HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից դրամական փոխանցումները հունվարին կտրուկ աճել են

Այս տարվա հունվարին Հայաստանից բանկերի միջոցով ֆիզիկական անձանց արտերկիր ուղարկվող գումարները կտրուկ ավելացել են։ 

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալների՝ հունվարին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստանից արտերկիր են ուղարկել 74.3 մլն դոլարին համարժեք գումար։ 2017-ի նույն ամսվա համեմատ այս ցուցանիշը աճել է մոտ 32 մլն դոլարով կամ 74.3%-ով։

ԿԲ-ն ներկայացնում է, թե դեպի որ երկիր որքան է փոխանցվել։ Այս ցանկից պարզ է  դառնում, որ հունվարին առավել մեծ ծավալի գումար է փոխանցվել դեպի Ռուսաստան։ Սովորաբար, Հայաստանից ուղարկվող գումարների ամենամեծ մասը «հանգրվանում» են հենց Ռուսաստանում։ Այս հունվարին Ռուսաստան ուղարկվող գումարների ծավալն աճել է 11.7 մլն դոլարով՝ կազմելով 28.3 մլն դոլար։

Հաջորդ երկիրը, ուր Հայաստանից ֆիզիկական անձանց ուղարկած գումարների ծավալն առավել մեծ է, ԱՄՆ-ն է։  2017 թվականի հունվարի համեմատ այդ գումարների ծավալն աճել է 7.9 մլն դոլարով՝ կազմելով 13.6 մլն դոլար։

Ընդհանուրի մեջ նկատելի է նաև դեպի Չինաստան գումարների արտահոսքի աճը։ Հունվարին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից Չինաստան են ուղարկել  6.8 մլն դոլարի, աճը՝ 3.8 մլն դոլար։

«Այլ երկրներ» տողով գումարների արտահոսքը նույնպես էական է։ Այն ավելացել է  6.3 մլն դոլարով և կազմել 16.6 մլն դոլար։ Սակայն ԿԲ-ն չի մանրամասնում, թե որ երկրների մասին է խոսքը։

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական  անձանց դրամական փոխանցումներն ըստ երկրների

Ըստ կենտրոնական բանկի

Նշենք, որ 2017-ի տարեկան տվյալներով ևս Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարների ծավալն աճել է։ Կենտրոնական բանկին մի քանի անգամ խնդրել ենք մեկնաբանել, թե ինչ գործոններ են ազդում այդ աճի վրա, սակայն որևէ պարզ մեկնաբանություն չենք ստացել։

2018թ. հունվարին աճել է  նաև արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը, սակայն ոչ այն տեմպով, որքան Հայաստանից արտերկիր փոխանցումները։

Այսպես, ըստ Կենտրոնական բանկի՝ հունվարին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստան են փոխանցել 94.7 մլն դոլար՝ 10.3 մլն դոլարով կամ  12.3%-ով ավելին, քան 2017-ի հունվարին։ Ավելացել են ինչպես Ռուսաստանից ու ԱՄՆ-ից ստացվող գումարները, այնպես էլ՝ որոշ չափով Գերմանիայից ու Ֆրանսիայից։

Դրամական փոխանցումների վիճակագրության մեջ երբեմն առավել կարևորվում է նշված երկու ցուցանիշների՝ Հայաստան ուղարկված գումարների (ներհոսք) և Հայաստանից արտերկիր ուղարկված գումարների (արտահոսք) տարբերությունը՝ զուտ ներհոսքը։ Զուտ ներհոսքը ցույց է տալիս, թե դրամական փոխանցումների արդյունքում որքան գումար է մնացել երկրում։

Եվ քանի որ հունվարին արտահոսքը կտրուկ աճել է, իսկ ներհոսքի աճի տեմպերն ավելի թույլ է եղել, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը երկու անգամով կրճատվել է։ Այն կազմել է 20.3 մլն դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter