HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստծո անունից հալածվում էին տարբերվող կանայք

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

1985 տարի առաջ Հիսուսն ասաց, որ ինքը Աստծո որդին է, խոսեց Աստծո անունից ու ցանկացավ փոխել նախկին՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը: Բայց փարիսեցիները չհանդուրժեցին, որ մարդու տեսքով մեկն ինքն իրեն Մարդ-Աստված հռչակեց... ու խաչեցին: Բայց նա հաղթեց մահը՝ հարություն առավ: Մինչ օրս յուրաքանչյուրն ինքն է որոշում հավատալ, թե՝ ոչ: Ես հավատում եմ: Հավատն ավելի շատ զգայական դաշտում է...

Հիսուսին անվանում են Աստծո Որդի, բայց նաև՝ Մարդու Որդի: Մինչ նրա գալը, ասում էին, որ միայն ընտրյալներն են կարողանում հաղորդակցվել Աստծո հետ, իսկ նա՝ Հիսուսն, ըստ էության, ասաց, որ ինքն է Աստվածը: Մինչ այդ Աստծո հետ հաղորդակցվելու, Բարձրագույնին ներկայացնելու մենաշնորհը ստանձնած փարիսեցիներն իրենց համար այս ամենի վտանգավոր կողմը տեսան և հասկացան, որ ենթատեքստում ստացվում է հետևյալը. Մարդը իր խոսքով Աստված է ստեղծում, հետո մարդիկ կարողանում են սպանել անմահ Աստծուն, բայց 3 օր անց նա հարություն է առնում: Ինչո՞ւմ է այս ամենի խորհուրդը. միգուցե նրանում, որ Աստված հենց մարդու մեջ է: Չէ որ այսպես են ասում այլ համաշխարհային կրոններ, հավատամնքներ: Մարդ- Աստվածների գաղափարը նաև հին հույներին էր բնորոշ:

Յուրաքանչյուր պարագայում մոտ 2000 տարի առաջ Հիսուսին հաջողվեց փոխել աշխարհը: Նաև բնական էր, որ ուժեղ հակազդեցություն պիտի առաջանար նրա գաղափարների ու հենց նրա հանդեպ:

Միջին դարերի արդեն ժամանակակից «փարիսեցիները» Աստծո անունից խարույկի մեջ այրում էին, հալածում, օրինակ, այնպիսի գիտնականների, ինչպիսիք էին Ջորդանո Բրունոն, Նիկոլայ Կոպեռնիկոսը, Գալիլեո Գալիլեյը, այսինքն՝ լուսավորյալ մարդկանց, որ Մարդը անգետ մնա ու հեշտ կառավարվի: Բայց առավել շատ Աստծո անունից հոգևոր իշխանություն ունեցող տղամարդիկ հալածում էին կանանց... սկսվեց սուրբ ինկվիզիցիայի դարաշրջանը:

1645-ին անգլիացի կուսակրոն քահանա Մեթյու Հոպկինսը այլախոհների նկատմամբ մոտ 100 հազար ինկվիզիցիոն պրոցեսների հեղինակ է եղել, ասել է թե՝ ողջ կյանքը նվիրել է մարդկանց տանջելուն: Ընտրվում էին հատկապես տարբերվող՝ առաջադեմ ու հասարակական կարծրատիպերին չհամապատասխանող կանայք:

Ուշագրավ է Վյուցբուրգ քաղաքում եպիսկոպոս, ոմն Ֆիլիպ-Ադոլֆ ֆոն Էրենբերգի գործունեությունը: Նա խարույկի մեջ այրել է 209 կին ու աղջիկ: Նրա զոհերը եղել են այս կամ այն կերպ աչքի ընկնող աղջիկներն ու կանայք, օրինակ՝ գեղեցկությամբ, ինտելեկտով՝ օտար լեզուների տիրապետող: Եպիսկոպոսը կանանց մեղադրել է սատանայի հետ ունեցած կապի մեջ: 1663-ին նա այրել է տվել Ագնեսա Գենշեին միայն այն բանի համար, որ այդ կինը չի վախեցել սենյակ մտած սև կատվից, անգամ շոյել է նրան:

Սովորաբար մենք տեսնում և քննադատում ենք վաղ անցյալի երևույթները, բայց ոչ այդքան լավ ենք նկատում ներկայում մեր հասարակության մեջ գոյություն ունեցող  անհանդուրժողականությունը: Անշուշտ, մեր բոլորի համար նկատելի է պատմությունից մեզ հասած Հիսուսի յուրահատուկ մոտեցումը կանանց նկատմամբ: Սակայն ինչու ներկայիս մեր իրականության մեջ ոմանք անհանդուրժող են տարբերվող կանաց հանդեպ: Պատճառները նույն տեղում են կարծես՝ սիրո պակասի:

Օրինակ ռուսերենում Господь բառի արմատը Господин-ն է, այսինքն՝ պարոն, տեր: Մի տեղ կարդացել եմ, որ մեր Աստված բառը նշանակում է «այս տվածը», այսինքն՝ այն ինչ բնական է: Համոզված եմ, որ նույն կերպ բնական ու աստվածային է, երբ կինն ու տղամարդը սիրում են իրար, հակառակը՝ չսիրելն է անբնական:

... Կարմիր ձվեր՝ կյանքի և արյան խորհրդանիշ, գինի, ձուկ ու չամիչով փլավ. այս ամենը մեր՝ հայերիս համար գաղափարախոսություն է, հավատ, թե պարզապես սովորութային ուժ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter