HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանեկան բռնություն։ Բռնացողի եւ զոհի հոգեբանությունը

Ընտանեկան բռնությունը սովորաբար ընկալվում է որպես ֆիզիկական գործողություն, բայց շատ հաճախ դրան նախորդում կամ հաջորդում է հոգեբանական ճնշումը։ Խոսքով կամ հուզական արտահայտչաձեւերով հասցված վիրավորանքը՝ կոպտելը, ծաղրելը, անտեղի քննադատությունը ժամանակի ընթացքում առաջ են բերում ստրեսային վիճակ, ինչը կարող է ծնել հոգեկան ու ֆիզիկական մի շարք հիվանդություններ: Վիրավորանքն ավերում է անհատի արժանապատվությունը եւ կարող է հասցնել անգամ ինքնասպանության:

«Ծովինար» կանայք ընդդեմ բռնության ՀԿ նախագահ Աննա Հակոբյանն ասում է, թե մեկ անգամ կիրառված բռնությունը մտնում է շրջանաձեւ ցիկլի մեջ եւ եթե այն չկանխվի, կարող է դառնալ շարունակական:

Ծրագրի հոգեբան Կարինե Քոչարյանի կարծիքով պետք է կարողանալ տարբերակել առիթն ու պատճառը: Նա ասում է, թե շատ հաճախ կանայք սխալմամբ պատճառ են համարում կենցաղային մանուքները' ճաշն ուշացնելը, լվացքը չհասցնելն ու նման բաներ: Հոգեբանի կարծիքով սրանք առիթներ են, իսկ պատճառները պետք է փնտրել ավելի խորքում: Պատճառ կարող է լինել, օրինակ, տղամարդու չկայացած լինելը, ինքնահաստատման ձգումը, երբ նա իր տղամարդկությունը տեսնում է կնոջը կախվածության մեջ պահելու կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Շարունակելով հոգեբանի միտքը' Աննա Հակոբյանը գտնում է, որ բռնարարի գլխավոր հատկությունը իշխելու ցանկությունն է, որ նրա խոսքն ամեն տեղ պիտի անցնի, ոչ մի հարցում նա չի կարող նահանջել կամ պարտվել: «Բռնարարը չի ներում դա, կարող է հասնել մինչեւ սպանության եւ հետո արդարանալ, թե հասցրեցին:»։

Ծրագրի իրավաբան Լուսինե Մարտիրոսյանի կարծիքով, եթե տանը կա անհարգալի վերաբերմունք, կա բռնություն, ընտանիքն իբրեւ հասարակական կազմակերպվածքի ձեւ դադարում է գոյություն ունենալ:

Շատ կանայք հանուն ընտանիքի դիմանում են բռնություններին, չնկատելով սակայն, որ այդ համբերատարության մեջ ընտանիքը որպես կենսունակ օրգանիզմ մեռնում է: «Հելսինկյան ընկերակցություն» ՀԿ նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքով բռնության կանխարգելման եւ վերացման խնդիրը կարող է լուծել միայն զոհը: «Եթե նա չցանկանա լուծել այս հարցը, ոչ ոք նրան չի կարող օգնել' թեկուզ հիսուն հատ հասարակական կազմակերպություն ստեղծվի, հիսուն հատ ծրագիր իրականացվի, հիսուն փաստաբան գործեն: Առաջին քայլը պիտի զոհն անի։»:

Ծրագրի հոգեբան Կարինե Քոչարյանը կարեւորում է հասարակական նախաձեռնությունները, քանի որ Հայաստանի ներկա իրավիճակում կանանց մեծ մասը չի գիտակցում անգամ, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում: «Եթե կինը չի տեսնում, որ իր նկատմամբ բռնություն են գործադրում, եթե կինը դա չի ընկալում որպես բռնություն, ես դժվարանում եմ պատասխանել՝ դա բռնություն է, թե ոչ։»: Մի մասն էլ գիտակցում է, բայց հարմարվելով կարծում, թե այդպես էլ պետք է լինի:

Կարինե Քոչարյանի կարծիքով, թեեւ շատ չեն արտահայտված դեպքերը, բայց Հայաստանի բնակչության թվի համեմատ քիչ էլ չեն: Հոգեբանը զոհի վարքի երկու կարեւոր հատկանիշ է առանձնացնում' իմանալ եւ կարողանալ, եւ գտնում է, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են:

«Ծովինար» կանայք ընդդեմ բռնության ՀԿ նախագահ Աննա Հակոբյանն ասում է, որ իր վիճակը գիտակցող կինը շատ հաճախ չի կարողանում պաշտպանել ինքն իրեն, քանի որ ստիպված պիտի լինի դուրս գալ ավանդական մտածողությամբ զինված մի բանակի դեմ: Այդ բանակում ամուսնու ծնողներն են, հարզատները, շրջապատի մարդիկ, ովքեր համոզված են, որ կինը պարտավոր է դիմանալ:

Բռնությունների ենթարկվող կանայք իրենց անզորությունն ընդգծելու համար շատ հաճախ բազմաթիվ պատճառաբանություններ են բերում՝ հիմնականում նշելով ամուսնու բացասական հակումներն ու մոլությունները, որոնք հոգեբանի կարծիքով կնոջ խնդիրների շրջանակից դուրս են: Այս դեպքում պետք է անհատական աշխատանք կատարվի տղամարդու հետ, ինչը շատ հաճախ չի ստացվում' հասարակական բարենպաստ մթնոլորտի բացակայության պատճառով:

«Ծովինար» կանայք ընդդեմ բռնության ՀԿ նախագահ Աննա Հակոբյանը պատմում է, որ ծրագրի իրականացման ընթացքում իրենց երբեմն հաջողվել է հասնել նկատելի արդյունքների, եւ բոլոր դեպքերում առանցքային է եղել զոհի ինքնագիտակցությունը: Մոնիտորների աշխատանքը, հոգեբանի եւ իրավաբանի ջանքերը կարող են ոչինչ չնշանակել, եթե զոհն ինքը պատրաստ չէ իր ստացածն իրագործել կյանքում: Կինն, ում մասին պատմում էր Աննա Հակոբյանը ներընտանեկան փոխհարաբերությունների կանոնավորման եւ խաղաղության է հասել իր ապշեցուցիչ նրբանկատության շնորհիվ: «Ինքն արեց, մենք ոչինչ չարեցինք տվյալ դեպքում։»:

Ծրագրի մասնակիցները հիմնականում խոսում ենք կանանց մասին, սակայն Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը գտնում է, որ ընտանեկան բռնության զոհ լինում են նաեւ տղամարդիկ, իսկ ամենից շատ երեխաները։ Նրանց վիճակն ամենաբարդն է: Երեխաներն ուղղակի կամ անուղղակի դառնում են ընտանիքում տիրող անառողջ վիճակի զոհերը: Բացի այդ նրանք բռնության են ենթարկվում միանգամայն նորմալ ընտանիքներում, ուր հայրն ու մայրը գժտված չեն, ուր չկան բռնություն, ծեծ ու նման բաներ: Այդ ընտանիքներում հաճախ հայրն ու մայրն են ծեծում երեխաներին, բայց սա չգիտես ինչու բռնություն չի համարվում:

Հոգեբան Կարինե Քոչարյանի կարծիքով երեխաների նկատմամբ բռնության կիրառման դեպքերը բացահայտելը բավական բարդ է, գրեթե անհնար, քանի որ երեխան ինքը չի կարող գտնել համապատասխան ծառայությունները եւ դիմել նրանց:

Ընտանեկան բռնությանը վերջ կարող է լինել միայն այն դեպքում, եթե եւ զոհը, եւ բռնացողը գիտակցեն իրենց իրական վիճակն ու փորձեն փոխվելու ձեւեր գտնել։ Եթե չլինի սեփական վարքի ճանաչումն ու այն կառավարելու կամքը, հոգեբանական, իրավական կամ այլ միջոցառումները կձախողվեն։

Դայան Քալինեյն
USAID-ի քաղաքացիական հասարակության մասնագետ

Երբ 2 տարի առաջ Հայաստանում ես խոսում էի ընտանեկան բռնության մասին, ինձ ասում էին, թե այստեղ նման բան գոյություն չունի։ Նույնիսկ կարծիքներ հնչեցին, թե դա արհեստականորեն ներմուծվում է ԱՄՆ-ից։ Ընտանեկան բռնություն կա աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Հիմա արդեն կառավարությունն ընդունում է, որ Հայաստանում կան ընտանեկան բռնություններ եւ փորձում է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Հասարակության տարբեր խավերը պետք է ներգրավեն ընտանեկան բռնության վերացման գործում, բայց ամենակարեւորը՝ այդ կանայք, զոհերը, ովքեր ենթարկվել են բռնության, իրենք պետք է մտածեն դրա մասին։ Պարզ է, իհարկե, որ նրանց աջակցություն է պետք։

***

Երկրագնդի վրա կինը ոչ միայն երկրորդ կարգի էակ է համարվում, այլեւ իր ամուսնու, հոր կամ ցեղի սեփականությունը: Այս մասին են խոսում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի հերթական տարեկան զեկույցի նյութերը: Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1979 թվականին ընդունված կոնվենցիան վավերացրել են ՄԱԿ-ի անդամ 188 պետություններից 165-ը, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական: Վիճակը մտահոգիչ է հատկապես զարգացող երկրներում, ուր մինչ օրս պահպանվում են հնամենի սովորույթներ, զարգացած չէ առողջապահության եւ կրթության համակարգը, չեն գործում քաղաքացիական հասարակության հաստատությունները: Հատկապես այդ երկրներում են վտանգված կանանց ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ կյանքի եւ առողջության պահպանման իրավունքները:

***

«Միջազգային համաներում» կազմակերպության զեկույցում նկարագրված է աշխարհի տարբեր երկրներում կանանց նկատմամբ բռնությունների վիճակը: Բարեբախտաբար մեզ մոտ տեղ գտած դեպքերը խամրում են Աֆրիկայի եւ Ասիայի երկրներում տիրող վիճակի առջեւ: Այնտեղ կանանց վաճառում ու գնում են, սպանում եւ ամուսնացնում ինը տարեկանում: Ըստ այդ զեկույցի, կանանց 70 տոկոսը զոհվում է կենակցի ձեռքով: ԱՄՆ-ում կամ Եւրոպայում կանանց վիճակը նույնպես անմխիթար է։ Թեեւ այնքան ահավոր չէ, ինչպես Աֆրիկայում կամ Ասիայում, բայց տնային բռնություններն իրենց բոլոր դրսեւորումներով առկա են: Եւրոպայի Խորհրդի գնահատմամբ տնային բռնությունը 16-44 տարեկան կանանց մահվան կամ խեղման հիմնական պատճառներից է: Դրանից ավելի շատ կին է մահանում կամ հաշմվում, քան քաղցկեղից կամ վթարներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter