HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիան ավելի լիբերալ է Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանը

Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում (կենտրոնակայանը՝ Ստամբուլ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանն ասում է, որ ՍԾՏՀ-ին անդամակցելը, ի թիվս այլ հարցերի, Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի մոտիկից շփվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

«Մենք ուղիղ կապ ունենք այդ երկրների հետ, բայց խոսքը ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ հարաբերությունների մասին է: Մենք պարզապես նրանց հետ շփվելու հնարավորություններ ունենք, ասենք, աշխատանքային խմբերի, արտգործնախարարների եւ այլ հանդիպումների ժամանակ»,- նշում է Մ. Վարդանյանը: Ըստ նրա՝ Թուրքիան Հայաստանի կողմից ներկայացված տարբեր նախագծերի քննարկումների, այլ հարցերի ժամանակ դրական է արտահայտվում: Նույնն էլ տեղի է ունենում մեր կողմից Թուրքիայի ծրագրերի ու առաջարկների քննարկմանը: Այնինչ Ադրբեջանի դիրքորոշումը մեր հանդեպ ավելի մերժողական է. «Սակայն նույն Ադրբեջանն, օրինակ, առողջապահության ոլորտի համաձայնագրի նախագծի վերաբերյալ վերջերս մի քանի կոնկրետ եւ դրական առաջակություն է ներկայացրել, որտեղ ոչ մի քաղաքական հարց չկա: Մենք դա ուղարկել ենք մեր առողջապահության նախարարություն, եւ այնտեղից մասնագետները տվել են դրական դիրքորոշում: Այսինքն՝ եթե դրական առաջարկներ են արվում, ինչու՞ չաջակցենք»:

1992-ին հիմնադրված եւ այսօր 12 անդամ ունեցող (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա) կազմակերպության երկրները, Վարդանյանի փոխանցմամբ, «փորձում են մեկը մյուսին ընդառաջ գնալ եւ բոլոր տնտեսական հարցերը քննարկել սեղանի շուրջ ու դրանով իսկ նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Սա ՍԾՏՀ-ի ընդհանուր բերակամական մթնոլորտն է»: ՀՀ մշտական ներկայացուցիչը կարեւորում է նաեւ այն, որ տնտեսական համագործակցությունը գոնե ինչ-որ չափով կարող է նպաստել քաղաքական հարցերի լուծմանը:  

Վերջին տարիներին Հայաստանից շատ փորձագետներ են մասնակցում նիստերին, ինչն ավելի է ակտիվացնում երկրի դերակատարությունը ՍԾՏՀ-ում ու նպաստում, որ մասնագետները ՀՀ դիրքորոշումները առաջ քաշեն կազմակերպության միջոցով: Մ. Վարդանյանը համաձայն չէ կարծիքին, թե մեր երկիրը սիմվոլիկ դերակատարում ունի կազմակերպությունում: Ասում է, որ վերջին տարիներին այստեղ մենք բավականին դրական արդյունքների ենք հասել, որոնք առաջին հայացքից կարող են այնքան էլ շոշափելի չթվալ, սակայն դա է կազմակերպության ներուժը:

ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամը, որը ֆինանսավորում է անդամ-երկրների կողմից ներկայացված ծրագրեր մի շարք ոլորտներում (տնտեսություն, առողջապահություն, բարձր տեխնոլոգիաներ, կրթություն եւն), ըստ Մ. Վարդանյանի, կյանքի է կոչել 16 ծրագիր, որոնցից 2-ին մասնակցել է նաեւ ՀՀ-ն: Սակայն վերջին տարիներին հենց Հայաստանը ներկայացրել է 5 ծրագիր, որոնցից տեխնոպարկերի համագործակցության խթանման մասին նախագիծն արդեն հավանության է արժանացել եւ կֆինանսավորվի մինչեւ այս տարեվերջ: Նախագծի հեղինակ հայկական «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը գործընկերներ է ձեռք բերել Ռումինիայից, Բուլղարիայից եւ Հունաստանից: Հայաստանի 5 նախագծերից մյուս 2-ը քննարկման փուլում են, 1-ն արդեն ներկայացել է քննարկման, մյուսն էլ պետք է ներկայացվի: ՍԾՏՀ-ում կա մեկ այլ հիմնադրամ եւս՝ Հունական զարգացման հիմնադրամը, որը ֆինանսավորում է հստակ ոլորտների նախագծեր: Հայաստանն առայժմ անմասն է դրանցից, սակայն Միքայել Վարդանյանն ասում է, որ գալիք տարվանից կներկայացվեն բարձրագույն տեխնոլոգիաների եւ տրանսպորտի վերաբերյալ ծրագրեր: Այս նախագծերից զատ՝ ՀՀ-ն իր ընտրությամբ մասնակցում է նաեւ մյուս անդամների ծրագրերին:

Կազմակերպության առավել խոշոր ծրագրերը երկուսն են՝ Սեւծովյան օղակաձեւ մայրուղին եւ Ծովային մայրուղիների զարգացման ծրագիրը: Առաջինով, մասնավորապես, նախատեսվում է Սեւ ծովի շուրջ ունենալ մի մայրուղի, որին կապված կլինեն բոլոր 12 անդամները: Հայաստանը որպես իր հատված ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհը: «Եթե հարցը հստակեցնենք, ապա կազմակերպությունը կզբաղվի Հյուսիս-հարավ մայրուղու որոշակի ֆինանսավորման հնարավորություններով: Այդ դեպքում ինչ-որ չափով կթեթեւանա նաեւ Հայաստանի հոգսը»,- ասում է Մ. Վարդանյանը:

ՍԾՏՀ-ի շրջանակներում գործում է նաեւ գործարար խորհուրդ, որտեղ ընդգրկված են 12 երկրների գործարար հատվածները: ՀՀ մշտական ներկայացուցիչն ասում է, թե խորհրդի բյուջեն չի համապատասխանում առկա ծրագրերին ու նպատակներին, սակայն խորհրդին, այնուամենայնիվ, հաջողվում է ծրագրեր իրականացնել, որոնց մի մասն այժմ ընթացքի մեջ է: Նա չի մեկնաբանում թուրք վերլուծաբանների կարծիքն առ այն, որ Հայաստանը Թուրքիայի համար տնտեսապես այնքան էլ հետաքրքիր եւ ներդրումների համար արդյունավետ երկիր չէ: «Այս կազմակերպության շրջանակներում մենք չունենք Թուրքիայի հետ քննարկելու երկկողմ հարցեր՝ ոչ տնտեսական, առավել եւս ոչ էլ քաղաքական,- շեշտում է Վարդանյանը,-մենք անում ենք հնարավորինը՝ այս կազմակերպության շրջանակներում մեկս մյուսին հասկանալու համար՝ մասնակցելով բազմակողմ ձեւաչափի հանդիպումների: Անում ենք այն, ինչը մեր լիազորություների շրջանակներում է: Դրանցից դուրս մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում եւ չենք պատրաստվում ձեռնարկել»:

Հարցին, թե 12 անդամների մեջ կա՞ն «ծանրքաշայիններ», Միքայել Վարդանյանը բացասական պատասխան է տալիս ու նշում, որ բոլորը հավասար են, եւ կապ չունի, որ կազմակերպության Կանոնադրության համաձայն Թուրքիան մուծում է տարեկան 250 հազար եվրո անդամավճար, իսկ Հայաստանը՝ 57 հազար: Ըստ նրա՝ դա որեւէ կերպ չի անդրադառնում ծրագրեր ներկայացնելու, դրանք հաստատելու, ֆինանսավորելու կամ ՍԾՏՀ-ում այլ գործառույթներ իրականացնելու՝ բոլորի համար հավասար իրավունքների վրա:  

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter