Շաբաթ, 21 ապրիլի

Ռուսաստան արտահանված կապիկների թիվը հստակ չէ. պետական մարմինների պարզաբանումը՝ Ռոստովում հայտնաբերված կենդանիների մասին



Մոտ մեկ ամիս առաջ ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ Ռոստովի մարզում առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխվող 33 կապիկ են հայտնաբերել: Պարզվել էր, որ կենդանիները Ռուսաստան էին տարվել Հայաստանից՝ Էդուարդ Խաչատուրյանի կողմից, որը համագործակցում էր ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտի հետ՝ փորձարկումների համար վերջինիս մատակարարելով հարյուրավոր կապիկներ: Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել ինստիտուտի և Խաչատուրյանի դեմ՝ խոշոր խարդախության մեղադրանքով:

Այս պատմությունը լրատվամիջոցներին տարել է Մոսկվայի կազմի մեջ մտնող Դեսնա գյուղ, որտեղ գտնվող առանձնատանը Էդուարդ Խաչատուրյանը պահում է տասնյակ էկզոտիկ կենդանիներ: Комсомольская Правда պարբերականն այն համեմատում է Նոյան տապանի հետ և գրում, որ կենդանիների թվում կան կանաչ իգուանաներ, քամելեոններ, կապիկներ, կոկորդիլոսներ, գիբոններ, կրիաներ, լեմուրներ, նույնիսկ պինգվիններ:

Էդուարդ Խաչատուրյանի՝ Դեսնայում գտնվող առանձնատունը / Պավել Կլոկով, Կոմսոմոլսկայա պրավդա

Թերթը գրում է, որ օրեր առաջ տեղական դատարաններից մեկը հաստատել է, որ բարձր ցանկապատերով այս շինությունում պահվող բոլոր կենդանիները այստեղ են հասել առանց համապատասխան թույլտվությունների՝ ապօրինաբար: Դատարանը Խաչատուրյանին տուգանել է 15 հազար ռուբլիով:

Մոսկվայի բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից թերթին հայտնել են, որ Դեսնայում պահվող կենդանիների մասին հայտնի է դարձել 2017թ. հոկտեմբերին: Նշել են, որ 15 հազար ռուբլի տուգանքից բացի՝ դատարանը որոշել է բռնագրավել կենդանիներին:

«Հետք»-ը Հայաստանի բնապահպանության նախարարությանը և Մաքսային ծառայությանը խնդրել էր պարզաբանել Ռոստովում հայտնաբերված կենդանիների՝ Հայաստանից ապօրինի կերպով տեղափոխված լինելու մասին լուրը: Վերջիններս նշել են միայն, որ Հայաստանից Ռուսաստան վերջին անգամ կապիկներ են տեղափոխվել 2015-ին:

Բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ 2015թ. ընթացքում արտահանման թույլտվություններ է տրամադրել 90 կապիկի համար: Հետաքրքիր է, որ նախարարությունը հայտնում է, թե «վերը նշված թույլտվությունների ստացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հայտերում ՌԴ քաղաքացի Էդուարդ Խաչատրյանի անունը չի հիշատակվում»: Մինչդեռ ավելի վաղ նախարարությունը մեզ տրամադրել էր նաև թույլտվությունների պատճենները, որոնցում որպես ներկրող նշված է հենց Էդուարդ Խաչատուրյանը, իսկ ներմուծման հասցեն՝ նույն Դեսնա գյուղը:

Միաժամանակ, մաքսային ծառայությունը արտահանված կապիկների այլ թիվ է նշում. 2015-ին Էդուարդ Խաչատուրյանի անունով օդային տրանսպորտով տեղափոխվել է 53 կապիկ: Դրանից հետո, ըստ ծառայության, Խաչատուրյանի անունով «կապիկների ՌԴ տեղափոխման վերաբերյալ այլ տեղեկություն վիճակագրական տվյալների շտեմարանում առկա չէ»:

Պարզաբանելով այս անհամապատասխանությունը՝ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունից հայտնեցին, որ հնարավոր է ստանալ թույլտվություն՝ 90 կենդանի արտահանելու համար, բայց արտահանել միայն 53-ը: Այդ դեպքում, սակայն, համաձայն «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի պահանջների, արտահանողը պարտավոր է չարտահանված կենդանիների համար տրված թույլտվությունները վերադարձնել նախարարությանը: Այն, որ 2015թ. ստացած թույլտվությունները չեն վերադարձվել, ըստ էության, նշանակում է, որ բոլոր 90 կենդանիներն արտահանվել են: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչու են Մաքսային ծառայությունում հայտարարագրվել միայն 53-ը:

Այնուամենայնիվ, սա այս թեմայով միակ հակասությունը չէ: Մինչ նախարարությունն ու մաքսային ծառայությունը նշում են Էդուարդ Խաչատուրյանի կողմից միայն 2015թ. արտահանված կապիկների մասին, ԲՆ-ի՝ նախկինում մեզ տրամադրած թույլտվությունները ցույց են տալիս, որ Խաչատուրյանը կապիկներ արտահանելու թույլտվություններ է ստացել նաև 2017-ին: Փետրվարին նրան թույլատրել են արտահանել 32, իսկ սեպտեմբերին՝ ևս 28 կապիկ, բոլորը՝ վերցված բնությունից:

Այսպիսով, պետական մարմինները հստակ պատասխան չունեն, թե Էդուարդ Խաչատուրյանը քանի կապիկ է տեղափոխել Հայաստանից, ինչպես նաև տեղեկություն չունեն Ռուսաստանում հայտնված կենդանիների մասին, որոնք, լրատվամիջոցների պնդումների համաձայն, տեղափոխված են եղել Հայաստանից: «...Մինչ այժմ նախարարությունն ապօրինի առևտրի դեպքերի մասին հաղորդագրություն չի ստացել»,- հայտնում է բնապահպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ հետաքրքրված է «ապօրինի առևտրի հնարավոր դեպքերի բացահայտմամբ և համագործակցում է համապատասխան կառույցների հետ»:

Լուսանկարում պատկերված են վերվետ տեսակի կապիկներ / opencage.info


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ