չեն օգտագործվում հենց անմխիթար վիճակի պատճառով:

Ջեռուցում են շատ, բայց տաքանում՝ քիչ

Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1988 թվականին որպես ռուսական միջնակարգ դպրոց: 1988-89 ուսումնական տարում ունեցել է 800 աշակերտ: Անկախությունից հետո, մինչև 2002թ. դպրոցն ունեցել է ռուսերեն և հայերեն ուսուցմամբ դասարաններ: Դրանից հետո միաձուլվելով Հրազդան քաղաքի վարժարանին` դարձել է միջնակարգ դպրոց, իսկ կառավարության 2009թ. որոշմամբ՝ հիմնական դպրոց:

Բաղկացած է 7 մասնաշենքից, սակայն այսօր օգտագործվում է 4 մասնաշենք: Աշակերտների թիվը նվազել է` հասնելով 395-ի:

Հենց մուտքից աչքի են զարնում հին, դեֆորմացված պատուհանները: Ներս մտնելուց հետո էլ պատկերը չի փոխվում, նույն տպավորությունն է: Պատերին առկա են ճաքեր: Երկշերտ պատուհանների ապակիներից տեղ-տեղ մնացել է մեկ շերտը, իսկ եղածներն էլ ճաքած են, վնասված:

Դպրոցի տնօրեն Անդրանիկ Բավեյանը հիմնանորոգման հարց է բարձրացնում: Ասում է, որ առաջին հերթին պետք է փոխվեն փայտյա պատուհանները: Թեեւ դպրոցը ջեռուցվում է, պատուհանների անցքերի պատճառով լավ չեն տաքանում: Սրա հետեւանքով ձմռան ամիսներին ավելանում են նաև դպրոցի ծախսերը:

 «Այս պահին մեր խնդիրը շենքային պայմանների բարելավումն է: Միշտ էլ հաճելի է վերանորոգված դպրոցում աշխատելը կամ սովորելը: Այդ տեսանկյունից կորուստներ չունենք, մեր հիմնական կորուստը ջերմային կորուստն է, որ բյուջեի կորուստ է լինում»,- ասում է Անդրանիկ Բավեյանը:

Տնօրենի խոսքով` տարեկան մոտ 700-800 հազար դրամ կտնտեսվի, եթե փոխվեն պատուհանները:

Անմխիթար վիճակում է նաև մարզադահլիճը: Պատուհանների ապակիները կոտրված են, ներքին հարդարման աշխատանքներից գրեթե ոչինչ չի մնացել: Ձմռան ամիսներին մարզադահլիճը չի օգտագործվում. տնօրենի խոսքերով՝ «անհնար է ջեռուցել»: Աշակերտները ֆիզկուլտուրան պարապում են դասասենյակներում:

Անդրանիկ Բավեյանն ասաց, որ վերջին տարիներին վերանորոգվել են միայն դպրոցի տանիքը և սանհանգույցները: Կոտայքի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն` թիվ 14 հիմնական դպրոցի վերանորոգման համար պետական բյուջեից  2015թ. հատկացվել է  53 մլն 900 հազար դրամ: 

Լուսանկարները եւ տեսանյութերը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter