ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գյումրվա բաղնիքները «բացում են» գաղտնիքները


Ճապոնական օկոբո (փայտե կոշիկներ) հիշեցնող ոտնամանները, որոնք Գյումրի-Ալեքպոլում կանայք հագել են հասարակական բաղնիքում լողանալիս, միտված էին ոտքերը զերծ պահելու կեղտաջրերից ու սնկային հիվանդություններից: Դրանք պատրաստվում էին դիմացկուն փայտից, ըստ հավաստի տեղեկությունների, սովորաբար ընտրվում էր կաղնեփայտը: Փայտե դրվագազարդ ոտնամանը վկայում էր տիրոջ էսթետիկ ճաշակի մասին(ոչ բոլորն են հակված եղել «նալիկ» պատրաստողին պատվիրել այն նախշազարդել): Բաղնիքներում եղել են փայտե հասարակ ոտնամաններ, առանց նախշերի, որ տրամադրվել են ցանկացողներին: Օգտագործելուց հետո անպայման դրվել են քլորաջրի մեջ, հետո պարզաջրվել եւ չորացվել արեւի տակ: Դրանք նախազգուշական միջոցառումներ էին, որ պարտադիր կիրառվում էին հասարակական բաղնիքներում:

Բնիկ գյումրեցիների ընտանիքներում ավանդույթ է եղել բաղնիքի փայտե ոտնամանները մորից փոխանցել աղջկան` ամուսնական օժիտի միջոցով: Հենց այդ ավանդույթի շնորհիվ էլ Տիրատուրյանների տոհմում պահպանվել ու Հասմիկ Համբարձումյանին է փոխանցվել տատիկի մոր փայտե բաղնիքի դրվագազարդ «նալիկները»: Ոտնամանների տարիքը հասկանալու համար կատարած հետհաշվարկը մեզ հասցնում է 19-րդ դարավերջ: «Տատիս մորն են պատկանել: Մեր տոհմի կանայք սերնդեսերունդ փոխանցել են իրար, եւ հիմա դրանք ինձ մոտ են»,- ասում է Հասմիկ Համբարձումյանը՝ սեղանին դնելով փայտե նախշազարդ ոտնամանները:

Հրաշալիորեն պահպանված գյումրվա բաղնիքի «նալիկները» վերջին 40-50 տարին զրկվել են իրենց գործառնական նշանակությունից՝ բավարարվելով ընդամենը «տոհմական հիշողություն» կոչումով: «Դե արդեն կարելի է ասել, որ թանգարանային նմուշ են»,- Հասմիկը ժպտում է: Զրուցակիցս քչախոս է, մի փոքր էլ կաշկանդված: Մորաքրոջն օգնում է Լուիզան, ում վաղուց եմ ճանաչում, ու այդ փաստն առավել անկաշկանդ է դարձնում հանդիպումը:

«Ինձ փոքր ժամանակ մերոնք հետները բաղնիք տարել են: Սովորաբար գնում էինք էն բաղնիքը, որտեղ համարներ կային: Մի անգամ եմ միայն եղել «օբչի» բաղնիք: Կհիշեմ մեծ սրահը, որի մի կողմում ցնցուղներով անհատական տեղեր էին՝ առանց դռների, ընդամենը պատերով իրարից բաժանված: Կհիշեմ, որ սրահի մեջտեղում գուռն էր, ու միշտ էդ գուռի մոտ ազատ տեղ չկար, ու էդտեղ մշտապես թմբլիկ տատիկներ էին նստած ու մեծ բաժակներով շուտ-շուտ ջուր կլցնեին վրեքը,- ծիծաղելով հիշում է Լուիզա Պետրոսյան-Զաքեյանը,-ես նախանձով կմտածեի, թե կարո՞ղ է մի օր ազատ լինի, ես էլ գնամ նստեմ էդտեղ: Բայց չէ՜, իրանք պինդ-պինդ նստած էին ու ժամերով կլողնային»:

Գրեթե նույն նկարագիրը կարելի է գտնել Վազգեն Հարությունյանի հեղինակած Գյումրու ու նրա սովորույթների մասին փոքրիկ գրքույկում: Հեղինակը գրում է. «Սովորություն կար, որ հատկապես մեծ տարիքի կանայք բաղնիքում մնում էին 5-6 ժամ, լողանում տաք ջրով: Հաճախ սրտից թույլ կանայք ուշաթափվում էին: Չնայած դրան, շարունակում էին տաք ջրով լողանալ: Եվ պատահական չէ, որ ընդունված էր ասել. «Սրտիս էրթալուն մի աշե, դուն տաք-տաք չափե»:

Լուիզայի մանկական հիշողությունում դաջվել է Գեւոր աղին պատկանող բաղնիքի կանացի ընդհանուր սրահի փոքրիկ պատուհանը, որ սովորաբար ներսից կանայք փակում էին փայտի կտորով: «Փաստորեն էդ պատուհանից թաղի փոքր տղա երեխեքը սովորություն ունեին թաքուն նայելու: Կհիշեմ, էդ ժամանակ սրահում մի հատ սիրուն, սպիտակ կին կար, երկար սեւ մազերով, տեսավ, որ նայում են, կոնքերը շորորցնելով գնաց ու տախտակով փակեց պատուհանը,-Լուիզան ծիծաղում է՝ եւս մեկ անգամ վերապրելով մանկական տարիներից պահպանված գեղեցիկ հուշը,- ուղղակի մեջս տպավորվել է էդ պահը, էդ կնոջ գեղեցկությունը, շորորալով քայլելը»:

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկի հիշելով` խորհրդային տարիներին իրենք հաճախակի օգտվում էին Գորկու փողոցում գտնվող Գևոր աղայի եւ Աբովյան փողոցում գտնվող Տեր-Մարտիրոսյանին պատկանած «Ցենտրալնի» կոչվող հասարակական բաղնիքներից: «Կհիշեմ մաման ինձ ու քրոջս՝ Լուիզայի մամային, արագ-արագ կլողցներ կհաներ, մենք կնստեինք միրգ, թխվածք կուտեինք, մինչեւ իրանք էլ լողնային-ելնեին: Սովորաբար շաբաթ-կիրակի էր բաղնիք էրթալու օրերը, որ երկուշաբթի արդեն մաքուր դասի էրթայինք»,- պատմում է Հասմիկը:

20-րդ դարասկզբին եւս բաղնիք գնալու նախընտրելի օրերը շաբաթվա վերջին երկու ոչ աշխատանքային օրերն էին: Պարտադիր պայման էր հատկապես եկեղեցական տոների նախօրյակին բաղնիք այցելելը: Մինչեւ 5 տարեկան երեխաները Տեր-Մարտիրոսյանին պատկանող «Ցենտրալնի» բաղնիքում լողացել են անվճար, կանայք վճարել են 25 կոպեկ, ոչ ամուսնացյալ աղջիկները՝ 15 կոպեկ, տղամարդկանց համար 40-ից 60 կոպեկ գին է նախատեսված եղել: Գնացուցակը հրապարակվել է 20-րդ դարասկզբին լույս տեսնող տեղական թերթում:

Ըստ Վազգեն Հարությունյանի հրապարակած տեղեկությունների, բաղնիքներում եղել են քիսաչիներ, որոնք լողացրել են ցանկացողներին՝ ծառայության դիմաց ստանալով 20 կոպեկ վարձ: Հարուստ դասի կանանց լողացրել են «նաթրջիները», որպես վարձ ստանալով 50 կոպեկ: Բոլոր մասնավոր բաղնիքներում եղել է օճառվելու տեղ՝ կառուցված լողասենյակի կենտրոնում: Բացի ընդհանուր լողարանից եղել են առանձնացված փոքր սենյակներ, որտեղ մազակալած մարդիկ մարմնի մազերից ազատվելու համար հատուկ ցեխ են քսել:

լուսանկարը՝ Մկրտիչ Մանուկյանի անձնական արխիվից

Գյումրեցի Մկրտիչ Մանուկյանի 1985 թվականին սեփական հարսանիքից առաջ կազմակերպած հարսնաբաղնիքի ծեսին նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք: Պարզվում է, որ 20-րդ դարասկզբին, բացի հարսանքաբաղնքից եղել է նաեւ սգո բաղնիք հասկացություն: Այն կատարվել է հետեւյալ ձեւով: Ննջեցյալների թաղումից հետո քառասուն օր չէին լողանում, տղամարդիկ նաեւ չէին սափրվում: Երբ լրանում էր սգո օրը, հարազատները սգավորներին տանում էին բաղնիք, տղամարդկանց՝ նաեւ վարսավիրանոց: Խորհրդային տարիներին պահպանվել էր այս ամենից միայն տղամարդկանց չսափրվելու սովորույթը:

Պատմում են նաեւ, որ ամոթ է համարվել ամուսիններով միասին բաղնիք գնալ, լողանալը: Վահան Պետրոսյանը պատմում է մի զվարճալի պատմություն՝ կապված գյումրեցի հայտնի սրախոսներ Ջղեր Խաչիկի ու Չոփուռ Սուրենի հետ: «Ուրեմն Չոփուռ Սուրենը կնգա հետ բաղնիք կերթա լողնալու, 1960-ական թվերի բան կպատմեմ, էն ժամանակ «բաղնիքի բոխչա» հասկացություն էլ չկար, կաշվից սումկեքն էին մոդա՝ սակվոյաժները (саквояж), դրա մեջ կդնեին էղացածը: Հմի Չոփուռի ձեռը կեղնի սումկեն, հլը «Ցենտրալնի» բաղնիքի մոտ չհասած Ջղեր Խաչիկը կելնի դեմերը, սումկից կջոգե օր մարդ ու կնիկ բաղնիք կերթան: Սուրենը գլուխը կկախե՝ յանի չի տեսել: Ջղերը բարեւ կուդա, Սուրենը գլուխը կախ բարեւը կառնի: Ջղերը թե՝ էս ու՞ր կերթաք հարսի հետ, Սուրեն ջան: Սուրենն էլ թե՝ իբր չե՞ս տեսնի, ըշտը կերթանք բաղնիք: Ջղերը գուզե ընկերոջ հոգու հետ խաղա, կսէ.

-Կեղնի՞ ես էլ գամ հետներդ, Չոփուռ ջան

-Չե՞ս ամչընա, Խաչիկ, դու ու՞ր գաս

Ջղերն էլ ոչ կուդա, ոչ կառնի. «Հորս արեւ, տռուսիկով կլողնամ»:

Վահան Պետրոսյան

1980 թ.-ին Լենինականում նկարահանում են «Կտոր մը երկինք» ֆիլմը: Այդ տարիներին Վահան Պետրոսյանն աշխատել է ոստիկանական համակարգում: Գորկու փողոցում գտնվող Գևոր աղային պատկանող բաղնիքում որոշվում է նկարահանել տեսարան Անժելի դերակատարուհի Գալինա Բելյաեւայի մասնակցությամբ: Հատվածը նկարվել է, հետո ինչ-ինչ պատճառներով տեղ չի գտել ֆիլմում: «Բաղնիքի համարները գմբեթով էին, վերեւները լուսամուտ կար: Բելյաեւայի տեսարանը նկարելուց մենք էինք ընկել կրակը: Թաղն ինչքան տղա կար հավաքվել էր էդ լուսամուտների մոտ, դրանք գունավոր ներկած էին՝ քերել էին, օր ներսը լավ երեւա: Էս մի տեղից կքշեինք, կերթան մյուս լուսամուտի մոտ կհավաքվեին, ըդպես, մինչեւ նկարահանումը պրծավ»,- ծիծաղելով հիշում է զրուցակիցս:

«Տղոնցով օր կերթայինք բաղնիք շատ ուրախ կանցներ՝ դուշեվոյում(ցնցուղարան) մեկը կերգեր, մյուսը կսուլեր, էն մեկը անեկդոտ կպատմեր,- շարունակում է հիշողությունների կծիկը բացել Վահան Պետրոսյանը,- ամեն կիրակի մենք ընտանիքով պետք է գնայինք լողանալու: Առավոտ 6-ին կուգայինք «Ցենտրալնի» բաղնիքի համարների համար հերթ կկանգնեինք օր տան կանանց համար տոմս առնեինք: Տոմսերը կծախեին ժամը 9-ին, հետո արդեն էլ տոմս չկար համարների համար,  իսկ դուշեվոյի համար տեղում կառնեինք տոմսը: Կհիշեմ, հերթապահը լաչառ կնիկմ էր, նալիկները կտկտցնելով ման գուկար, ում ժամը լրացած եղավ, դռները կծեծեր ու բարձր ձենով կարտահայտվեր. «բոզեր, գողեր, հելեք, ժամը լրացավ»: Մենք արդեն կիմանայինք օր էսինչ համարն ելավ: Իսկ Գևոր աղայի բաղնիքում կոչվերգը «ժիվոյ օչերեդ»՝ էնտեղ կերթայիր, կմտնեիր հերթի մեջ, հենց հերթդ հասավ՝ մտի լողցի»:

«Ցենտրալնի» բաղնիքը Աբովյան ճեմափողոցում

Գյումրվա բաղնիքների փառքն ու անկումը տեսած զրուցակիցներս դրանց վերականգնումն իրատեսական չեն համարում, մանավանդ որ շենքերի սեփանակատերերը փոխել են դրանց գործառույթը՝ վերածելով հյուրանոցի ռեստորան-սրճարանի եւ այլն: «Հըմի ամեն մարդ իրա տունն իրա բաղնիքն էլ ունի, ցնցուղն էլ ունի, էլ բոխչա կապել չկա, ժամերով բաղնիք էրթալ չկա, իրականում ըդուր հավեսն էլ չկա, գումարած՝ սերունդն էլ փոխվել է,- նկատում է Վահան Պետրոսյանը,- հմի կարեւորը էդ շինությունները նախկին տեսքով պահպանելն է. կլողնան մեջ, թե հաց կուտեն, արդեն էական չէ»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (6)
1. Անդրանիկ08:13 - 1 ապրիլի, 2018
Ամեն անգամ հրաշքաշար նյութերդ ընթերցելիս առնում եմ Գյումրվա համն ու հոտը:
2. Երանուհի Սողոյան16:42 - 1 ապրիլի, 2018
Շնորհակալություն, հարգելի Անդրանիկ: Գյումրի-Ալեքպոլին նվիրված շարքը շարունակական է լինելու՝ սպասեք հաջորդ հոդվածին:
3. Կարինե21:03 - 1 ապրիլի, 2018
Հարգելի Երանուհի, նախ շնորհակալություն, հետո կգրե՞ք Գյումրիի Գուրջիևների մասին։ շատ բաներ են պատմում այդ մարդու մասին, բայց մի խելքը գլխին նյութ, տեղից սարքված, դեռ չեմ կարդացել։
4. Երանուհի Սողոյան11:05 - 2 ապրիլի, 2018
Հարգելի Կարինե, կաշխատեմ անդրադառնալ Գյուրջիեւին ու իր գործունեությանը հնարավորինս ամփոփ:
5. Անդրանիկ13:11 - 4 ապրիլի, 2018
Անշուշտ կսպասեմ ու ծով ակնածանքով: Ես տասնամյակներ շարունակ Ձեր գրչարվեստի մեծ երկրպագուն եմ:Ձեց անսահման ուժ ու կորով եմ ցանկանում:
6. Հասմիկ01:14 - 6 ապրիլի, 2018
Մորաքույրս էր ինձ երբեմն Գևոր աղի բաղնիք տանում։Դա մի աննկարագրելի արարողակարգ էր։Տևում էր կես օրից ավելի։Հիշում եմ ընդհանուր բաղնիքում կանայք ժամերով լողանում էին,հետո կռվում էին,թե քո ջուրը թափվեց իմ վրա կամ քո օճառի փրփուռը քսվեց ինձ.....Ջիգյարով կռվում էին ու ձայները արձագանքվում էր բաղնիքի խիտ գոլորշու մեջ։Չէի սիրում էդ բաղնիքները,բայց մի տեսակ կարոտով ու թախիծով եմ հիշում....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։