HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ Դավիթ Մուրադյանի ձայնադարանից

Դավիթ Մուրադյանին մենք սովորաբար հանդիպում ենք առավելապես կինոյի տարածքում: Վերջին տարիներին զրույցների կամ քննարկումների թեման ընդգրկում է նաև կրթական ոլորտը, քանի որ այսօր նա ղեկավարում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Սակայն նրան ճանաչողները շատ լավ գիտեն, որ արվեստում կա ևս մեկ տարածք, որտեղ նա ոչ միայն հաճելի և գիտակ զրուցակից է, այլև՝ ինչ-որ առումով նաև մեկնաբան. հատկապես, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային մեծության մի անվան, ում նա համարում է իր ողջ կյանքի երաժշտական ուղեկիցը:

«Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքն այսօր ներկայացնում է գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ձայնադարանը:

« Փոքր երեխա էի, երևի ութ կամ ինը տարեկան, երբ մեր դաշնամուրը մեծ հանդիսավորությամբ եկավ մեր տուն ,-հիշում է Դավիթ Մուրադյանը,- Իրադարձություն էր, հարևանները շնորհավորում էին: Մորս երկարամյա երազանքն էր այդ դաշնամուրը: Հիշում եմ՝ շատերի նման մենք էլ լվացքի մեքենա դեռ չունեինք, և մայրս ձեռքով էր լվացքն անում, բայց դաշնամուր ունենալն իր համար առաջնահերթ էր: Նա դարձավ մեր ընտանիքի ևս մեկ անդամ, շնչավոր էակ: Էդպես դաշնամուրի հետ մեծացա, և մենք դարձանք ընկերներ: Նա իմ կյանքում շատ կարևոր դերակատարում է ունեցել»:

Այդ դաշնամուրը տարիներ անց շնչավորվեց և կենդանություն ստացավ նրա պիեսում, որը հետագայում բեմադրվեց երևանյան մի քանի թատրոններում, ապա՝ Հանրային ռադիոյի` ոչ վաղ անցյալի գանձարաններից մեկում՝ «Ռադիոթատրոն» ծրագրում:

«Հիմա այդ դաշնամուրը չկա այլևս, ես արդեն երկար ժամանակ նրա հետ չեմ զրուցում,  նրանով չեմ նվագում: Բայց երբեմն, երբ Ծաղկաձորում գրողների միության տուն եմ գնում, էնտեղ էլ մի հին դաշնամուր կա՝ որսում եմ այն պահերը, երբ գրեթե մարդ չկա և ինքս ինձ համար մի կես ժամ նվագում եմ»,- ասում է Դ. Մուրադյանը :


Լուսանկարը՝ Դ. Մուրադյանի արխիվից

Դ. Մուրադյանի երաժշտական նախասիրությունները գալիս են մանկությունից: Սկզբում դրանք հիմնականում պտտվում էին օպերայի և  բալետի աշխարհներում: Այդտեղից եկած հնչյունները ձևավորեցին և հիմք դարձան նրա երաժշտական ընկալումների, զգացողությունների համար, որոնց միջով արդեն տարիքային տարբեր փուլերում և տարբեր միջավայրերում նա հեշտությամբ գտնում էր իրենը, հավաքում և հավելում տան՝ առանց այդ էլ արդեն հարուստ հավաքածուին:

« Ձայնադարան ունեցել եմ իհարկե և մեր տանը այն կար դեռ ինձանից առաջ,- հիշում է նա,- մայրս և քույրս բալետի և օպերայի աշխարհի մարդիկ էին և, բնականաբար, նրանք ունեին դասական, օպերային երաժշտության տարբեր գործերի հավաքածուներ: Դրանք հիմնականում հին, մեծ ձայնապնակներ էին, որոնք հնչում էին պտտվող պատեֆոնի՝ հաճախակի փոխվող ասեղի տակից: Այդ երաժշտությունն անընդհատ մեր տանն էր, ուստի ես, ակամայից ունկնդիր էի դառնում՝ հայտնվելով նրա հնչյունների շրջապտույտում»:

Այդ կախարդական հնչյունների հավաքածուն տարիների ընթացքում նոր ու տարբեր աշխարհներ ընդգրկեց՝ բազմաժանր, բազմաոճ՝ տրամադրությունների կտրուկ փոփոխությամբ:

«Ես հատուկ Մոցարտ էի հավաքում, և իմ բարեկամներն ու ընկերները գիտեին դա, ուստի հաճախ նվիրում էին: Մոցարտն իմ ամենասիրելին էր, բայց հետագայում, իմ հավաքածուի գլխավոր  թեման, արդեն ամբողջ կյանքիս համար, դարձավ Շառլ Ազնավուրը: Բազմաթիվ ձայնապնակներ ունեմ, որոնք Սովետական  Միության սահմաններում չափազանց դժվար էր գտնել»:

Ազնավուրի թեման ու նրա երաժշտության հանդեպ սերը անընդհատ ուղեկցում է ողջ զրույցի ընթացքում, անգամ՝ երբ հիշում է նրա հետ բացարձակ առնչություն չունեցող պատմություններ, որովհետև «Ազնավուրն ուրիշ է»:

«Երաժշտասերների մեջ կա Ազնավուրի բերած սերունդը, որն իր պատանեկությունն ու երիտասարդությունը ապրեց նաև նրա երգերի հետ միաժամանակ,- ասում է Դ. Մուրադյանը,- թեպետ պետք է նշեմ, որ այդ շրջանը Երևանում զուգադիպեց նաև բիթլզյան էպոխային: Մենք երկար մազերով ու հոլիդեյ շալվարներով ջահելներ էինք, չնայած՝ այդ շալվարներով մեզ դպրոց չէին թողնում մտնել: Տուն էին ուղարկում, որ դրանք փոխենք ու «մարդավարի» հագնված հետ գնանք: Դրանք 60-ականներն էին: Իսկ այդ երաժշտությունը, որը փոխել էր մեզ, եկավ ոչ թե ռադիոներից, այլ դժվար ճարվող մագնիտոֆոններով, դեսից-դենից մի կերպ ձեռք բերված ժապավեններով, որոնք արտագրվում էին բազմաթիվ անգամ ու փոխանցվում միմյանց: «Բիթլզ», «Ռոլինգ Սթոունզ», «Բիչ Բոյզ», «Էնիմըլզ»… այս ամբողջը մեր կյանքն էր, այդ տարիների պատանեկության մեր պատուհանը դեպի բոլորովին այլ աշխարհ ու իրականություն»:

Այդ տարիների մասին հիշելով՝ պատմում է, որ շատ կարևոր էր մագնիտոֆոն ունեցողի դերը, որովհետև ամեն մեկը չուներ այդ հրաշքից: Նա, ում բախտ էր վիճակվում ունենալ, դառնում էր ընկերների ու այդ ընկերների ընկերների, հավանաբար նաև ողջ թաղամասի ու քաղաքի  հերոսներից մեկը: Կրկնակի հերոսություն էլ այդ երջանկությունից մյուսներին բաժին հանելն էր. ծանր ու դժվար տեղափոխվող թանկարժեք այդ հրաշքը տեղից տեղ  պետք է տարվեր՝ ամեն երեկոյի և ամեն երիտասարդական հավաքույթի ժամանակ:

«Ծանր, մեծ… էդ «կամետա» կոչվող մագնիտոֆոններն էին՝ սոցիալիստական  Գերմանիայի արտադրությամբ, որից ինձ նվիրեց քրոջս ամուսինը՝ 16 ամյակիս կապակցությամբ,- հիշում է Դավիթ Մուրադյանը,- դա ինձ մեծ առավելություն տվեց մեր շենքում, դասարանում, բայց նաև երբ միասին հավաքվում էինք, ես ստիպված այդ ծանրությունը քարշ էի տալիս այս կամ այն ընկերոջ տանը, ծննդյան կամ պարզապես ընկերական հավաքույթներին: Մենք դրա մեջ էինք, ապրում էինք այդ երաժշտությամբ»:

Իր բազմազան ձայնադարանի համար հինգ անուն ընտրելիս՝ նա առաջնորդվում է մանկությունից, երիտասարդությունից հնչող և հասուն տարիքում  իր կյանքում հաստատված «ձայների» հերթականությամբ՝ նախևառաջ առանձնացնելով այն, ինչն իր հայկական էության հետ է խոսում:

Այսպիսին է Դավիթ Մուրադյանի ձայնադարանը՝

1. «Կիլիկիա» (Հեղ.՝ Ն. Ռուսինյան) 

«Ամբողջ կյանքում իմ ամենասիրելի երգերից մեկը (որը նաև հայրս էր շատ սիրում և այդպես եկավ դեպի ինձ) «Կիլիկիան» է: Հայոց երգարվեստում մի քանի նման անուններ կան ինձ համար, ինչպես օրինակ՝ «Երազ»-ը (հեղ.՝Սմբատ Շահազիզ), բայց այս շարքի համար ես կառանձնացնեմ «Կիլիկիա» երգը: Ամբողջ այդ հողն ու հայրենիքը ասես այդ մի երգի մեջ է, մի քանի քառատողի մեջ: «Կիլիկիան» ինձ համար այն երգերից մեկն  է, որը միշտ կարող եմ լսել և որից երբեք չեմ ձանձրանում: Բազմաթիվ լավ կատարումներ կան, բայց պետք է շեշտեմ, որ այն, իմ կարծիքով,  տղամարդու երգ է,  տղամարդու ձայն է պահանջում»:

 2.  Ա. Խաչատրյան. « Սպարտակ»

«Իմ մանկությունն ինչ –որ առումով նաև բալետում է անցել, որտեղ մայրս էր: Այդ երաժշտությունն անընդհատ, իմ կամքից անկախ,  ներծծվում էր իմ մեջ: Դա և՛ հերոսական էր, և՛խորհրդավոր,  նաև՝ հինավուրց շնչառությամբ, թեպետ 20-րդ դարում էր ծնված: Պարտահական չէր, որ այդ երաժշտությունը գրեց Հռոմին հասակակից ժողովրդի կոմպոզիտորըը: Ընդհանուր հիշողություն կա այդ դարաշրջանի և  ժողովուրդների միջև»:

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Դավիթ Մուրադյանը նկարագրում է որպես մեծ, մոնումենտալ վեպ-երաժշտություն և ափսոսանքով նկատում, որ այն վաղուց արդեն չի հնչում ռադիոեթերից: « Իհարկե դժվար է հնչեցնել, չէ՞ որ այն երկար երաժշտական կտորներ ունի և դրանք գովազդով ընդմիջելու խնդիր կա: Բայց ցավալին այն է, որ այսօրվա ունկնդիրը զրկվում է այդ հարստությունից»,- ասում է նա:

3.     Վ. Բելինի. «Նորմա»

Իտալական հանրահայտ այս օպերան ևս Դ. Մուրադյանի հիշողության մեջ դրոշմված է մանկության տարիներից: «Հատկապես` կավատինան, որի ֆանտաստիկ կատարումներ կան»,- նշում է նա՝ թվարկելով աշխարհահռչակ անուններից մի քանիսը՝  Մարիա Կալլաս, Ջոան Սազերլենդ, Մոնսերատ Կաբալիե և ուրիշներ: Այս անունների կողքին նա հիշեցնում է նաև Գոհար Գասպարյանին, ում շնորհիվ աշխարհահռչակ այս օպերան բեմադրվեց նաև Հայաստանում: « Մեր թատրոնը երևի միակն էր ղջ Սովետական Միությունում, որտեղ «Նորմա» էր բեմադրվում, որովհետև ունեինք Գոհար Գասպարյան անկրկնելի երգչուհուն»:

Նորմայի դերերգի լավագույն կատարողներից մեկն էլ այսօր անկրկնելի Հասմիկ Պապյանն է:

4.     Ջ. Գերշվին

Պատանեկության և երիտասարդության տարիների երաժշտական մթնոլորտը նրանց տանում էր ռոքնռոլի, ապա նաև՝ ռոքի հետքերով: Այս ուղղության հիմնադիր ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող լեգենդար անունները, անշուշտ, շարունակում են մնալ ոչ միայն իրենց սերնդի, այլև մերօրյա երիտասարդության ուղեկիցները, ինչքան էլ փոխվեն նրանցից յուրաքանչյուրի տրամադրությունն ու երաժշտության հանդեպ զգացողությունները: Իսկ դրանք, ինչ խոսք, փոխվում են:

«Ավելի հասուն տարիքում արդեն տարված էի Գերշվինով,- ասում է Դ. Մուրադյանը,- Հատկապես՝ «Երկնագույն ռապսոդիայով»: Գրավում էր, հետաքրքիր էր՝ ակադեմիականի ու ջազի միջև իր նուրբ գոյությամբ»:


5.    
Շառլ Ազնավուր

Այս անունը, ինչպես արդեն նշեցինք, երաժշտության մեջ Դավիթ Մուրադյանի ամենամեծ ու ամենակարևոր ուղեկիցն է մինչ օրս:

«Երեք անգամ նրա հետ հանդիպելու բարեբախտություն եմ ունեցել,- ասում է նա,-1960-ականների սկզբին առաջին անգամ եկավ Հայաստան: Ոմանք միանգամից դարձան իրենը, ոմանք դեռ չէին հասկանում, թե ինչ է կատարվում. ի՞նչ էր անում այդ մարդը բեմի վրա, ինչպե՞ս էր երգում: Մինչդեռ՝ դա ազատությունն էր. արտիստը ոչ թե միայն կանգնեց ու երգեց, այլ ամբողջ բեմատարածքը  դարձրեց  թատրոն՝ երգելով: Կերպարներ խաղաց՝ երգելով: Եվ մի անպատկերացնելի էներգիա էր հորդում՝ ատոմային ռումբի պայթյուն (էդպես նրան անվանել են ժամանակին՝ էստրադայի ատոմային ռումբը): Նրա բոլոր երգերի երաժշտական հյուսվածքը դուրս էր այդ ժամանակաշրջանի կանոններից, ստանդարտներից, երգի կառույցից»:


Դ. Մուրադյանի արխիվից

Հիշում է, որ 60-70 ակա թթ. ողողված էին մեկը մյուսից գեղեցիկ երգերով: Դրանք, երաժշտասեր Դ. Մուրադյանի բնորոշմամբ, երաժշտության մեջ լիրիկական էստրադայի ժամանակներն էին: «Էդ հետո եկավ ֆիզիոլոգիականը»,- ասում է նա՝ ժամանակակից երաժշտանման խառնուրդին այդպես էլ հարմար որևէ բնորոշում չգտնելով: Հենց այստեղ և նման անհասկանալի ժամանակներում են նաև իբրև հակադրություն հնչում լեգենդար անունները, ում արվեստը ժամանակ և տարածություն չի ճանաչում: Շարունակելով անդրադառնալ Ազնավուրի մեծությանը՝ ասում է. «Այնուամենայնիվ, այդպիսի սիրո երգիչ 20-րդ դարը այդպես էլ չճանաչեց: Մեր ռադիոկայանները մի քանի երգ են նրանից ընտրել և մշտապես այդ երգերն են հնչեցրել եթերից: Բայց ավելի վաղ շրջանի շատ գեղեցիկ երգեր ունի, որոնք անհայտ են մնում իր ունկնդիրներին, այսօրվա երիտասարդությանը»:

Դավիթ Մուրադյանը համոզված է, որ երաժշտությունը տիեզերական արվեստ է,  և այս բնորոշումն առավել հաստատելու համար հիշեցնում է հեգելյան փիլիսոփայության մասին: «Հեգելը գտնում էր, որ Աստծո և Տիեզերքի հետ հարաբերվելու ամենակարճ ու ամենաուղիղ ճանապարհը երաժշտությունն է: Տիեզերական լինելով հանդերձ՝ նա շատ նման է իր հողին… քայլեք Մոցարտի ծննդավայրում՝ Զալցբուրգի փողոցներով և ձեզ կթվա, որ այդ քաղաքը արտագրված է Մոցարտի երաժշտությունից և ոչ թե հակառակը: Նույնը կզգաք, երբ քայլեք Վենետիկի փողոցներով: Երաժշտության քաղաքային մարմնացումն են դրանք»:

Լուսանկարները.՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter